Նաիրիտցիների «պրեսսինգը» շարունակվում է

Նաիրիտցիների «պրեսսինգը» շարունակվում է

Այսօր գործադիրի հերթական հավաքը նիստերի դահլիճում անցնում էր «Նաիրիտի» աշխատողների ակնհայտ պրեսսինգի տակ։ «Ուղղակի չեմ հասկանում, թե որն է նրանց հավաքի և անհանգստության պատճառը», - տագնապեց վարչապետը դեռ մինչև նաիրիտցիների կառավարության շենք գալը։ Նա համարում է, որ կատարել է նրանց տված խոստումները։ «Նաիրիտցիներին» շատ են խոստումներով կերակրել, սակայն վարչապետը, հավանաբար, նկատի ուներ վերջին խոստումը՝ մինչև հուլիսի 15-ը նրանց աշխատավարձի գծով պարտքն ամբողջությամբ մարելը։ Ըստ Էներգետիկայի նախարարի, այն կազմում է մոտ 5 մլրդ 310 մլն դրամ, և ինքը կարող է մարել այն այսօր ևեթ, սակայն մի շարք աշխատակիցների կողմից դժգոհություններ են եղել: «Իմ, ինչպես նաև գործարանի բաժնետիրական տնօրենի անունով բողոք-դիմում են ներկայացրել՝ աշխատավարձի սխալ հաշվարկների հետ կապված: Այժմ ճշգրտումներ են կատարվում: Մի երկու օրում այդ աշխատանքները կավարտվեն», - հերթական խոստումը տվեց Երվանդ Զախարյանը, - աշխատակիցները պահանջում են վճարումները կատարեն միանգամից։ Միանգամից վճարելու համար իրենք մոտ 10-15 օր պետք է սպասեն։ Որպեսզի այդքան չսպասեն, յուրաքանյչյուր 0 դիմումից հետո, այդ մարդկանց վճարումը կատարվի, իսկ եթե կսպասեն, ապա կկատարենք ամսվա վերջում։ Չէ՝ կարող ենք հիմա կատարել»։ Նաիրիտցիներին, կարելի է ասել, ուղղակի վիրավորել էր նախարարի առաջարկը՝ պարտքերն աստիճանաբար ստանալու մասով։ «Այդ խնդիրն ինքը չի դրել։ Մենք ենք դրել, - ասում է նաիրիտցիների ցույցը «վարող», գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, - ասել ենք՝ եթե գումար ես տալիս ու չես կարողանում ամբողջությամբ բոլորինս շաբաթ օրը տալ, ոչինչ։ 4 տարի սպասել ենք, 10 օր էլ կսպասենք։ Նա ուզում է անել հետևյալը։ Այսօր հաշվի վրա կ՞ա երկու կամ 3 մլն գումար։ Ինքը ուզում է մի մասին այդ գումարը տա, որ այդ մասին մեջտեղից հանի։ Էլի մի 10 օր հետո կրկին մի մասին կտա, մեջտեղից կհանի։ Այստեղ կգա մի 10 հոգի մարդ։ Իսկ ով որ մնա, նրանց էլ հնարավոր է, որ  ընդհանրապես փող չտան»։Ըստ Անուշ Հարությունյանի, գումարն աստիճանաբար տալը նաիրիտցիների ցույցերը կոտրելու խորամանկ ձև է։ 



- ԱԱԾ տնօրենի ասածը ճի՞շտ է, որ հավաքվում եք, որովհետև կառավարության հանդեպ անվստահություն կա և որ մարդկանց երաշխիքներ են պետք։ 
- Գորիկ Հակոբյանը տարօրինակորեն ճիշտ բան է ասել։ Բայց ոչ միայն անվստահություն կա։ Իրենք որևէ խոսք չեն հարգում, որևէ պայման չեն կատարում։ Ինչ՞ու պետք է մեր ժողովուրդը հավատա իրեն։ Այսօր մենք իր հետ կհանդիպենք, բայց ես չեմ կարծում, որ էս ժողովուրդը չի գնա տուն։ 



Ժամը 14.00-ի մոտ ցուցարարների մի  մասը գնաց գործարան՝ տույժ ու տուգանքներից հրաժարվելու վերաբերյալ փաստաթղթերը ստորագրելու։ Մի խումբ մարդիկ մնացին կառավարության մոտ։