Ազնավուրը կարծում է, որ տխուր տարելիցը կնպաստի առաջընթացին

Ազնավուրը կարծում է, որ տխուր տարելիցը կնպաստի առաջընթացին

Շառլ Ազնավուրը հոդված է հրապարակել ֆրանսիական Le Monde պարբերականում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Աշխարհահռչակ շանսոնյեն իր հոդվածը վերնագրել է այսպես` «Հայոց ցեղասպանություն. 100 տարվա մենություն»: Դրանում նա խոսում է ոչ միայն Մեծ եղեռնի ողբերգության, այլեւ վերջին տարիների իրադարձությունների եւ այսօրվա Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին:
«Այո, ես այդ ժողովրդի մի մասնիկն եմ, որի զոհերը շիրիմներ չունեցան: Հայրս ու մայրս, որոնց հաջողվել էր խուսափել այդ փոթորկից, ապաստան գտան Ֆրանսիայում: Նույնը չեղավ այն մեկուկես միլիոն հայերի համար, որոնք սպանվեցին, մորթվեցին, տանջանքների ենթարկվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ»,- այսպես է իր հոդվածն սկսել Ազնավուրը:



Ֆրանսիական միջազգային ռադիոյի ռուսական ծառայության հաղորդմամբ` հայտնի երգիչը նշել է, որ ինքը չարացած չէ թուրք ժողովրդի հանդեպ, որովհետեւ թուրքերին անտեղյակության մեջ են դաստիարակել, եւ համոզված է, որ մի օր թուրք ժողովուրդն իր իշխանություններից պահանջելու է հաշվի նստել սեփական անցյալի հետ. «Ես գիտեմ, որ նրանք մի օր կբացեն աչքերը եւ կպահանջեն իրենց ղեկավարներից հաշիվ տալ իրենց ստի եւ սեփական պատմությունը չիմանալու համար»:



Հայոց ցեղասպանության «կիսաճանաչումը», Շառլ Ազնավուրի կարծիքով, բերում է լուրջ հետեւանքների: Նա նշում է հարյուր տարվա վաղեմության եւ վերջին տարիների փաստերը. Թուրքիայի հրաժարումը՝ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, եւ դրա շաղկապումը ղարաբաղյան հարցի հետ, իսլամիստների հարձակումը Սիրիայի հայաբնակ Քեսաբի վրա, «որտեղ ամեն ինչ մատնանշում է, որ այդ գործողությունները չէին կարող կատարվել առանց Անկարայի թույլտվության», Դեյր Էլ-Զորի հայկական եկեղեցու ավերումը: Ազնավուրն անդրադառնում է նաեւ արեւելյան քրիստոնյաների սպանություններին, եզդիների ողբերգությանը. «Այդ ամենը կապված է հայերի ցեղասպանության հետ, անպատժելիությունը վատ օրինակ է ծառայում»:



Իր մասին շանսոնյեն համեստորեն ասում է, որ իրեն իրավունք չի վերապահում դասեր տալու որեւէ մեկին, եւ հարցն էլ Թուրքիայի մեղքը մատնանշելը չէ: «Բայց հանգուցյալներն անպաշտպան են, նրանց հիշատակն ու արժանապատվությունը հարգելը ողջերի գործն է: Որպեսզի նրանց ողբերգության ժխտումը չսպանի նրանց երկրորդ անգամ»:
Ազնավուրը հիշում է երկրորդ համաշխարհայինի տարիները, երբ իր ծնողների տանը հավաքվում էին Դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանն ու ընկերները: Նա մեջբերում է գնդակահարությունից առաջ կնոջը գրած Մանուշյանի վերջին նամակի տողերը. «Ես մեռնում եմ առանց գերմանացի ժողովրդի հանդեպ ատելության»:
Հոդվածագիրը դառնությամբ արձանագրում է, որ 1915 թվականից մինչ օրս քիչ բան է փոխվել:



Մեջբերելով Բերտոլդ Բրեխտի խոսքերը` նա ասում է Թուրքիայի իշխանությունների մասին. «100 տարի անց արգանդը, որտեղից դուրս է եկել վայրագ գազանը, դեռեւս բեղմնավոր է»:
Շառլ Ազնավուրը քննադատում է նաեւ մեծ տերություններին, որոնք սովոր են «բարոյականությունը ենթարկել սեփական շահերին». «Նրանք են պատասխանատու, որ նման աղետները կրկնվում են նորից ու նորից: Մեր օրերում զենք վաճառողները դարձել են ադրբեջանական նավթային բռնատիրության լավագույն բարեկամները»:
Այդուհանդերձ, շանսոնյեն իր հոդվածը փորձում է ավարտել լավատեսական նոտայով, նշելով, որ, հարցումների համաձայն, 18-22 տարեկան թուրք երիտասարդների մոտ 33 տոկոսը, երկրում գործող տաբուի պայմաններում, դրական է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչումը:



«Կարդալով այդ հարցման մասին` ես լցվեցի ուրախությամբ: Նշանակում է հույս կա, որ մի օր աշխարհի այդ տարածաշրջանը նման կլինի Ազնավուրի ընտանիքին, որտեղ կան քրիստոնյաներ, հրեաներ եւ մահմեդականներ, եւ նրանցից յուրաքանչյուրին ես սիրում եմ հավասարապես: Ես սկսում եմ երազել, բայց մռայլ իրականությունն ինձ ամեն անգամ հիշեցնում է, որ շատ քիչ են ռեսուրսները՝ իրավիճակը փոխելու համար: Ցեղասպանության 100-ամյակը պատմության մեջ նշվելու է առաջին անգամ, եւ գուցե այդ տխուր տարելիցը նպաստի առաջընթացին: Կարծես թե հենց դրան էլ պիտի ծառայեն հիշողությունը ոգեկոչելու միջոցառումները»,- եզրափակում է Շառլ Ազնավուրը:



Արամ  ՍԱՐԳՍՅԱՆ