Քաղաքապետը խորհուրդ է տվել Ծիծեռնակաբերդ գնալու փոխարեն Աշտարակի ձորում քեֆ անել

Քաղաքապետը խորհուրդ է տվել Ծիծեռնակաբերդ գնալու փոխարեն Աշտարակի ձորում քեֆ անել

 Հանրապետական կանանց գնդի պատմական այցից եւ Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մոտ երջանիկ սելֆիներից հետո իշխանական օղակներում իրենց թույլ են տալիս բացահայտ զվարճանալ այս թեմայի վերաբերյալ: Hraparak.am-ին հայտնի է դարձել, որ Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը օրերս մարզի երկրորդ մանկապարտեզի վարիչին խորհուրդ է տվել Ծիծեռնակաբերդի հուշակոթող այցելելու փոխարեն գնալ Աշտարակի ձոր.« Ծիծեռնակաբերդ գնում եք, որ ինչ անեք, ավելի լավ է գնացեք Աշտարակի ձոր քեֆ արեք»,- գրեթե բառացիորեն ասել է քաղաքապետը,երբ վարիչը գնացել է քաղաքապետի մոտ եւ խնդրել է օժանդակել ու ավտոբուս հատկացնել, որպեսզի ապրիլի 24-ին կոլեկտիվով կարողանան Ծիծեռնակաբերդում իրենց հարգանքի տուրքը մատուցել: Պարզվում է նաեւ, որ քաղաքապետը ոչ միայն ընդամենը հումոր է արել,այլեւ հրաժարվել օժանդակելուց, քանի որ որոշել է այդ օրը նշել հարազատ քաղաքում՝ իր կողմից Եղեռնի զոհերի հիշատակին կառուցած հուշակոթողի մոտ:



Hraparak.am-ի հետ զրույցում քաղաքապետը այլ ուշագրավ հանգամանքներ էլ բացահայտեց, պարզվեց այստեղ էլ հետ չեն մնում Ցեղասպանության միջոցառումների մրցավազքից եւ նույնիսկ «միամսյակ» են հայտարարել: «Իհարկե, միջոցառումներ անում ենք ու սրտանց ենք անում, ինչ որ անում ենք: Մենք միամսյակ ունենք հայտարարած եւ հենց կոնկրետ այսօր մենք մշակույթի տանը՝ գրադարանում եւ արվեստի խմբակ ունենք՝ նկարչության, հենց նոր միջոցառումը պրծավ: Վաղը, մյուս օրը, մինչեւ ապրիլի 24-ը միջոցառումները շարունակվում են»: Մեր ճշտող հարցին՝ այսինքն ցեղասպանության միամսյակ եք



հայտարարել, քաղաքապետը պարզաբանեց.«Ոչ թե ցեղասպանության, այլ 100-ամյակին նվիրված միջոցառումների շարք»: Իսկ ապրիլի 24-ին Մեծամորո՞ւմ, թե Երեւանում ենք հարգանքի տուրք մատուցելու.«Ապրելի 24—ին մենք ունենք իմ օրոք, իմ շախատած տարիների օրոք դրված հուշաքար՝ 1915 թվականի զոհվածներին նվիրված եւ մենք ամսի 24-ին նորից ծաղիկներ ենք դնելու մեր քաղաքում եւ հիշելու մեր նահատակներին եւ հիշելու ենք ու պահանջելու»: Մեր հարցի ի պատասխան քաղաքապետն ասաց, որ եղել են կոլեկտիվներ, որոնք ցանկություն են դրսեւորել հարգանքի տուրք մատուցել մայրաքաղաքում.«Կա նման բան եւ եթե նման հարցեր են լինում, մենք օգնում ենք ու նույնիսկ դաժե միասին ենք գնում էդ միջացառումը կազմակերպում»: Գրիգորյանը չցանկացավ կոնկրետացնել, թե որ կոլեկտիվներն են նման ցանկություն դրսեւորել, իսկ երկրորդ մանկապարտեզի վարիչի հետ զրույցի մասին մեր տեղեկությունը, բնականաբար հերքեց.«Չէ, նման բան չի կարող լինել, որովհետեւ մենք մեր մանկապարտեզների կողքին ենք բոլոր հարցերում եւ չկա նման խնդիր, նման անհեթեթ բաների մասին չեմ ուզում զրուցել, վոբշեմ չշարունակենք»: