G7-ի դատավճիռը

G7-ի դատավճիռը

Երեկ Բավարական Ալպերում ավարտվեց Մեծ յոթնյակի գագաթնաժողովը: Չնայած համաշխարհային այլ խնդիրների հրատապությանը, գագաթնաժողովում անդրադարձ է եղել Ուկրաինայի ճգնաժամին եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Ինչպես եւ սպասելի էր, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից ոչ մեկը չի հանվի, որեւէ մեղմացում չի լինի այնքան, քանի դեռ Ռուսաստանը չի հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ չի հեռացել Ղրիմից: «Մենք վերստին դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի թերակղզու հակաօրինական բռնակցումը եւ վերահաստատում ենք այն չճանաչելու մեր քաղաքականությունը: …Մենք հիշեցնում ենք, որ պատժամիջոցների տեւողությունը հստակորեն կախված է Ռուսաստանի կողմից Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական կատարումից եւ Ուկրաինայի ինքնիշխանությունը հարգելուց: Պատժամիջոցները կարող են հանվել, երբ Ռուսաստանը կատարի նշյալ պարտավորությունները: Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք գործադրել հետագա սահմանափակումներ, որոնք Ռուսաստանին կհարկադրեն ավելի բարձր գին վճարել, եթե իր գործողությունները նման անհրաժեշտություն ստեղծեն»,- ամրագրվել է G7-ի Հռչակագրում: Սա սառը ցնցուղ է բոլոր նրանց համար, ովքեր պատրանքներ էին տածում, թե Մոսկվայի` Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերից հեռանալու դեպքում Ռուսաստանը կարող է ակնկալել պատժամիջոցների թեթեւացում: Ոչ, ասել են Մեծ յոթնյակի ղեկավարները: Այնքան, քանի դեռ Ռուսաստանը չի հեռանում ոչ միայն Ուկրաինայի հարավ-արեւելքից, այլեւ Ղրիմի թերակղզուց, պատժամիջոցները մնալու են ուժի մեջ: «Եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերանայվեն, ապա կվերանայվեն միայն խստացնելու առումով»,- Դոնալդ Տուսկի նախօրեի այս հայտարարությանն ըստ էության միացան G7-ի ղեկավարները:



 Լուսինե Պետրոսյան