Վահան Մարտիրոսյանի փախուստը Ադրբեջան ՀՀ ինքնիշխանության դեմ հոգեբանական պատերազմի հատուկ գործողություն է

Վահան Մարտիրոսյանի փախուստը Ադրբեջան ՀՀ ինքնիշխանության դեմ հոգեբանական պատերազմի հատուկ գործողություն է

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանի կողմից քաղաքական ապաստան ստանալու համար ընտանիքի հետ միասին Ադրբեջան մեկնելու, ինչպես նաև այդ պետությունից Հայաստանի մասին բացասական դիրքորոշում հայտնելու երևույթը:



Մեր երկրի հարցերը լուծելու է նրա տերը՝ հայ ժողովուրդը, իսկ Հայաստանի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին մեր հարցերին խառնելը դավաճանություն է:



Միևնույն ժամանակ՝ քաղաքացիական ակտիվիության ներկայացուցչի կերպարը ծախու դավաճանի անձով մատուցելու՝ նախապես մշակված և տևականորեն պատրաստված հոգեբանական պատերազմի այս հատուկ գործողությամբ ՀՀ ինքնիշխանության քայքայման նպատակներ ունեցող մեր հակառակորդները փորձում են արհեստականորեն հակադրել արդարության ու արժանապատվության ներքին և արտաքին ճակատները, որպեսզի կարողանան թուլացնել մեր ժողովրդի դիմադրողականությունը:



Զուգահեռաբար՝ մեր ժողովրդի դիմադրողականության միջուկը կազմող քաղաքացիական հասարակությանը հասցված այս բարոյահոգեբանական հարվածը վնասում է նաև ՀՀ ինքնիշխանության մյուս երաշխավորին՝ հայկական բանակին:



Հարկ է նաև նկատի ունենալ, որ նմանօրինակ երևույթը հավասարապես հետևանք է ոչ միայն երկրում տիրող անարդարության և բռնությունների, այլև ազգային անվտանգության համար պատասխանատու բոլոր պետական կառույցների ազգադավ գործելաոճի և հանցավոր անգործության: Այդ անվտանգության համակարգը գլխավորող Սերժ Սարգսյանից մինչև դրա ստորին օղակի պաշտոնյան զբաղված են օտարին ծառայելու դիմաց ազգային շահերի հաշվին իրենց անձնական և կլանային շահերն ապահովելու գործով:



Այս ամենի հաշվառմամբ՝ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը մեր ժողովրդին ու բանակին կոչ է անում արիանալ, տոգորվել քաղաքացիական գիտակցությամբ ու կամքով և համախմբվել հանուն ՀՀ ինքնիշխանության հաստատման, որին հասնելու համար առաջին հերթին հարկավոր է օր առաջ հեռացնել ազգադավ ռեժիմին: