Տնտեսագիտական համալսարանում դարձյալ խոչընդոտել են լրագրողների աշխատանքը

Տնտեսագիտական համալսարանում դարձյալ խոչընդոտել են լրագրողների աշխատանքը

Ասօր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, ուր այցելել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հանդիպելու ուսանողության հետ, բուհի ուսխորհրդի տղաները կրկին խոչընդոտեցին լրագրողների աշխատանքները՝ հրելով նրանց ու փակելով դուռը նրանց առջև:



Միջոցառումից հետո լրագրողները բողոքել են բուհի ռեկտորին` Կորյուն Աթոյանին, մի՞թե հնարավոր չէ հրահանգել, որ բուհի տղաները մի քիչ բարյացակամ գտնվեն լրագրողների հանդեպ ու չհրեն, չխոչընդոտեն նրանց:



«Ո՞ր պահին է դա եղել, ես չեմ տեսել, չեմ նկատել»,- անտեղյակ է ձևացել ռեկտորը և, ի պատասխան լրագրողների դժգոհությունների, ներողություն խնդրել:



Լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե, օրինակ, ինչի՞ համար է պարգևատրվել բուհի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, երիտասարդ, ով աչքի է ընկել վատ վարքով:



«Հայաստանի բուհերի մեջ չկա այսպիսի բուհ, որը բանակի հետ էսպես կապված լինի, դուք ուղղակի չեք պատկերացնում կատարած ամբողջ աշխատանքը: Տարեկան հինգ-վեց զորամաս են այցելում, մնում էնտեղ, նվիրատվություններ կազմակերպում, էլ ի՞նչ պետք է անի ուսանողը բանակի համար: Գիրք ենք տպագրել մեր զոհված ազատամարտիկների մասին, ֆիլմ ենք նկարել, Սևակը եղել է նրանց բոլորի ընտանիքներում: Սևակ Խաչատրյանը եղել է ուսխորհրդի նախագահ, իսկ ուսխորհուրդը կատարել է այդ բոլոր կազմակերպչական աշխատանքները: Ես ընդունում եմ, որ տեղի է ունեցել վատ միջադեպ, դատապարտելի միջադեպ: Անզգույշ բան է եղել, բայց չի կարելի էդպես անընդհատ, ամբողջ կյանքում դատապարտել: Վերջապես մարդ է, մարդը սխալական է, ի՞նչ անենք հիմա, պատժե՞նք, արտաքսե՞նք, կախե՞նք: Ուզում եք մեկս մյուսի դեմ դուրս գա՞նք»,- նեղսրտել է ռեկտորը: