Սուրեն Խաչատրյանի որդին հոգեկան խնդիրներ չունի

Սուրեն Խաչատրյանի որդին հոգեկան խնդիրներ չունի

Կառավարության նիստի ավարտից մոտ մեկ ժամ անց շենքում անսպասելիորեն երևաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը։ Եկել էր վարչապետի մոտ, խոսելու հրդեհների մասին, որոնք իրենց մարզում հաճախակի են դարձել և մեծ վնասներ են հասցնում։ Մարզպետը դժկամությամբ համաձայնեց խոսել լրագրողների հետ և մի քանի կցկտուր պատասխան տվեց հարցերին։ Նա ժխտեց նախօրեին տարածված լուրը, թե իր որդին հոգեկան խնդիրներ ունի։ Իսկ այդ դեպքում ինչ՞ու էր հետաձգվել Տիգրան Խաչատրյանի  զինվորական ծառայությունը։ «Տարկետման իրավունքը նրա համար է, որ Տիգրանը բռնվելուց ցնցումների մեջ է եղել, այն ժամանակ, երբ երեք ամիս ձերբակալված էր: Դրանից հետո էլ դատաքննությունը գնում էր և չէին կարող զորակոչել: Ավարտվի դատաքննությունը, էս քննությունն էլ գնա, ընթացքի մասին բոլորիս էլ հայտնի կլինի»: Որդու ձեռբակալությունը նա անօրինական է համարում։ «Այդ ձերբակալումը անօրինական էր, ճիշտ չէր, որովհետև իսկապես ինքը տեղակ չէր: Ամեն դեպքում, ես խնդիր էլ չեմ տեսնում, քննությունը կգնա, իր արդար ճանապարհով և լուծում կստանա»: Սուրիկ Խաչատրյանը նաև հայտնեց լրագրողներին, որ չի պատրաստվում ուրախացնել նրանց և հրաժարական տալ։