ՀՀԿ տիկնայք դատի կտան իրենց անպատվողներին

ՀՀԿ տիկնայք դատի կտան իրենց անպատվողներին

Երկու օր է, ինչ ինտերնետ տիրույթի խոսակցության թեման պոռնոաստղ Քիմ Քարդաշյանի Հայաստան սպասվող այցն է եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀԿ-ական կանանց լուսանկարները: ՀՀԿ իգական սեռի իդեոլոգները շաբաթ օրը 3 հազար կանանցով բարձրացել էին Եղեռնի հուշահամալիր` թշնամուն ցույց տալու, որ իրենք միասնական են, իրենք դեմ են ցեղասպանությանը: Ուզում էին լավ բան անել, բայց ստացվեց ինչպես միշտ: Մինչդեռ հենց ՀՀԿ-ն է կոկորդ պատռում, թե Ցեղասպանության 100-ամյակը նուրբ թեմա է, եւ այն պետք չէ շահարկել: Մասնավորապես, նրանց մեղադրանքներն ուղղված են Ժիրայր Սեֆիլյանի «100-ամյակն առանց ռեժիմի» շարժմանը, որն ապրիլի 24-ին հեղափոխություն է նախատեսում, մինչդեռ «թուրքը դա կտեսնի ու կծիծաղի մեզ վրա»: Հիմա ՀՀԿ կանայք՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, ոչ միայն «թուրքին», այլեւ ողջ հանրությանը ցնցեցին: ՀՀԿ կանանց հրճվալից լուսանկարների տակ տեղադրված անպարկեշտ պիտակավորումները ցույց տվեցին, որ մարդկանց զայրույթին չափ ու սահման չկա:



Երեկ տեղեկացանք, որ վիրավորված տիկնայք քննարկման են դրել իրենց մասին արված կոլաժներն ու անպարկեշտ խոսքերը եւ որոշել են դատի տալ իրենց «անբարոյականի» պիտակ կպցնողներին: Սակայն տեղեկացանք նաեւ, որ նրանց այս պահանջը չի ողջունվել կուսակցական այրերի կողմից, քանի որ ապրիլի 24-ին ընդառաջ դատական գործընթացները կարող են բացասաբար ազդել երկրի իմիջի վրա: ՀՀԿ այրերը ՀՀԿ կանանց համոզել են, որ պատվի ու արժանապատվության հարցերը բարձրացնեն ավելի ուշ կամ մոռանան դրանց մասին` համարելով հանրության էմոցիոնալ պոռթկումներ: Կուսակցության վերնախավը համոզել է տիկնանց նախ պարզաբանումներով իրավիճակը խաղաղեցնել, արդարացնել, թե պահանջատեր լինելը դեռ չի նշանակում տխրադեմ ու ողբաձայն լինել: Որոշվել է, որ պարզաբանումների պարտականությունը դրվի դպրոցների տնօրենների վրա, ովքեր, կադրային կրճատումներով սպառնալով ուսուցիչներին, ստիպել են բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք: Ովքեր պարտադրել էին հարեւան-բարեկամներից՝ որտեղից հնարավոր է սեւ հագուստ, կոշիկ ճարել, որպեսզի շոուն լիարժեք լիներ:



ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից երեկ հետաքրքրվեցինք, թե քննարկե՞լ են արդյոք գործընկերուհիների վարքագիծը եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկելու: «Եթե մի հատ ժպիտով նկար են կարողացել գտնել այդ ամենի մեջ ու քննադատում են, բնականաբար, արդեն դա նորմալ չեմ համարում… եւ այնտեղ միջոցառումն անցկացրել են հավուր պատշաճի, եթե ինչ-որ մի նկար է եղել, որ ժպիտով է արվել… Բայց ո՞վ է ասում, որ մենք որպես պարտություն պետք է վերաբերվենք… ոչ թե լացով պետք է գրավենք ուշադրությունը, այլ հարկավոր է այդ լացից դուրս գանք, որպեսզի մեզ չխղճան»,-ասաց Բաղդասարյանը: Բայց խոսքը ողբալու մասին չէ, այլ զուսպ, առանց տեսարանների հարգանքի տուրք մատուցելու, ինչո՞ւ դա չի ստացվում ՀՀԿ-ի մոտ: «Միջոցառումը նորմալ է եղել, ես լրագրողներին էլ կոչ եմ անում, որ որեւէ մեկն անգամ փորձ չկատարի, որ մարդիկ ինչ-որ երկրների, մեր թշնամիները մեզ խղճահարությունով մոտենան… ինչ վերաբերում է երջանկությանը, չի եղել նման բան, դա լրատվական հնարք է կամ այլ վատ ցանկացողների: Մենք կոչ ենք անում, որ մեզ ավելի խրոխտ պահենք, որ մենք պահանջատեր ենք, ոչ թե խղճահարության առարկա»:



Հարցին, թե այս դեպքում ո՞վ ավելի շատ շահարկեց ու թուրքին ծիծաղեցրեց՝ 100-ամյակին ընդառաջ ռեժիմին գահընկեց անող Ժիրայր Սեֆիլյա՞նը, թե՞ իշխանության ներկայացուցիչները, Բաղդասարյանը նախընտրեց չպատասխանել: Իսկ լուսանկարների գլխավոր հերոսուհիներից մեկը` Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ, ՀԷԿ-երի Նաիրա Նահապետյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ներողություն խնդրելու իրենց ուղղված պահանջին, հայտարարեց. «Թող ներողություն խնդրեն նրանք, ովքեր անպարկեշտ խոսքեր են ասել 4 հազար կնոջ հասցեին, զինվորներ ունեցող մայրերի հասցեին, բոլորը պատասխան են տալու իրենց արտահայտությունների համար»: Իսկ ինչո՞ւ էին այդքան ուրախ հուշահամալիրում: Տիկինը պարզաբանեց. «Այդ լուսանկարներն արված են կազմակերպչական աշխատանքների փուլում, որը տեւել է ուղիղ մեկուկես ժամ, երբ բաժանում էինք ծաղիկները, անմոռուկները: Աննախադեպ քանակով եկել էին, մենք 3 հազար էինք պատկերացնում, բայց 4 հազարի էր հասել:



Շատերը միմյանց վաղուց չէին տեսել ու տեսնելուն պես ողջագուրվում էին, ժպտում: Բայց հուշահամալիրի մոտ չի եղել ժպիտ կամ ուրախություն: …Եթե իմանայինք, որ այսպիսի այլանդակ քոմենթներ կգնային, մենք կմտածեինք, որ թուրք լրագրողների դեմ ենք կանգնել, ու բոլորին կզգուշացնեինք, որ այդ կազմակերպչական գործընթացն ավելի մեղմ ու զուսպ անեինք: Ամենածանրագույն միջոցառումների ժամանակ, երբ նույնիսկ դիակ է դրված, մարդիկ իրար տեսնելիս էլի ժպտում են, ես չեմ հիշում մի թաղում, որ տնից մինչեւ հուղարկավորություն բոլորը գնան դեմքի նույն արտահայտությամբ: Էն բառերը, որ կարդացինք մեր հասցեին, դա ուղղակի անուղեղ մարդ կարող էր գրել, ես չէի տեսել հայ տղամարդկանց կողմից, որ կարող են իրենց հայրենակիցներին նման այլանդակ բառերով բնութագրել,-վրդովվեց Նահապետյանն ու շարունակեց:- Իսկ ինչո՞ւ չեն դրել այն վիդեոներն ու լուսանկարները, երբ նույնիսկ ձայն չկար ու ոչ մի ժպիտ: Չեմ կարծում, որ մեզ վիրավորողներն այդքան խելացի են, որ մեզ խելք պիտի սովորեցնեն, ես ուզում եմ ասեմ՝ այն մարդիկ, ովքեր որ անձնական վիրավորանքներ են հասցրել հանրապետական կանանց, մայրերին, նրանք պատասխան են տալու: Նրանց թվում կային կանայք, ովքեր զինվորներ են տվել բանակին, նրանք բժիշկներ ու ուսուցիչներ էին, մենք կհավաքվենք ու նրանց դատի կտանք, պետք է պատասխան տան իրենց անպարկեշտ բառերի համար»: