Ո՞վ է ավելի այլանդակ՝ Ավագյաննե՞րը, թե՞ նրանց զոհն ու հարազատները…

Ո՞վ է ավելի այլանդակ՝ Ավագյաննե՞րը, թե՞ նրանց զոհն ու հարազատները…

Կարդում եմ Կարեն Ավագյանի եղբոր զոհի՝ 28-ամյա էդգար Սնղչյանի հետ հարցազրույցը մեր կայքում, ու Աստված իմ, ինչքան բան եմ զգում սովորական թվացող այդ զրույցի մեջ:



Օգոստոսի 23-ին Կարեն Ավագյանի եղբոր հեղինակությամբ ավտովթար էր տեղի ունեցել, Toyota Corolla մակնիշի 058 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 38-ամյա Արթուր Ավագյանը ավտոմեքենայով Աճառյան պողոտայում, վրաերթի էր ենթարկել 28-ամյա Էդգար Սնխչյանին: Էդգարն ավտոմեքենայի ծակված անվադողը փոխելիս է եղել, երբ մեքենան հարված է նրան։



Մի նախադասություն ուղղակի տակնուվրա է անում մարդու հոգին, բացահայտում թե՛ տուժողի, թե՛ նրան այդ վիճակին հասցնողի բարոյական նկարագիրը:



-Բայց մի՞թե ձեր մեջ պայմանավորվածություններ չեն եղել, գոնե Ձեր առողջության ծախսերը հոգալու մասով,- հարցնում է լրագրողը:



- Եղել են, ամեն ձևով։ Եւ՛ գումարով, և՛ Եվրոպայում բուժվելով, անգամ իմ բարեկամների մոտ տասնյակ անգամ նշել են, որ այս ամեն ինչից նախագահը տեղյակ է, նախագահի հրաման ունենք, որ դուք պետք է վերջնականապես կատարյալ, առողջ մենք ձեզ բաց ենք թողնելու տուն։



Այս զրույցը բավ է՝ բացահայտելու երկու կողմին էլ: Տուժող կողմը՝ արդարությունը, օրենքը թողած, առուծախով գայթակղված, տրվել է կեղծ ցուցմունք տալու գործին:
Մեղավոր կողմն էլ, ով Կարեն Ավագյանի եղբայրն է ու գործել է պատգամավորի ցուցման շրջանակներում, ստի, կեղծիքի միջոցով ձեռնամուխ է եղել ինչքան կարելի է շուտ փակել գործը ու չոր կանգնել ափին: Անգամ շահարկվել է Սերժ Սարգսյանի անունը, հրամանը: Հետաքրքիր է, նախագահը նման հրաման տվե՞լ է…



-Փորձե՞լ եք որևէ կերպ կապ հաստատել իրենց հետ, հրաժարվու՞մ են ֆինանսավորել Ձեր բուժման ծախսերը,- կրկին հարցնում է լրագրողը:



-Իհարկե հրաժարվում են, նրանք 15 օր է չկան ընդհանրապես, ասում են՝ ոնց ուզում ես արա, ուզում ես դատի տուր, ինչ ուզում ես արա»:



Ո՞վ է ավելի այլանդակ: Տուժողի հարազատնե՞րը, ովքեր շահի ակնկալիքով կեղծ ցուցում են տվել, թե՞ Կարեն Ավագյանը, ով օգտագործելով և շահարկելով նախագահի անունը, փակել է տվել գործը:
ՀԳ. Ես չեմ կարող որոշել, դուք որոշեք:
Օրենքի սահմաններում Ավագյանները պարտավոր էին հաշմված երիտասարդի ֆիզիկական վնասը փոխհատուցել և Կարենի եղբայրը պարտավո՛ր էր կանգնել օրենքի առաջ: Տուժողի հարազատները դա խափանեցին՝ շահի ակնկալիքով և և կրկին նույն հարցը՝ ո՞վ է ավելի այլանդակ…



Հասմիկ Բաբաջանյան