Բայց ո՞վ է ասել, որ Հանրապետականը միշտ պետք է լինի իշխանություն

Բայց ո՞վ է ասել, որ Հանրապետականը միշտ պետք է լինի իշխանություն

Հանրապետական կուսակցությունը հուլիսի 16-ի նիստում քննարկել է Սահմանադրության յոթ գլուխները։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշում է, որ որոշակի թյուրըմբռնում է եղել ընդդիմադիր որոշ գործընկերների մոտ, թե հնարավոր է առաջին եւ երկրորդ փուլի ընտրությունների արդյունքում Ազգային ժողովը ձեւավորվի ընդամենը 2 քաղաքական ուժից։ Այս ամենի պատասխանը, ըստ նրա, ՀՀԿ նիստում տրվել է՝ փարատելով բոլոր մտահոգությունները, որ առաջին փուլով նվազագույն շեմը հաղթահարած քաղաքական ուժերը պահպանելու են իրենց տեղերը, իսկ երկրորդ փուլն անցկացվելու է, որպեսզի առավելագույն ձայներ հավաքած երկու ուժեր պայքարեն քաղաքական մեծամասնություն ձեւավորելու համար։ ՀՀԿ-ում եղե՞լ են դեմ արտահայտվողներ փաստաթղթին կամ առանձին կետերի։ Պարզվեց՝ ոչ։ Բաղդասարյանն իր խոսքում մի քանի անգամ ընդգծեց, որ սա իրենց համար կենսական խնդիր չէ՝ գնալ սահմանադրական փոփոխությունների, ժողովուրդը դեմ կարտահայտվի հանրաքվեով, իրենք կշարունակեն աշխատել գործող Սահմանադրությամբ։



«Կան տարբեր կարծիքներ, ես ունեմ նաեւ իմ անձնական կարծիքը․ այսօր, այս իրավիճակի հետ կապված՝ ո՞րն է ճիշտ, նախագահակա՞նը, կիսանախագահակա՞նը, թե՞ պառլամենտականը։ Բայց միանշանակ այն կարծիքին են բոլորը, որ մեր երկրի զարգացման ապագան պետք է լինի խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Դա կլինի այս սերունդը, թե հաջորդ սերունդը, որեւէ ժամանակ դրան մենք պետք է անցում կատարենք։ Այլ խնդիր է, որ մենք այսօր մեր մենթալիտետով պատրա՞ստ ենք խորհրդարանական համակարգին, թե՞ պատրաստ չենք»,- ասաց նա։ Իսկ պատրա՞ստ ենք։ «Եթե իմ անձնական կարծիքն ասեմ, ես ավելի կողմնակից եմ եղել 1995 թվականի Սահմանադրությանը։ Բայց ես նաեւ մտածում եմ, որ մենք դեռ լիովին՝ որպես ժողովրդավարական պետություն, կայացած երկիր, դեռ վերջնական չենք ձեւավորվել, իսկ այս Սահմանադրությունը, միանշանակ, կնպաստի ժողովրդավարության, կուսակցությունների կայացմանը»։



Բաղդասարյանը նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ին նիստում տվել է նաեւ հասարակությանը հուզող այն հարցի պատասխանը, թե արդյոք ինքը, բացի նախագահի եւ վարչապետի պաշտոնից, հավակնո՞ւմ է ԱԺ նախագահի պաշտոնին, թե՞ ոչ․ «Ինքը որեւէ ցանկություն չունի ո՛չ ԱԺ նախագահ, ո՛չ վարչապետ, ո՛չ էլ հանրապետության նախագահ դառնալու։ Ինքը նաեւ ասաց, որ այս ամենը միտված է երկրի ապագային, եւ ո՛չ Սերժ Սարգսյանի համար, ո՛չ Հանրապետականի համար կենաց ու մահու կռիվ չէ այս Սահմանադրությունը»։



- Իսկ քաղաքականության մեջ կմնա՞ Սերժ Սարգսյանը։



- Որեւէ մեկը չի կարող որեւէ անձի, դա կլինի այսօրվա նախագահ Սերժ Սարգսյանը, թե կլինի սովորական քաղաքացի, նրան ասել, որ դու հիմա պետք է որոշես՝ քաղաքականության մեջ մնալո՞ւ ես, թե՞ չէ։ Իսկ ինչո՞ւ չպետք է մնա քաղաքականության մեջ։ Վերջիվերջո, նա այսօր իշխող կուսակցության լիդերն է։



- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են թե՛ ժողովուրդը, թե՛ քաղաքական ուժերն այդպես սարսափով ընդունում այն փաստը, որ հնարավոր է Սերժ Սարգսյանը շարունակի մնալ քաղաքականության մեջ եւ զբաղեցնել երկրի բարձրագույն պաշտոններից որեւէ մեկը։



- Ես դա մեկնաբանեմ այսպես․ ընդհանուր առմամբ, ցանկացած ընդդիմադիրի, ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի, որը մեծ ցանկություն ունի ինչ-որ մի ճանապարհով՝ ինչ ճանապարհով էլ լինի, գա իշխանության, բնականաբար, նրանց ուժեղ լիդերներ ձեռք չեն տալիս, եւ այսօր նրանք գնահատում են Սերժ Սարգսյանի հնարավորություններն ու ուժը, որ նա կարողանում է իր թիմը միասնական պահել։ Նաեւ երկրորդը․ իրենք գնահատում են իրենց ռեսուրսները, որը չունեն, եւ հասկանում են, որ իրենք չեն կարող սահմանադրական ճանապարհով գան իշխանության։



- Բայց ժողովրդի տարբեր շերտերի մոտ էլ մտավախություն կա, որ ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը կարող են իշխանության մնալ։



- Ես ներողություն եմ խնդրում Ձեր այդ կարծիքի համար, երբ որ Դուք ասում եք՝ «ժողովուրդը», ես զարմանում եմ։ Վառ օրինակ եմ բերում Ձեզ՝ իշխանության գալու լավագույն ճանապարհն այն է, որ պետք է սկսել բուրգի ներքեւից, համայնքային ընտրություններից։ Որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ լուրջ թեկնածություն չի կարող ներկայացնել, որպեսզի հաղթանակ տանի համայնքներում, որից հետո գա համապետական ընտրությունների․․․



- Վստահության պակասի խնդիր կա, մտածում են՝ միեւնույն է, կեղծվելու են ընտրությունները, ու չեն մասնակցում։



- Ես նորից եմ կրկնում՝ այն կեղծիքների մեխանիզմն ու հոգեբանությունը, որ մտցրին 90-ականներին, այսօր արդեն հաղթահարված է։ Ու այսօր համայնքային ընտրությունների ժամանակ գոնե մեկ բողոք չի լինում, որովհետեւ այնքան թափանցիկ են այդ ընտրությունները կատարվում։



- Այս նոր Սահմանադրությամբ ապահովվո՞ւմ են լիարժեք թափանցիկ եւ առանց կեղծիքների ընտրությունների երաշխիքները։



- Նոր Սահմանադրության հայեցակարգը, որը ներկայացված է, սա դոգմա չէ։ Դեռ փոփոխություններ կարող են լինել, մեկ-երկու ամիս ժամանակ ունենք, եւ բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց ակտիվությունը ցուցաբերեն։ Եթե քաղաքական ուժերն ունեն այդ մտավախությունները, ապա պետք է Ընտրական օրենսգիրքը քննարկենք, իսկ Ընտրական օրենսգիրքը մենք պետք է այնպես անենք, որ լինի իդեալական, որպեսզի որեւէ մեկը չկարողանա մատնացույց անել, որ․․․



- Նույնիսկ Հանրապետակա՞նը։



- Նույնիսկ Հանրապետականը, որովհետեւ, վերջիվերջո, մենք հակված ենք նրան, որ ընտրությունները կեղծելու միջոցով իշխանության գալը բավականին վտանգավոր երեւույթ է։



- Այդ վտանգը Հանրապետականն իր մաշկի վրա զգալո՞վ է ասում։



- Ընդհանրապես, ամբողջ միջազգային հանրության, կառույցների ուշադրությունն ընտրությունների վրա է, եւ միջազգային հեղինակության խնդիր ունենք մենք։



- Այսինքն՝ զգացե՞լ եք այդ վտանգը ձեր մաշկի վրա։



- Ոչ, բացարձակապես նման տիպի երեւույթ մենք չենք տեսել, որովհետեւ այդ բողոքները, որ կան, ցանկացած պարտվող պետք է պատճառաբանի՝ ընտրությունները կեղծվեցին։ Մի հատ ասեք՝ էդ ո՞ր ընտրություններն են կեղծվել։



- Եթե նոր փոփոխված Սահմանադրությամբ անցում կատարենք կառավարման խորհրդարանական մոդելին ու 100 տոկոս համամասնական ընտրակարգին, եւ ՀՀԿ-ին չհաջողվի այս դեպքում նորից մեծամասնություն ձեւավորել ու դառնալ իշխող քաղաքական ուժ, Հանրապետականը չի՞ զղջա իր այս քայլի համար, որ նախաձեռնեց փոփոխությունները։



- Բայց ո՞վ է ասել, որ Հանրապետականը միշտ պետք է լինի իշխանություն։ Քաղաքական ուժերը նրա համար են, որ կարող են լինել ե՛ւ իշխանություն, ե՛ւ ընդդիմություն։ Հանրապետականը պատրաստ է նաեւ շատ առողջ ընդդիմություն ձեւավորելուն։



- Պարզապես Ձեր կուսակիցները մշտապես շեշտում էին, որ ի՞նչ վատ է, ցանկացած քաղաքական ուժ կարող է վերարտադրվել եւ պետք է ձգտի իշխանության։



- Եթե քաղաքական ուժը, որը գործում է քաղաքական դաշտում եւ նպատակ չունի մեծամասնություն ձեւավորելու, ինձ թվում է, որ այդ քաղաքական ուժերն իրավունք չունեն քաղաքական դաշտում գործունեություն ձեւավորելու, եւ նրանք սադրիչներ են։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ