Գյուղը չթողնեք, թշնամուն չուրախացնեք

Գյուղը չթողնեք, թշնամուն չուրախացնեք

Շիրակի մարզի սահմանամերձ Խարկով գյուղ հասնելու համար անհրաժեշտ է 10 օր սպասել, թույլտվություն ստանալ, քանի որ սահմանը հսկում են ռուս դիրքապահները: Խարկովի բնակիչներին նման ճանապարհով հարազատ գյուղ մտնելու հանգամանքը հոգնեցրել է, եւ նրանցից շատերը կամ երկրից արտագաղթել են, կամ հեռացել գյուղից: Այցելելով Խարկով՝ մեր զարմանքն ավելի մեծ եղավ: Խարկովը, որ վերջերս անվանափոխվեց Նորշեն, ամբողջությամբ ամայի եւ քարուքանդ էր, գյուղում մարդ չկար: Գյուղը սահմանակից է Թուրքիային, եկեղեցին էլ, մյուս շինությունների նման, ավերվել է: Ի դեպ, գյուղն ամայացել ու քարուքանդ է եղել ոչ թե թուրքական «հարձակման» պատճառով, այլ մեր իշխանությունների անտարբերության եւ սոցիալական ծանր պայմանների: Իշխանությունները, փոխանակ խթանեն սահմանամերձ գյուղում բնակչության թվաքանակի ավելացմանը, նպաստել են քայքայմանը: Սակայն, որքան էլ տարօրինակ էր, քարուքանդ գյուղում մարդկային շունչ, այնուամենայնիվ, կար։ Գյուղի միակ բնակիչը Վահանդուխտ Վարդանյանն է, ում 80-ամյակը շուտով կբոլորի: Վահանդուխտը 5 երեխաների մայր է, սակայն դուստրերից ու որդիներից ոչ մեկն այսօր իր հետ չէ. բոլորը դրսում են:



Վահանդուխտ տատից տեղեկացանք, որ 52 տարի առաջ, երբ Հոկտեմբերյանից այս գյուղ հարս է եկել, գյուղում 90-ից ավելի տնտեսություն է եղել, ապրելու համար էլ բավականին նպաստավոր պայմաններ են եղել: Ամեն փլված տուն բնակիչ է ունեցել: Խոտն առատ է եղել, հացահատիկ են ցանել։ Խարկովը նույնիսկ յայլա է համարվել հարակից գյուղերի համար: Սակայն ժամանակի ընթացքում, բնակչության թվաքանակի կրճատմանը զուգահեռ, գյուղի դպրոցն է քայքայվել, դարձել է 4-ամյա: Շատերը տեղափոխվել են հենց երեխաների ուսման համար: Վահանդուխտ տատը ձանձրանալու ժամանակ չի ունենում։ Նա միայնակ տնտեսություն է վարում: Մեղուներ է պահում, այծ, ոչխար, խոզ: Միակ պակասը մարդկային շունչն է՝ շփումը: Մեզ հետ զրույցում նա պատմեց, թե ինչու մինչ այսօր չի լքել ամայի գյուղը. «Ամուսինս 2 տարի առաջ մահացավ, գերեզմանն այստեղ է, թողնել չեմ կարող, մի բան էլ կա․ սկեսուրս մահանալուց առաջ խնդրեց՝ թշնամուն չուրախացնեք: Ասում էր, որ ալյուր էլ չունենաք, թոնիր վառեք, որ ծուխ դուրս գա, թշնամին չիմանա, թե դատարկված տարածք է: Միեւնույն է՝ մի օր էլ ես եմ մահանալու, պիտի բերեն էստեղ թաղեն, էլ գնում եմ, ի՞նչ անեմ»:



Ի դեպ նշենք, որ այստեղ է թաղված գյուղի քահանան՝ Տեր Թադեւոսը, ով Արկադի Տեր-Թադեւոսյանի պապն է: Ցավալի է, սակայն փաստ, որ ազգային հերոսի պապական գյուղն այսօր անտեսված ու լքված է:



Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ