Էդվարդ Նալբանդյանը «գործ է տվել» Հրանուշ Հակոբյանի դեմ

Էդվարդ Նալբանդյանը «գործ է տվել» Հրանուշ Հակոբյանի դեմ

Կառավարության նիստի ավարտին Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ փետրվարի 20-ին ինքը հանձնարարել էր հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին զերծ մնալ ՀՀ դեսպանների և գլխավոր հյուպատոսի հետ իրենց ունեցած աշխատանքային հանդիպումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից։ Բայց ահա նամակ է ստացել Արտաքին գործերի նախարարից և տեղեկացել է, որ նախարարները չեն լսում իրեն։ Վարչապետը նկատողություն արեց նախարարներից երեքին՝ հանձնարարականը չկատարելու համար։ Հուլիսի 30-ին սփյուրքի նախարարը հանդիպել էր Հալեպում գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի հետ, օգոստոսի 4-ին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Պիտոնյանին է հանդիպել և հրապարակել այս մասին։ Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն էլ Նիդերլանդների թագավորության դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ զրուցել է իր ոլորտին վերաբերող հարցերի շուրջ և լուր է տարածել կայացած զրույցի վերաբերյալ։ «Ի՞նչ է տալիս, որ հանդիպում եք մեր դեսպանների հետ, հետո տարածում եք, որ հանդիպել ենք։ Եթե ԱԳՆ դեմ է և պայմանավորվածություն ունեք, դուք էլ մի արեք այդ բաները», - բարկացավ վարչապետը։ Պաշտպանության նախարարին սա դուր չեկավ։ Նա վերջին շրջանում շատ է տարատեսակ, այդ թվում նաև իր ոլորտին չվերաբերող հանդիպումներ ունենում։ Ընդամենը մեկ օր առաջ նա հանդիպում էր ունեցել Բելառուսի դեսպանի հետ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ և շնորհակալություն էր հայտնել հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության ոլորտների ընդլայնման համար, հետո էլ իր և դեսպանի լուսանկարներով «ռմբակոծել» էր ԶԼՄ-ները։ Վերջիններս էլ, հավանաբար, նյարդայնացել են նման դատարկ լրահոսից, բայց դե, ՊՆ-ին չեն կարող մերժել։ Ստիպված տեղադրել են լրահոսում։ «Արտգործնախարարի ինչի՞ն է դա խանգարում», - հարցրեց Սեյրան Օհանյանը վարչապետին։ Վերջինս էլ հակադարձեց․ «Խանգարում է իր արտաքին քաղաքականությանը։ Հիմա եթե բանակի հետ կապված մի բան առաջարկենք, դուք ասեք՝ հնարավոր չի հրամանատարի հետ հանդիպումը, մենք էլ չենք հանդիպի, ի՞նչ անենք»։ ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ ՀՀ դեսպանների հետ հանդիպումների լուսաբանման վրա վետո է դրվել։ «Եղել է վարչապետի համապատասխան հանձնարարական, որ նման հանդիպումների լուսաբանումը նպատակահարմար չէ։ Արտերկրում ՀՀ դեսպանների հետ հանդիպումների լուսաբանում երբեք չենք արել», պատասխանեց նա։ Փաստորեն, վարչապետը Նալբանդյանի վրա է գցում, Նալբանդյանը՝ վարչապետի։ Ինչ խոսք, անտեղի, ոչինչ չասող հաղորդագրությունները, ծիծաղի առարկա են դարձնում մեր պաշտոնյաներին, PR-վելու կարոտ որոշ նախարարներին, վնասում են գործադիրի հեղինակությանը։ Բայց սա ավելի շուտ ԶԼՄ-ի խնդիրն է, հասկացնել պաշտոնյաներին, որ «ախմախ» հաղորդագրություններ չուղարկեն։ Իսկ կառավարության նիստում թեման բարձրացնելը ոչ պակաս ծիծաղելի է, գոնե այն պատճառով, որ դա գործադիրի նիստ է, ոչ թե թերթի «լետուչկա»։