Նոր մանրամասներ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից

Նոր մանրամասներ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Hraparak.am-ին նոր մանրամասներ է հաղորդել նախօրեին Սերժ Սարգսյանի ու Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ հանդիպում է կայացել նաեւ ԲՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ինչպես հայտնի է՝ ՕԵԿ-ը մասնագիտական հանձնաժողովին առաջարկների փաթեթ է ներկայացրել եւ երեկվա հանդիպման ընթացքում Բիշարյանի փոխանցմամբ քննարկումը ծավալվել է այդ առաջարկների շրջանակում․<<Քննարկման ընթացքում մեր առաջարկների վերաբերյալ առանձնապես դեմ կարծիքներ չեն եղել, առաջարկներն ուսումնասիրվում են, իսկ քննարկումը՝ շարունակվում>> ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը։
Քննարկումների ընթացքը ինչ է հուշում, կընդունեն, թե ոչ ՕԵԿ-ի առաջարկները մեր հարցին ՕԵԿ-ականնը պատասխանեց, թե այս պահին չի կարող ասել․<<Եթե մեր առաջարկները ընդունվեն ընդունվեն, չէ, մենք կողմ չենք լինի>>։Բիշարյանը հստակ պատասխան չուներ նաեւ հաջորդ հարցին՝ առաջարկներից մեկն անգամ եթե չընդունվի, ՕԵԿ-ը դեմ է լինելու բարեփոխումների գործընթացին,ասաց, որ դեռ չեն քննարկել նման հարց։ Օգոստոսին փաթեթը պետք է ներկայացվի ԱԺ-ին, իսկ ուշ աշնանը նախատեսվում է սահմանադրական հանրաքվե անցկացնել:ՕԵԿ-ը, հիշեցնենք, հինգ առանցքային առաջարկ է ներկայացրել։



Ստորեւ ներկայացնում ենք այդ առաջարկությունները.



1. Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ընդլայնել խորհրդարանի լիազորությունները` նախարարների, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց նշանակումը եւ կառավարության գործունեության վերահսկումը խորհրդարանական խողովակներով քննարկելու միջոցով:



2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական կառավարման պայմաններում վարչապետն է հանդիսանում գործադիր իշխանության ղեկավարը` քաղաքական մենիշխանության վտանգից խուսափելու համար բալանսավորել իշխանության թեւերը` (ի դեպ, այս գաղափարն արդեն դրված է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում) վերապահելով լիազորություններ ՀՀ նախագահին եւ ԱԺ նախագահին: ՀՀ նախագահի համար ամրագրել մի շարք լիազորություններ` ներառյալ պետության գլխի, գերագույն գլխավոր հրամանատարի, սահմանադրության ապահովման երաշխավորի` երկրի ներքին եւ արտաքին անվտանգության ապահովման, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում որոշակի լիազորություններ ամրագրելու միջոցով, իսկ ԱԺ նախագահի մասով ամրագրել մի շարք լիազորություններ` ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելու, խորհրդարանական դիվանագիտության ոլորտում լիազորություններ սահմանելու` ներառյալ միջազգային խորհրդարանական վեհաժողովներում ներկայացուցիչներ նշանակելու, միջխորհրդարանական պատգամավորական խմբեր, հանձնաժողովներ ձեւավորելու, ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու եւ այլն:



3. Իշխանության կայունությունն ու լեգիտիմությունն ապահովելու նպատակով նախատեսել հանրապետության նախագահի ընտրության եւ պաշտոնանկ անելու գործընթացների առավել պաշտպանված մեխանիզմներ, մասնավորապես` նախագահի համար նախատեսել ընտրության կարգ պատգամավորների 3/4-րդի մասնակցությամբ ինչպես արվում է բազմաթիվ խորհրդարանական երկրներում:
Վարչապետի եւ խորհրդարանի նախագահի քաղաքական լեգիտիմության բարձրացման նպատակով առաջարկվում է ընտրությունը կատարել խորհրդարանի անդամների 2/3 ձայներով, իսկ ԱԺ հանձնաժողովի նախագահներինը` ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Սա հնարավորություն կտա տարբերակում մտցնել պետության կառավարման գործում առանցքային դերակատարում ունեցող պաշտոնատար անձանց համար` ապահովելով լայն քաղաքական լեգիտիմություն: Նկատի ունենալով, որ խորհրդարանական կառավարման երկրներում նախագահ կարող է ընտրվել մեծամասնություն կազմող քաղաքական ուժի կամ ուժերի հավանությունը ստացած թեկնածուն` նախագահի երկրորդ անգամ անընդմեջ ընտրվելու իրավունքը պետք է պաշտպանվի, ինչպես դա իրականացվում է Հայաստանում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում: Որպես սահմանադրության երաշխավոր` նախագահի պաշտոնանկության գործընթացը նույնպես անհրաժեշտ է իրականացնել պաշտոնանկության դեպքերը եւ իրավական հիմքերը մատնանշելով, պատգամավորների 3/4–ի նախաձեռնությամբ` հարցը քննարկելով իրավասու սահմանադրական պատասխանատվության ինստիտուտի միջոցով:



4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ անդամ երկրներում եւ հատկապես խորհրդարանական կառավարման համակարգեր ունեցող պետություններում գործող ընտրական համակարգը համամասնական է, առաջարկում ենք նախատեսել հստակ մեխանիզմներ` անցնելու 100% համամասնական ընտրական համակարգին, իսկ քաղաքական շրջանակներում առկա մտահոգությունը փարատելու նպատակով (իբր համամասնական ընտրակարգը հնարավորություն չի ընձեռի մարզերից ընդգրկել պատգամավորներ), առաջարկվում է կուսակցական ընտրական ցուցակներում նախատեսել պարտադիր քվոտաներ մարզերից պատգամավորներ ներառելու համար: Ի դեպ, քվոտավորման նման կարգ կանանց եւ ազգային փոքրամասնությունների համար գործում է ինչպես Հայաստանում, այնպես էլ բազմաթիվ երկրներում:



5. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովրդավարական երկրների համար առանցքային նշանակություն ունի իշխանության երեք թեւերի` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների անկախ գործունեությունը` առաջարկում ենք սահմանադրորեն երաշխավորել այդ իրավունքի անխոչնդոտ իրականացումը: Միաժամանակ ապահովելու համար երկրի քաղաքական կայունությունը` իշխանության թեւերի միջեւ հնարավոր անհաղթահարելի տարաձայնությունների դեպքում սահմանել հանրապետության նախագահի` որպես հնարավոր ճգնաժամային իրավիճակներում արբիտր հանդիսանալու լիազորություններ, ինչպես նաեւ բարձրացնել Սահմանադրական դատարանի դերը նման դեպքերում: Այս համատեքստում սկզբունքային է դիտարկվում անկախ դատական համակարգ ձեւավորելու համար անհրաժեշտ սահմանադրաիրավական մեխանիզմների սահմանումը: