Մանդատները բաժանեցին, մնացին պորտֆելները

Մանդատները բաժանեցին, մնացին պորտֆելները

Չնայած արտաքուստ խաղաղությանը, արցախյան ընտրություններում բուռն ներքին մրցակցություն է գնացել: «Ազատ հայրենիքն» ու Դաշնակցությունն ակտիվ են եղել, հետ չի մնացել նաեւ Հայկ Խանումյանի «Ազգային վերածնունդը»: ՀՅԴ Սյունիքի կառույցները, Գորիսի «ընկերները» ողջ օրն Արցախում «հոգի են տվել» հարազատ կուսակցության համար: Առաջին արդյունքներն էլ կեսգիշերին չեն հայտարարվել, որ հասկանան` վերջնական ինչ պատկեր են «ստանում», որովհետեւ տարբերությունը երկրորդ եւ երրորդ տեղերի միջեւ շատ չնչին է եղել, իսկ Հայկ Խանումյանի մասով մեկ ասում էին` կմտնի պառլամենտ, մեկ` ոչ: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա թե ղարաբաղյան, թե հայաստանյան իշխանությունները պատրաստակամ են ԼՂ ԱԺ նախագահի պոստը «վերապահել» ՀՅԴ-ին, սակայն ՀՅԴ-ն այլեւս հոգնել է կիսատ-պռատ իշխանությունից եւ հումանիտար պորտֆելներից: Ցանկանում է «լինել ծովերի թագուհի»` լուրջ պորտֆելներ ունենալ ՀՀ ֆինանսաէկոնոմիկ բլոկում եւ ոչ մի կերպ չի ցանկանում ԼՂ խորհրդարանում ղեկավարություն ստանձնել: Մյուս կողմից էլ` ԼՂՀ-ում Արթուր Աղաբեկյանին ՀՅԴ-ն փորձում է պատրաստել նախագահության, ընդ որում, ցանկացած հեռանկարի դեպքում ԼՂՀ-ն անցնի խորհրդարանական կառավարման, թե ոչ: Բանն այն է, որ այս ընտրություններում ՀՅԴ հաջողությունը հատկապես Աղաբեկյանին է վերագրվում, քանի որ նա մինչ ընտրությունները խոստացել էր ԼՂՀ ԱԺ 30 տոկոսից պակաս գրավելու դեպքում հրաժարական տալ: Ի դեպ, արցախյան իշխանությունները կանխատեսել էին ՀՅԴ-ի երկրորդ հորիզոնականն զբաղեցնելու հնարավորությունը եւ նեղ միջավայրում ասում էին՝ չի բացառվում, որ այս անգամ էլ ԼՂ խորհրդարանը ղեկավարի Աշոտ Ղուլյանը. «Քանզի կադրերի խնդիր ունենք»: