Փոխնախարար Արսեն Մկրտչյանին պետք է ազատել աշխատանքից որպես անտեղյակի

Փոխնախարար Արսեն Մկրտչյանին պետք է ազատել աշխատանքից որպես անտեղյակի

Սահմանադրության հրապարակված 7 գլուխների նախագծի նախնական տարբերակը այսօր հանրության ուշադրության կիզակետում է: Թվում է, կարծիքների և մեկնաբանությունների առատություն պետք է լինի։ Սրա փոխարեն պաշտոնյաներն ուրբաթախոս են դարձել։ Նրանց մեջ կան նույնիսկ մարդիկ, ինչպես արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, որոնք համարում են, որ հարցն այսօր արդիական չէ։ Նման անձինք այս, ինչպես և ցանկացած այլ թեմայով, ուղղակի սարսափում են կարծիք հայտնելուց։ Կառավարության նիստից հետո փոխնախարար Արսեն Մկրտչյանը ուղղակի չկարողացավ փախչել լրագրողնրից, և մեկ վարկյանում պաշարվեց տեսախցիկներով, ձայնագրիչներով և խոսափողներով։ Բայց պարտիզանի պես ոչ մի հարցի չպատասխանեց։ Նրա հերոսական դիմադրությունը և պատասխանները կարող են Գինեսի գրքում գրվել։ Հարցրին, թե ճիշտ է, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրությունն է։ Փոխանակ փոխնախարարն ասեր՝  ոչ, իհարկե, և որպես բարեխիղճ պաշտոնյա բացատրություն տար փաստաթղթի «բուն նպատակի» մասին, պատասխանեց․ «Յուրաքանչյուր ոք կարող է կարծիք ներկայացնել, դրանք կամփոփվեն ու կներկայացվեն մասնագիտական հանձնաժողովին»։ «Արդյո՞ք ծառացած խնդիրները հենց Սահմանադրությամբ պետք է լուծվեն, այն գեղեցիկ հոդվածներով, որոնք կյանքի են կոչվում», - հարցրեց «Գալա»-ն։ «Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության և այլնի մասին բազմաթիվ կարծիքներ լսվել են, և կարծում եմ, որ այս հարցը այսօր թերևս արդիական չէ», - նույն բանն ասաց Մկրտչյանը։ «Ա1 պլյուսը» հարցրեց, թե, ասում են, ժողովուրդը դուրս է մղված այս սահմանադրությունից ընդհանրապես։ Հակառակը հիմնավորելու, բացատրելու, թե ինչ կարևոր դեր է վերապահված ժողովրդին նոր Սահմանադրությամբ, որը նոր քայլ է դեպի դեմոկրատական հասարակություն, Մկրտչյանը ցանկությւոն չուներ։ Երկուս ստացող աշակերտի պես նա կարդաց նույն «շպարգալկան»․ «Նախագիծը, կրկրնվում եմ երրորդ անգամ, դրված է հանրային քննարկման և յուրաքանչյուր ոք կարող է կարծիք ներկայացնել դրա մասին։ Եթե դրված են հանրային քննարկման, ապա կարծիքները կամփոփվի և կներկայացվեն արդեն աշխատանքային խմբին»։ «Բայց ոչ մի անգամ հասարակության կարծիքը հաշվի չի առնվել, ի՞նչ երաշխիք կա, որ այս անգամ հաշվի կառնվի», - մոլեգնում էր լրագրողական ամբոխը, բայց մութ ամբոխին լուսավորելու փոխարեն Արոսեն Մկրտչյանը կարդաց նույն «շպոն»։ «Նախագծերը դրվում են հանրային քննարկման, որպեսզի կարծիքները հնչեն և կարծիքները քննարկվեն»։ Մեկը հանկարծ հիշեց օրվա բոցը՝ Հովհաննես Մանուկյանի հրաժարականը։ Մի տեսակ տխուր էր կառավարության նիստն առանց այդ գերազանցիկի, որն ամեն հինգշաբթի կառավարության անդամների «անթառամ» ականջները լցնում էր քրեական, քաղաքացիական, քրեակատարողական և այլ իրավունքներին վերաբերող որոշումների և այլ փաստաթղթերի բազմաշերտ նրբություններով։ «Նախարարը հրաժարական է տվել հենց սահմանադրական բարեփոխումների ֆոնին։ Ասում են, պատճառն այն էր, որ նրա կարծիքը հաշվի չի առնվել»։ «Ես տեղեկություններ չունեմ», - ասաց Ասեն Մկրտչյանը։ «Իսկ ինչ՞ու Մանուկյանը հրաժարական տվեց», - հարց։ «Տեղեկություն չունեմ» - պատասխան։ «Իսկ ի՞նչ տեղեկություններ ունեք»։ «Չունեմ տեղեկություններ»։ Անտեղյակության նման հավաստիքներ ստանալուց հետո լրագրողները ձեռք քաշեցին Արսեն Մկրտչյանից։