Ո՞ւմ բաժին կհասնի Արփինե Հովհաննիսյանի մանդատը.Մի շարք կարեւոր պաշտոններ թափուր կմնան

Ո՞ւմ բաժին կհասնի Արփինե Հովհաննիսյանի մանդատը.Մի շարք կարեւոր պաշտոններ թափուր կմնան

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի Արդարադատության նախարար նշանակվելու դեպքում խորհրդարանում թափուր մանդատ կառաջանա: Նախագահի կողմից համապատասխան հրամանագրի հրապարակումից հետո կդադարեցվեն Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները: Դրանից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համապատասխան գրությամբ կդիմի ԿԸՀ-ին՝ թափուր մնացած մանդատը ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին փոխանցելու համար: Իսկ ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն է:



Արփինե Հովհաննիսյանի նախարար նշանակվելու դեպքում թափուր տեղ կառաջանա նաեւ մի շարք կարեւոր հաննաժողովների եւ պատվիրակությունների կազմում: Այսպես, Արփինե Հովհաննիսյանը Էթիկայի հանձնաժողովի նախագահն է, ամեն նստաշրջանի մեկնարկին այս հանձնաժողովը նորից է ձեւավորվում, հանձնաժողովի նախագահի ու փոխնախագահի պաշտոնը ռոտացիոն կարգով է. այն զբաղեցնելու իրավունք ունեն ամենամեծ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, եւ քանի որ նախորդ նստաշրջանին այն ղեկավարել է ՀՀԿ-ն, այժմ այն պետք է ղեկավարի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ: Այժմ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը ԲՀԿ-ն է: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն Էթիկայի հանձնաժողովում առաջադրելու է ԲՀԿ խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանին, ով թերեւս կդառնա հանձնաժողովի նախագահ;



Էթիկայի հանձնաժողովից բացի, Արփինե Հովհաննիսյանը նաեւ պետաիրավական հանձնաժողովի անդամ է: ՀՀԿ-ն այս հանձնաժողովում ստիպված կլինի նոր անդամ նշանակել, բայց այստեղ խնդիր է առաջանում, քանի որ կարծես մասնագիտությամբ իրավաբաններ այլեւս չկան ՀՀԿ-ականների շարքում: Այժմ պետաիրավական հանձնաժողովի կազմը ստիպված կլինեն համալրել մասնագիտությամբ ոչ իրավաբանով: Մեր տեղեկություններով՝ հնարավոր է ՀՀԿ-ն պետաիրավական հանձնաժողովի անդամ նշանակվի նախկին վարչապետ, պատգամավոր Խոսրով Հարությունյանը:



Արփինե Հովհաննիսյանի նախարար նշանակվելով՝ թափուր տեղ կառաջանա նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում: Այս հանձնաժողովի անդամ դառնալու համար ՀՀԿ-ում մշտապես ահեղ մարտեր են լինում: Արփինե Հովհաննիսյանը դեռ նախարար չդարձած՝ արդեն իսկ ՀՀԿ-ում թեժ պայքար է սկսվել ԵԽԽՎ-ում նրա տեղի համար:



Նշենք, որ երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածության հարցը արդարադատության նախարարի պաշտոնի համար։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ իրենք բարձր են գնահատում իրենց գործընկերոջ մասնագիտական կարողությունները, պրոֆեսիոնալիզմը, այդ մասին հայտնել են նաև նախագահին, և նախագահը իր որոշումը կկայացնի։



Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը թեպետ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ չէ, միայն խորհրդի անդամ է, բայց նա ժամանել էր կուսակցության գրասենյակ, իսկ մասնակցել է նիստին, թե ոչ, պարզ չէ։