Մեր ժամանակի հերոսը

Մեր ժամանակի հերոսը

«Միշտ զգաստ լինել, որսալ ամեն հայացք, ամեն մի բառի նշանակություն, կռահել հակառակորդի մտադրությունը, քանդել դավադրությունները, խաբված ձեւանալ եւ հանկարծ մի հարվածով խորտակել խորամանկություններից ու դիտավորություններից կառուցված ահագին եւ մեծ աշխատանքով ստեղծված ողջ շենքը,-ահա թե ինչն եմ ես կյանքն անվանում»։



Միխայիլ Լերմոնտով, «Մեր ժամանակի հերոսը»



 



«Ուրվագիծ» հաղորդաշարում տաքսու վարորդ Արման Գալստյանի խոսքի նմանօրինակ ազդեցությունը մի շարք կարեւոր բաների մասին է վկայում: Նույնիսկ ամենածայրահեղ «պռադվինուտիներն» են նրա մասին դրական խոսում:



Եվ ո՞րն էր Արմանի խոսքի գաղտնիքը: Ամենահետաքրքիրը՝ շատ շատերը շեշտում են նրա անսեթեւեթությունը, պարզությունը, ժողովրդականությունը, մտքի հստակությունը, ինֆորմատիվությունը (շեշտում են այն բաները, որոնք բացակա են իրենց մեջ): Թվացյալ պարզ բաներ են, չէ՞: Բայց դուրս եկավ, որ այդ պարզ թվացող բաների կարիքն այսօր ամենաշատն ունենք: Հայաստանում առկա խնդիրներից մեկի ու դրա հնարավոր լուծումների մասին ընդամենը մեկ ժամվա ընթացքում Արմանն այնքան բան ասեց, որ հաղորդումից հետո երեւի պետական ծառայողները, քաղաքական կուսակցության անդամները իրենց շուրթերն անզորությունից կծմծում էին:



Սա մի բան է նշանակում… Ընդհատակում, ծանր պայմանների մեջ ապրողը, տաքսու վարորդը, մեկը (իբր քյառթուն, ռաբիսը, փողոցի մարդը), ով ամեն օր պայքարում է ապրելու կամ գոյատեւելու համար, ահա այսօր միայն այդպիսի մարդն է, որ ամբողջովին տիրապետում է բովանդակ իրականությանը՝ զգալով այդ իրականության հնարավոր պարզագույն դրսեւորումները:



Իրականության նման զգացողությունն ապշանք ու հմայք է առաջացրել, որովհետեւ վաղուց է, ինչ ապրում ենք պարտադրված անհող, աբստրակտ, մետաֆիզիկական կաղապարի, հորինովի պղպջակի մեջ եւ երբ հանկարծ լսում ենք մի ձայն, որ հնչում է իրականության ճիշտ կենտրոնից, որը հենց ինքն է դառնում իրականություն, ոգեւորությունից տեղներս չենք գտնում, համաձայնում ենք նրա արտաբերած յուրաքանչյուր բառի ու դրած յուրաքանչյուր ստորակետի հետ: Վաղուց փնտրվող մեր ժամանակի հերոսը ոչ թե Արմանն է, այլ՝ նրա միջով ձայնող իրականությունը: