БМП-3-ի մատակարարումն Ադրբեջանին կավարտվի 2016-ին.

БМП-3-ի մատակարարումն Ադրբեջանին կավարտվի 2016-ին.

Ռուսական БМП-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումն Ադրբեջանին կավարտվի հաջորդ տարի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում աղբյուրին։

«БМП-3 մեքենաների մատակարարումն Ադրբեջանին կավարտվի 2016-ին։ Այս պահին սպասվում է վերջին խմբաքանակի՝ մոտ 50 մեքենայի փոխանցումը»,- նշել է աղբյուրը սեպտեմբերի 9-ին բացված Russia Arms Expo-2015 (RAE-2015) ցուցահանդեսի ժամանակ։

Ավելի վաղ ցուցահանդեսի ժամանակ Ռուսաստանում ռազմական տեխնիկայի արտահանման և ներկրման հարցերով միակ պետական միջնորդ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Սևաստյանովն ասել է, որ ցամաքային զորքերի համար ռուսական տեխնիկայի և սպառազինությունների արտասահմանյան պատվերների ծավալը գերազանցում է 12 միլիարդ դոլարը։

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների ուսումնասիրման կենտրոնի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից իրականացվող ցամաքային զորքերի տեխնիկայի հիմնական պայմանագրերը վերաբերում են Т-90С տանկերի (Հնդկաստան և Ադրբեջան), БМП-3 (Ադրբեջան և Ինդոնեզիա), ինքնագնաց հրետանային և ծանր կրականետ համակարգերի (Իրաք, Ադրբեջան), ռազմամթերքի (Հնդկաստան, ԱՄԷ), ինժեներային տեխնիկայի (Իրաք), հակատանկային համալիրների (Բահրեյն, Նամիբիա), հրաձգային զենքի մատակարարմանը։