Սեյրան Օհանյանի կինն ընդդեմ «Հրապարակի» գործով ներգրավվեցին նոր փաստաբաններ

Սեյրան Օհանյանի կինն ընդդեմ «Հրապարակի» գործով ներգրավվեցին նոր փաստաբաններ

«Հապարակ» օրաթերթի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջև վեճի քննությունը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց, քանի որ ներգրավվեցին նոր փաստաբաններ՝ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը։ Դատավարության ընթացքում նրանք ներկայացնելու են «Հրապարակի» լրագրող Սյուզան Սիմոնյանի շահերը։ Փաստաբանները ողջամիտ ժամանակ պահանջեցին գործի նյութերին ծանոթանալու համար, և նախագահող դատավոր Ռուբեն Վարդազարյանը բավարարեց պահանջը, հաջորդ նիստը նշանակելով սեպտեմբերի 4-ին, 15.30։ Լուսինե Հակոբյանից և Տիգրան Եգորյանից առաջ պատասխանողի շահերը ներկայացնում էր Տիգրան Ավետիսյանը, որը հրաժարվեց շարունակել թերթի պաշտպանությունը, սակայն ոչ մի բացատրություն չտվեց։ Սա տեղիք տվեց կասկածելու, որ փաստաբանի նկատմամբ ինչ-որ կողմնակի ազդեցություն, կամ ճնշում էր գործադրվել։ Իրականությունն այնպիսին է, որ հազվագյուտ փաստաբաններ են հանդգնում դատաքննության ընթացքում հանդես գալ պաշտպանության նախարարի կնոջ դեմ։ Հիշեցնենք, որ «Հրապարակը» սույն թվականի մայիսի 21-ին և 23-ին տպագրել էր «Հանրությունն ուզում է իմանալ» և «Հանրությունն ուզում է իմանալ-2» վերլուծական հոդվածները, որոնց հիմնական գաղափարն է․ հանրային կամ պետական գործիչները պետք է հանդուրժեն հանրության հետաքրքրությունն իրենց անձի, նաև անձնական կյանքի նկատմամբ։ Հոդվածներն այս ընթերցողների աննախադեպ թվաքանակ ունեցան։ Սակայն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը, որը նաև ՀԿ-ի ղեկավար է և առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում, այս հրապարակումներն ընդունել է որպես իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող, զրպարտող և դիմել է դատարան հերքման, ինչպես նաև դրանք «hraparak.am» կայքից հեռացնելու պահանջով: Զարմանալին այն է, որ Ռուզաննա Խաչատրյանն իր հարցազրույցներում ներկայացրել է իր անձնական կյանքը, իր զգացմունքներն առ իր ամուսին Սեյրան Օհանյան, իրենց «ֆրանսիական» ծանոթության պատմությունը, և լինելով շատ ավելի բաց այս հարցերում, քան այլ պաշտոնյաների կանայք, պետք է որ մյուսներից ավելի հանդուրժող լիներ։ Ի դեպ, հարցազրույցներն այս հրապարակվել են ՀՀ պաշտպանական անցուդարձին և բանակի խնդիրներին ու հաջողություններին նվիրված «Զինվոր» էլեկտրոնային թերթում։