Պատվիրակությամբ մի գնահատեք հարաբերությունները

Պատվիրակությամբ մի գնահատեք հարաբերությունները

Քալբատոնո Մանանա, բարձր գնահատելով Ձեր մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին, այնուհանդերձ, մեզանում փոքր-ինչ դժվար են ընկալում, թե ինչու Վրաստանը ներկայացած չէ եթե ոչ նախագահի, ապա գոնե վարչապետի, ԱԺ ղեկավարի դեմքով` իհարկե, Ձեր հաճելի ուղեկցությամբ: «Գիտեք, ես հանդիսանում եմ հայ-վրացական խորհրդարանական խմբի ղեկավարը եւ կարծում եմ, որ բարեկամությունը չի գնահատվում Ձեր ասած չափորոշիչներով, որովհետեւ ինքս Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակն եմ, եւ եթե Դուք մտածում եք, որ փոխխոսնակը եւ հայ-վրացական բարեկամական խմբի ղեկավարն այն դեմքը չէ, որը կարող է ներկայացնել Վրաստանը, կարծում եմ` ճիշտ չեք»:



Նորից ու նորից գնահատելով Ձեր դիրքն ու պաշտոնը, այնուհանդերձ, բատոնո, ինձ, որպես Վրաստանը շատ սիրող ՀՀ քաղաքացու, փոքր-ինչ անհասկանալի է մեր հարեւան-բարեկամ, քրիստոնյա Վրաստանի մոտեցումը: «Նախ` Վրաստանն առաջիններից մեկն է, որ ընդունել է Հայոց ցեղասպանության թոհուբոհից մազապուրծ հայերին իր հարկի տակ, այնպես չէ՞, եւ ապա` խորհրդարանի նախագահ պարոն Ուսուպաշվիլին Ուկրաինայում էր պաշտոնական ացով, 2 ամիս առաջ նա, ես էլ իր հետ, շատ մեծ խմբով պաշտոնական այցով եկել էինք Հայաստան, շատ լավ այց էր, այնպես որ, կարծում եմ` որեւէ խնդիր այստեղ չկա: Երբեմն այսպես է լինում, երբեմն` այնպես: Ինձ հետ այսօր Հայաստան են եկել մեր խորհրդարանի պատգամավորները, վրաց եկեղեցու ներկայացուցիչները»:



Իսկ Գալիպոլի ո՞վ է մեկնելու: «Դե, այնտեղ էլ ոչ նախագահն է մեկնելու եւ ոչ էլ վարչապետը, պաշտպանության նախարարն է լինելու, միեւնույն է, կարծում եմ՝ այդ մոտեցմամբ չպետք է գնահատենք հարաբերությունները Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որովհետեւ այդ հարաբերությունները դարերից են գալիս, եւ դրանք անչափ բարեկամական, հարգալից եւ մշտակա են»,- ասաց Վրաստանի պառլամենտի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն: Իսկ ի՞նչ եք կարծում, եթե Սահակաշվիլին լիներ երկրի նախագահը, դարձյա՞լ այսպես կլիներ: «Օ՜, գիտեք, եթե անկեղծ, ապա ինձ առանձնապես չի հետաքրքրում, թե ինչպես կվարվեր Սահակաշվիլին»: