Հայաստանից քշել են ռուսներին. Ժիրինովսկի

Հայաստանից քշել են ռուսներին. Ժիրինովսկի

Պետդումայում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման ժամանակ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին բավականին հետաքրքիր ելույթ ունեցավ, որի մեջ ճիշտն ու սխալը, ըստ մեզ, 50-50 էին: Նա իր ելույթի ավարտին, իհարկե, հայտարարեց, որ ԼԴ ֆրակցիան կողմ է քվեարկելու բանաձևին, բայց հընթացս հասցրեց նաև մի քանի խայտառակոթյուն հնչեցնել Հայաստանի մասին, ինչը կամ միտումնավոր արվեց, կամ արդյունք էր անտեղյակության: Կասեի՝ ռուսական մեծապետական անտեղյակության:



Ի մասնավորի՝ Վլադիմիր Վոլֆովիչը հայտարարեց, որ հայերը 1991-ին ռուսներին քշել են Հայաստանից: Եվ այս սուտը, որ հնչել է ՌԴ խորհրդարանում, ՀՀ ԱԺ-ի կողմից դեռևս որևէ վերաբերմունքի չի արժանացել: Համենայն դեպս, Գալուստ Սահակյանը, ով այս օրերին գերզբաղված էր, կամ չլսեց, կամ չլսելու տվեց մեր ստրատեգիական գործընկեր երկրի խորհրդարանում հնչած այդ խայտառակությունը: Այլապես կարելի էր հերքել Ժիրինովսկու հայտարարությունը՝ ասելով, որ եթե1991-1997 թվականներին, մի քանի հազար ռուս է հեռացել Հայաստանից, ապա մի քանի հարյուր հազար էլ հայ է արտագաղթել: Հետևաբար, խոսել ռուսներին Հայաստանից քշելու մասին, մեղմ ասած՝ էշություն է:



Ռուսներ հեռացել են նաև Ղարաբաղից: Եվ նույնիսկ Ղարաբաղից հեռացածների թվում նրանք գերակշռություն չեն կազմում, եթե հաշվի առնենք նաև հեռացած հայերին:



Վատ չէր լինի, իհարկե, ԽՍՀՄ-ով հպարտացող Ժիրինովսկուն բացատրել, թե ինչ վիճակում էին խորհրդային հանրապետությունները ԽՍՀՄ փլուզումից հետո և մասնավորապես Հայաստանն ու Ղարաբաղը, որ ստիպված էին կռվել ռուս-ադրբեջանական զորքերի և ՕՄՕՆ-ի դեմ: Հետաքրքիր է նաև, որ Ժիրինովսկին չի հիշում Սումգայիթը և Սումգայիթից փախած ռուսներին: Հակառակ դեպքում նա Հայաստանից արտագաղթած ռուսներին «Հայաստանից վտարված» չէր համարի:



Ժիրինովսկին իր ելույթում զարգացրել է նաև «եղբայրական ժողովուրդներ չեն լինում» միտքը և ռուսների ու ուկրաինացիների օրինակով, իբր, ապացուցել իր տեսակետը: «Տեղափոխեք Հայաստանը Ֆինլանդիայի կողմը և նա անմիջապես կանցնի ՆԱՏՕ»,- իրեն լսողներին վստահեցրել է Վոլֆովիչը և հավելել՝ ամեն ինչ կախված է Հայաստանի հարևաններից և աշխարհագրությունից:



Ճշմարտություն նրա ասածի մեջ կա, իհարկե: Մանավանդ երբ նա հիշում է ԽՍՀՄ-ի դերակատարությունը. «Բոլորը կափարիչի տակ էին և հաշտ ու խաղաղ ապրում էին, կափարիչը բարձրացավ՝ բոլորը ցրվեցին տարբեր կողմեր»: Մեզ մի ամբողջ հարյուրամյակ էլ չի բավականացնի Ժիրինովսկուն բացատրելու համար, որ այդ ԽՍՀՄ-ը ռուսական յուրահատուկ տիրապետություն էր, որ ի վերջո պետք է քանդվեր և ազգերը ազատություն ստանային: Բայց ինչ վերաբերում է «եղբայրական ժողովուրդներ չեն լինում» ձևակերպմանը, ապա Ժիրինովսկին խորապես սխալվում է: Իհարկե, պետությունների միջև հարաբերություններում միշտ էլ առաջին տեղում է քաղաքականությունը, բայց չի կարելի պնդել, որ բարեկամ ազգեր չկան և չեն կարող լինել: Այլ հարց է, երբ ազգերից մեկը իրեն է ենթարկում այլ ազգերի հայրենիքը և մի բան էլ պահանջում, որ այդ ազգերը իրեն բարեկամ համարեն: Այ սա արդեն աշխարհագրության հետ կապ չունի: Այս տեսանկյունից՝ Ռուսաստանը և Թուրքիան շատ նման են իրար և կայսրությունից այնքան էլ չեն տարբերվում: Գուցե հենց դա՞ է պատճառը, որ հատկապես Ռուսաստանն ու Թուրքիան ամենաքիչ բարեկամներն ունեն աշխարհում:



Ազգերի միջև բարեկամությունը հաստատվում է դարերով և ոչ թե խմած ժամանակ իրար տարածքներ նվիրելով: Ազգերի միջև բարեկամությունը արդարության, հավասարության, փոխըմբռնման, միմյանց հանդեպ հանդուրժողականության հետևանք է: Այդպիսի ազգերի շատ կարելի է թվարկել:



Ժիրինովսկին ճիշտ է մի հարցում՝ Ռուսաստանն իր հարաբերությունները հետխորհրդային հանրապետությունների հետ պետք է կառուցի քաղաքական հողի վրա: Բայց Ժիրինովսկին գիտի՞, որ դա առաջին հերթին նշանակում է ձեռնպահ մնալ ուժով այդ հանրապետություններին քաղաքականություն պարտադրելուց: Հասկանալի է, որ գերտերությունները ունեն աշխարհաքաղաքական շահեր, որոնց հետ փոքրերը, ստիպված, հաշվի են նստում: Բայց դա չի նշանակում, որ, օգտագործելով այս կամ այն երկրի աշխարհագրական դիրքը, գերտերությունը պետք է կուլ տա այդ երկիրը և հետո էլ բողոքի, որ իրեն ոչ ոք չի սիրում:



Մենք Ժիրինովսկուն կառաջարկեինք մի փոքր ուսումնասիրել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ սահմանակից Բելառուսի օրինակը: Թվում է՝ աշխարհագրական խնդիր չունի Բելառուսը, բայց ոչ դեպի ՆԱՏՕ է թռչում և ոչ էլ դեպի ԵՄ: Կարող ենք Ժիրինովսկուն հավատացնել՝ բավակեն է Ռուսաստանը նեղացնի այդ բարեկամ ժողովրդին, և նա էլ ուկրաինացիների նման թաշկինակը կթափահարի Մոսկվայի դեմքին՝ ցտեսություն: