«Օրանժի» շուրջ օղակը սեղմվում է

«Օրանժի» շուրջ օղակը սեղմվում է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարույթում է գտնվում Beeline-ի հայցն ընդդեմ «Օրանժ-Արմենիա» ընկերության։ «Հանձնաժողովն «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշի տերը) դիմումի հիման վրա հուլիսի 17-ին հարուցել է վարչական վարույթ: Օգոստոսի 3-ին երկու կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել Հանձնաժողովի նիստ՝ վարույթում առկա փաստական հանգամանքների քննարկման նպատակով: Այս պահին վարույթն ընթացքի մեջ է, Հանձնաժողովն զբաղվում է առկա տեղեկատվության, ինչպես նաեւ կողմերի ներկայացրած փաստարկների ուսումնասիրմամբ»,- հայտնեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը։ Հիշեցնենք, որ Beeline-ին դուր չի եկել ֆրանսիական օպերատորի հայտարարությունը Ռուսաստանում ռոումինգի ծառայությունների «լավագույն սակագնի» մասին, այն է՝ 29 դրամ 1 րոպեի համար։ Այդ հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր․ «Ռուսաստան մեկնելիս այլեւս ռուսական համար ձեռք բերելու կարիք չկա, քանի որ Ձեր Օրանժ համարով կարող եք վայելել ռոումինգի լավագույն 29 դրամ սակագինը «Օրանժ-Արմենիայի» եւ MegaFon-ի բաժանորդներին զանգելու եւ նրանցից զանգեր ստանալու, ինչպես նաեւ բջջային ինտերնետի համար»: Եթե լավագույն սակագին ասվածը նշանակում է ամենացածր սակագին, ուրեմն այս գովազդը կեղծ է, քանի որ Beeline-ն ունի «Կապի մեջ +» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանում, Վրաստանում եւ մի շարք այլ երկրներում ռոումինգում գտնվելիս հայաստանյան բոլոր օպերատորներից զանգեր ստանալ ընդամենը 24,9 դրամ/րոպե սակագնով: Ահա թե ինչու է «ԱրմենՏել»-ը բարկացել։ Ըստ Գայանե Սահակյանի, «ԱրմենՏել»-ը կարծում է, որ «Օրանժ-Արմենիա» ընկերության կողմից գովազդվող 29 դրամ/րոպե ռոումինգ ծառայության սակագինը որպես «լավագույն» բնութագրելը չի համապատասխանում իրականությանը եւ կարող է մոլորեցնել հեռահաղորդակցության շուկայի սպառողներին: «Գովազդի մասին օրենքն արգելում է օգտագործել «լավագույն», «միակ» եւ այլ նմանատիպ բառեր, եւ եթե դու դրանք օգտագործում ես, ապա պետք է փաստաթղթերով ապացուցես, որ լավագույնն ես ու միակն ես։ Օրինակ, պետք է համապատասխան սերտիֆիկատ ունենաս ընկերությունից։ Եթե ոչ, սա համարվում է անբարեխիղճ մրցակցություն, որը մոլորության մեջ է գցում հաճախորդներին եւ խանգարում է մրցակիցներին։ Այս դեպքում ոչինչ ասել առայժմ հնարավոր չէ, քանի որ վարույթը դեռ շարունակվում է»,- ասաց խոսնակը։ Ժամանակին ՏՄՊՊՀ-ն գովազդային հայտարարության մեջ «միակ» բառի օգտագործման համար տուգանել է «Հայր և որդի Մարտիրոսյաններ» ընկերությանը, որը չուներ սերտիֆիկատ, որով կապացուցվեր, որ միայն ինքն է ներմուծում տվյալ արտադրանքը։ Մրցակցային վեճերն ապացուցում են, որ մի քանի օպերատորների գոյությունը մեծ հաշվով սպառողի օգտին է, եւ «Օրանժ-Արմենիայի»՝ շուկայից հեռանալով տուժելու են բաժանորդները, քանի որ մրցակցային միջավայրը Հայաստանում, ամեն դեպքում, թուլանալու է։ Հիշեցնենք, որ ներկայում բաժանորդների թվով առաջին տեղում է «ՎիվաՍել»-ը, երկրորդ տեղում Beeline-ն է, իսկ «Օրանժ-Արմենիա»-ն բաժանորդով երրորդն է, առանց որի, թերեւս, հայաստանյան շուկայում ավելի տխուր է լինելու։



ՀԳ․ Հիշեցնենք, որ օրեր առաջ տված ասուլիսում «Օրանժ» եւ «Յուքոմ» ընկերությունները հայտարարեցին միաձուլման մասին, ավելի ստույգ հայտարարվեց, որ «Յուքոմը» գնում է «Օրանժը» եւ ընդլայնում իր գործունեության շրջանակները։