Նախագահը հանձնարարական է տվել՝ գյուղացու աճեցրած բերքն ամբողջապես մթերել. Սերգո Կարապետյան

Նախագահը հանձնարարական է տվել՝ գյուղացու աճեցրած բերքն ամբողջապես մթերել. Սերգո Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրուցում անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված խնդիրներին, ասաց, թե մինչև երեկ մթերման աշխատանքները սահուն ընթացել են:



«Մենք նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել խաղողի մեծածավալ քանակների մթերման համար, սակայն երեկ որոշակի խնդիրներ առաջացան, դա գալիս է նրանից, որ Երևանի կոնյակի գործարանը սեպտեմբերի 7-ին և 8-ին Արարատում և Արմավիրի մարզում սկսեց մթերման աշխատանքները, սակայն մյուս մթերողները ձգձգում էին և մթերումները չէին սկսել»,- ասաց գյուղատնտեսության նախարարը՝ նշելով, թե ժողովրդի մեջ անհանգստություն է առաջացել:



Սերգո Կարապետյանն ասաց, թե երեկ ՀՀ Նախագահը կառավարությանը տվել է շատ խիստ հանձնարարական. «Այն է, որ գյուղացիների աճեցրած բերքն ամբողջապես, ժամանակին և անկորուստ պետք է մթերվի մթերող կազմակերպությունների կողմից, և նույնիսկ ասվել է, որ մինչև վերջին կիլոգրամը պետք է մթերվի»:



Նախարարի խոսքով՝ կազմակերպչական լուրջ աշխատանքներ են իրականացվում, և սեպտեմբերի 21-ի և 22-ին բոլոր վերամշակող ընկերությունները և խաղող մթերող կազմակերպությունները կսկսեն մթերման աշխատանքները:



«Այսօր արդեն «Արարատ» կոնյակի և գինու կոմբինատը հայտարարել է, որ խաղողի մթերման հարցում սահմանափակումներ չեն լինելու, անցած տարվա ամբողջ ծավալներով մթերելու են: Վճարելու են անմիջապես մթերելուց հետո»,- նշեց Սերգո Կարապետյանը՝ խաղող մթերող կազմակերպություններին և խաղողագործներին հորդորելով հանգիստ լինել, քանի որ մինչև վերջին կիլոգրամ բերքը մթերվելու է: