Իսկ քանի՞ հոգի միացավ ձեր կոչին աշխարհի կանանցից, տիկի՛ն Նաղդալյան

Իսկ քանի՞ հոգի միացավ ձեր կոչին աշխարհի կանանցից, տիկի՛ն Նաղդալյան

Մեծ միջոցառում է եղել, մեր նախատեսած 3000 մարդուց շատ ավելին է ներկա եղել, և էդ նախապատրաստական աշխատանքների ընթացքը մենք պլանավորել էինք 10 անց կես, բայց մարդիկ 10-ից սկսած՝ սկսել էին հավաքվել, որովհետև դուք պատկերացնում եք չէ՞, հուշահամալիր բարձրանալ տևում է բավականին ժամանակ, և 3000-ց ավել մարդու կուտակվելը էդտեղ տևում է բավականին ժամանակ, և էդ մարդիկ, ովքեր եկել էին հանրապետության տարբեր մարզերից, հեռավոր տեղերից՝ Ստեփանավանից, Կալինինոյից, Բերդից, էդ շաբաթ օորով, Զատիկին ընդառաջ, թողած իրենց գործերը՝ կանայք եկել էին էդտեղ և իրենք էլ էին հավատում, որ լավ բան են անում, աստվածահաճո բան էին անում, և էդ պահին որ իրար դիմավորում էին, ժպտում էին, դա ոչ բուն միջոցառումն էր, այլ նախապատրաստական ժամանակն էր, և հենց էդ ժամանակ էլ իրար քաջալերանքի խոսքեր էին ասում։
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն այսպես երկարաշունչ փորձեց ներկայացնել բացատրական մասը այն ամենի, ինչ տեղի էր ունեցել շաբաթ օրը Ծիծեռնակաբերդում ՀՀԿ-ական աշուրջ 3000 կանանց մասնակցությամբ, որը հասարակության կոմղից բուռն քննադատությունների արժանացավ՝ անվանվելով դա «խրախճանք», «փարթի», «տոնախմբություն» Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ։
Մինչդեռ, ըստ Նաղդալյանի, իրենք եկել էին այնտեղ՝ իրենց կոչը հնչեցնելու ամբողջ աշխարհի կանանց՝ միանալու Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե աշխարհի կանանցից քանի՞ հոգի միացան իրենց կոչին, Նաղդալյանը դժվարացավ պատասխանել․ «Չգիտեմ, տեսնենք»։
Իսկ այն, որ իրենց այդ խինդ ու ծիծաղը տեղի էր ունենում հենց հուշարձանի տարածքում, ոչ թե դրանից հեռու, Նաղդալյանը հերքեց՝ ասելով, որ դա հուշարձանից բավականին հեռու է եղել։ Մինդչեռ, նկատենք, որ լուսանկարներում այլ բան է երևում։



Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե իրենց այդ ծաղիկները, որ բարձրացրել էին ու թափահարում էին, ավելի շատ հարսանեկան արարողություն էին հիշեցնում, Նաղդալյանը կրկին չհամաձայնեց․ «Շատ իզուր ես էդպես կարծում, ծաղիկները որևէ հարսանեկան արարողության ձևաչափ չունեն սահմանված, ծաղիկներով ևս կարելի է ձեր դժգոհությունն ու ձեր պայքարը ընդդեմ ցեղասպանությունների ներկայացնել, ավելի հասարակ բան ասեմ, ծաղիկները խնդրեցի բարձրացնեն, որպեսզի համոզվեմ, որ բոլորը ծաղիկ ունեն»։



Hraparak.am-ի այն դիտարկմանը, թե այդ միջոցառմանը ներկա շատ ՀՀԿ-ական ուսուցիչներ մեզ հետ զրույցում դժգոհում էին, թե իրենց ստիպողաբար էին կանչել այդտեղ՝ չգալու դեպքում սպառնալով ազատել աշխատանքից, Նաղալյանն ասաց, որ նման բան չկա, դեռ մի բան էլ՝ նախատեսվածից ավելի շատ մարդ է եկել սեփական ցանկությամբ, ապա ավելացրեց, որ որևէ դպրոցի ուսուցիչ իր ենթական չէ, և ինքը որևէ լծակ չունի, որ պարտադրանքով Հայաստանի հեռավոր մարզեից բերի հասցնի Ծիծեռնակաբերդ։ Նաղդալյանի խոսքով, եթե դժգոհող կա, թող կանգնի ասի, որ ինքը չէր ուզում գալ այդտեղ, և իրեն ստիպողաբար են բերել։



Ըստ Նաղդալյանի՝ այս ամբողջ աղմուկը գալիս է նրանից, որ մարդիկ ունեն քաղաքական, կուսակցական, անձնական խնդիրներ պայքարի, հակադարվելու և այլն, բայց ինքն առաջարկում է ուրիշ թեմաներ գտնել։



Հ․Գ․ Նկատենք, որ այս դեպքում ոչ թե կոնկրետ մարդկանց կամ քաղաքական ուժերի, այլ ամբողջ հասարակության դժգոհության մասին է խոսքը, քանզի սոցիալական ցանցերում և բանավոր զրույցներում բոլորն էին քննադատում նրանց այդ արարքը՝ անկախ կուսակցական ու քաղաքական շահերից, եթե այդպիսիք կան։
Այդուհանդերձ, որքան էլ որ Նաղդալյանը բացատրեց, թե ինչ է և ինչու է տեղի ունեցել Ծիծեռնակաբերդում, այնտեղ արված լուսանկարները լրիվ այլ բան են փաստում ու ցուցադրում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ