Վենետիկի հանձնաժողովի բոլոր խորհուրդները չեն, որ լսելի են կամ ընդունելի․ Արտակ Զաքարյան

Վենետիկի հանձնաժողովի բոլոր խորհուրդները չեն, որ լսելի են կամ ընդունելի․ Արտակ Զաքարյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի համար Վենետիկի հանձնաժողովը ընդունված ավանդույթի համաձայն՝ այն մասնագիտական հեղինակավոր կազմակերպությունն է, որի առաքելությունը խորհրդատվություն և մասնագիտական գնահատականներ տալն է։ Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։



Hraparak.am-ի հարցին՝ այդ հեղինակավոր հանձնաժողովի խորհուրդներից ու առաջարկություններից քանի՞սն են իրենք ընդունել, քանզի կարծես թե գլխավոր շահարկվող առաջարկությունները չեն ընդունվել, պարոն Զաքարյանն ասաց․ «Գիտե՞ք, բոլոր խորհուրդները չեն, որ լսելի են կամ ընդունելի, բայց, իհարկե, որպես մասնագիտական տեսակետ՝ ցանկալի է նաև իմանալ, որոշ դեպքերում նաև հաշվի առնել։ Բայց, կան առաջարկներ, որոնք արմատապես հակասում են մեր հասարակության արժեքաշահային համակարգին, կան առաջարկներ, որոնք որ ժողովրդավարական տրամաբանության զարգացման ներքո են, և, բնականաբար, չի խանգարի, որպեսզի դրանք տեղ գտնեն մեր սահմանադրական նոր նախագծում։ Ես կարծում եմ, որ առաջիկայում դեռ քննարկումները կշարունակվեն, և Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որը երկար ժամանակ աշխատել է, առաջիկա քննարկման ընթացքում ի մի կբերի տարբեր դիրքորոշումները, այդ թվում՝ նրանում, կարծում եմ, հաշվի կառնվեն նաև Վենետիկի հանձնաժողովի տարբեր առաջարկներ»։



Այդուհանդերձ՝ քաղաքական մասով առաջարկներ ընդունելի՞ են, մասնավորապես երկրորդ փուլի և կայուն մեծամասնության դրույթներ վերաբերյալ։
«Գիտե՞ք, կոնկրետ պետք է ասեք, ես կարող եմ իմ տեսակետն ասել, բայց միասնական տեսակետ դժվար է ասել, որովհետև բուն քաղաքական քննարկումների գործընթացը դեռ առջևում է»,-ասաց նա՝ նշելով, որ ոչինչ դեռևս սկզբունքորեն և աննահանջ կերպով դրված չէ սեղանին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ