Արցախյան ընտրությունները՝ ՀՀ ձեռագրով. ճնշումներ, ուռճացված ցուցակներ

Արցախյան ընտրությունները՝ ՀՀ ձեռագրով. ճնշումներ, ուռճացված ցուցակներ

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի թոհուբոհի ստվերում են մնացել Արցախի խորհրդարանական ընտրությունները: Թերեւս այս հանգամանքն Արցախի իշխանությունների սրտով է՝ ոչինչ չի խանգարում, որ հրաժարվեն դեմոկրատական արժեքներից ու անկաշկանդ ընտրախախտումներ անեն: Դա սկսվում է նախ միակ հեռուստաընկերությունից, որը նախընտրական քարոզարշավը լուսաբանում է ըստ իշխանության հայեցողության, այն դեպքում, երբ հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակվում մի քանի ժամով: Գյուղերում ապրող ընտրողները զրկված են տեղեկատվություն ստանալու տարրական իրավունքից, իսկ ստացածն էլ օբյեկտիվ ու համակողմանի չէ: Այս մասին մեզ դժգոհում էին «Ազգային վերածնունդ» եւ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունների ներկայացուցիչները:



Ըստ նրանց տվյալների, նախընտրական քարոզարշավն ընթանում է անհավասար պայմաններում, ընտրախախտումներով, նաեւ՝ ճնշումներով: Նշենք, որ ընտրություններին մասնակցում է 7 կուսակցություն. իշխանական «Ազատ հայրենիք» (48 թեկնածու), Արցախի ժողովրդավարական (34 թեկնածու), Հայ հեղափոխական դաշնակցություն (34 թեկնածու), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունները (14 թեկնածու): Եվ ընդդիմադիր «Շարժում-88» (14 թեկնածու), «Ազգային վերածնունդ» (14 թեկնածու) կուսակցություններն ու վերջերս հիմնադրված «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը (6 թեկնածու), որն առաջադրվել է ընտրական գործընթացներում, այսպես ասած՝ վերահսկողական ֆունկցիա կատարելու նպատակով: «Ազգային վերածնունդ»-ի ղեկավար Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում իրենց քարոզարշավը.



«Պատճառաբանում են 100-ամյակի միջոցառումների կարեւորությամբ, թե դրանց են եթերը տրամադրում, մինչդեռ իշխանական կուսակցությունների քարոզարշավը լուսաբանվում է: Անհավասար պայմաններ են ստեղծվել: Վճարովի ու անվճար եթերի հետ խնդիր չկա, դա տրվում է, իսկ լուսաբանումն անհավասար է: Իշխանությունները գլխավոր շեշտը դրել են ինֆորմացիոն բլոկ անելու վրա: Շատ տեղերում չեն էլ իմանում այլ ուժերի մասին: Հանրայինի ազդեցությունը շատ մեծ է: Եթե առաջին օրերին էլ լուսաբանում էին, ապա՝ սխալներով, թերի»: Իսկ պատրաստվո՞ւմ են իրենց արձանագրած խախտումները վիճարկել դատարանում: «Իշխանություններից կախված դատարանում պայքարելն ապարդյուն է, համակարգի դեմ պետք է պայքարել ընտրական գործընթացները վերահսկելով»: ԱՎԿ-ի նախընտրական շտաբը նախօրեին ահազանգել էր անուղղակի ընտրակաշառքի մասին, որ այս օրերին ինչ-որ կազմակերպություններ, անհատներ քաղաքացիներին կենցաղային տեխնիկա են նվիրում:



«Սովորաբար Արցախում գտնվում են կազմակերպություններ, որոնք էդպիսի գործունեություն են ծավալում, թեեւ ընտրակաշառքի անվան տակ չեն տրվում, այլ որպես նվեր, բայց այնպիսի կազմակերպություններ են, որոնք պետական ֆինանսավորում են ստանում»: Օրեր առաջ էլ սպառնացել են այս կուսակցության շտաբի տարածքի սեփականատիրոջը, ով ճնշումների պատճառով հրաժարվել է տարածքը տրամադրել: «Իշխանությունները որեւէ խնդիր չունեն, ամեն ջանք գործադրում են վերարտադրվելու համար՝ կեղծելով ընտրությունները»,-ասաց մեր զրուցակիցը: Ընտրություններին քաղաքացիների վերաբերմունքի առնչությամբ էլ նշեց, որ Ստեփանակերտում է ակտիվություն նկատվում, իսկ շրջաններում պասիվ են, կան համայնքներ, որտեղ չեն էլ ճանաչում առաջադրված ուժերին: «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ, նախընտրական շտաբի ղեկավար Վարուժան Գաբրիելյանը մասամբ ներկայացրեց իրենց մոնիտորինգի արդյունքները՝ նշելով, որ դեռ ամբողջապես չեն ամփոփել:



Ըստ նրա, անգամ պաստառ փակցնելն է պատմություն եղել. «Մեր մտահոգությունն այն է, որ այն համայնքներում, որտեղ ռադիո ու հեռուստատեսային ծրագրեր չեն սփռվում, ու մարդիկ տեղեկացված լինելու խնդիր ունեն, չեն թույլատրել նախընտրական պաստառներ փակցնել: Համայնքի ղեկավարները շեշտում են, թե վարչական ռեսուրս չեն կիրառում, բայց գյուղերում ամեն ինչ ակնհայտ է: Օրինակ, այսօր Ասկերանում էինք, գյուղացիներն ասացին՝ գալիս նվերներ են բաժանում»: Թե ովքեր են, մեր զրուցակիցն առայժմ չի ասում: Հավաստիացնում է, որ իր աչքով է տեսել, թե ինչպես են իշխանական կուսակցություններն իրենց հանդիպումներին մարդկանց գյուղերից մեքենաներով բերում, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ունկնդրելու իշխանության խոստումները.



«Այս պահի դրությամբ ոչ պաշտոնական կոալիցիան՝ «Ազատ հայրենիք»-ը, Դաշնակցությունը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, իշխանական կուսակցություններ են, եւ բոլորն էլ իրենց իշխանական ռեսուրսներն օգտագործում են քվեներ հավաքելու նպատակով: Այսօր երեկոյան ես տեսա, թե ինչպես «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը, որն ԱԺ ղեկավարն է, իր ծառայողական մեքենայով ու աշխատակազմով մասնակցում էր ընտրողների հետ հանդիպմանը»: Վարուժան Գաբրիելյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ խախտումներ հայտնաբերել են նաեւ ընտրողների ցուցակներում. «Օրինակ, մեր գյուղի տան հասցեով երկուսի փոխարեն 5 հոգու անուն է գրված, իմ անձնական օրինակով նշեմ»: