Նախագահ Լուկաշենկոն գրանցվել է որպես նախագահի թեկնածու

Նախագահ Լուկաշենկոն գրանցվել է որպես նախագահի թեկնածու

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թեկնածությունը՝ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար, տեղեկացնում է Lenta.ru-ն։

Լուկաշենկոյից բացի ԿԸՀ-ն գրանցել է նաև Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկևիչին, Բելառուսի հայրենասիրական կուսակցության ղեկավար Նիկոլայ Ուլախովիչին և «Ասա ճշմարտությունը» արշավի ակտիվիստ Տատյանա Կորոտկևիչին։

Նախաձեռնող խումբը Լուկաշենկոյի թեկնածությունն առաջադրել էր՝ ԿԸՀ-ին ներկայացնելով ավելի քան 1.7 մլն ստորագրություն։

Իրենց թեկնածուներին առաջադրել են ևս 7 նախաձեռնող խմբեր։ Դրանցից անհրաժեշտ թվով ստորագրություններ (100 հազար և ավելի) ստացել էին Սերգեյ Գայդուկևիչը, Տատյանա Կորոտկևիչը, Նիկոլայ Ուլախովիչն ու գիտնական-տնտեսագետ Վիկտոր Տերեշչենկոն։

Տերեշչենկոն նախընտրական շրջանում թունավորվելուց հետո երեկ հայտարարել է, որ հանում է թեկնածությունը։ Օգոստոսի 28-ին նա հոսպիտալացվել էր՝ Մինսկի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում գազարի հյութ խմելու հետևանքով։

Բելառուսում նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 11-ին։