ԱԺ-ն միաձայն ընդունեց Ցեղասպանության մասին հայտարարության նախագիծն ու գնաց խորհրդակցության

ԱԺ-ն միաձայն ընդունեց Ցեղասպանության մասին հայտարարության նախագիծն ու գնաց խորհրդակցության

Քիչ առաջ մեկնարկեց և շատ արագ ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը։ Հիշեցնենք, պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել՝ ընդունելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը։ Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց․ «Նախքան հայտարարության նախագիծը քվեարկության դնելը, տեղեկացնեմ, որ հեղինակներն ընդունել են տեքստի խմբագրման որոշ առաջարկություններ»։
Գրանցվել էր 113 պատգամավոր։ Նախագիծը դրվեց քվեարկության և 113 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունվեց հայտարարության նախագիծը, որից հետո հնչեցին ծափահարություններ։



Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ քվեարկությունից հետո ինքը խորհրդակցություն է հրավիրելու պատգամավորների հետ՝ քննարկելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների մասնակցության հետ կապված հարցեր։ Նա նաև նշեց, որ սա զուտ աշխատանքային խորհրդակցություն է, որը լուսաբանման համար չէ։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ»



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝



- հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,



- արժևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,



- կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,



- երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ,
կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ