Երևանի քաղաքապետարանից վազելով դուրս է եկել և կամրջից փորձել նետվել

Երևանի քաղաքապետարանից վազելով դուրս է եկել և կամրջից փորձել նետվել

Իհարկե կցանկանայինք գրել, որ տեղի է ունեցել արտակարգ դեպք, Հաղթանակի կամուրջից կինը ցանկացել է նետվել, սակայն վերջին շրջանում ինքնասպանությունների փորձերը մեր երկրում այնքան շատ են, որ դեպքն ամենևին էլ արտակարգ չէ։



«․․․ ու նկատեցի նրա դեղին մազերը, նկատեցի, որ վազելով գնում է, փողոցն անցնում էր կամրջի կողմը։ Նույնիսկ իմ անցնելու հերթն էլ չէր, մեքենաների միջով վազելով գնացի, արդեն ոտքն անց էր կացրել մյուս կողմ, ճաղերից գրկել եմ իրեն, ճաղերն էլ հետն եմ գրկել։ Ինքն ինձ էլ հետն էր գցում, ոտքը բարձրացրել է, պայուսակը շպրտել էր, ուժ էր գործադրում։ Ես էլ գոռում եմ, գոռում եմ, ինչ եմ անում, չեմ էլ հասկանում՝ ինչ եմ անում, ամբողջ մարմինս կապտած է»․- մեր կոլեգաներից լրագրող Թերեզա Ասատրյանի պատմածն է, ում շնորհիվ այսօր 43-ամյա Հասմիկն ապրում է։ Հասմիկի պատմությունն էլ մեկն է այն շատ պատմություններից, որոնք հետևանք են անարդարության զգացողության, սոցիալական խնդիրների և ամենակարևորը՝ մի քանի գերատեսչությունների անգործության։



«1996 թվականից Հասմիկի մայրը «Մետաքս» ՓԲԸ-ից ստացել է օրդեր՝ Սիսակյան 3 շենք 105 սենյակում բնակվելու համար։ 1996-2013 թվականն անընդմեջ ապրել են տվյալ հասցեում։ Եվ 2013 թվականին, երբ Հայաստանից պետք է կարճ ժամանակով տեղափոխվեր իր առողջական խնդիրների բուժման համար, այդ մասին հայտնել է իր հարևանուհուն՝ Վերգինե Սարգսյանին,- պատմում է Թերեզա Ասատրյանը,- հարևանուհին էլ ասում է, որ լավ է, որ գնում ես, առողջությանդ հարցերն ես կարգավորում, բայց ինչ կլինի, առանձնապես քո սենյակում ոչինչ չկա, բանալիդ տուր, մեր տանը նեղվածք է, մինչև քո գալն իմ երեխան այնտեղ քնի։ Հասմիկը համաձայնում է, բանալին տալիս է պայմանով, որ հենց գա, բանալին պետք է տա, տունը վերադարձնի»։



Կարճ ժամանակ անց, երբ Հասմիկ Գևորգյանը վերադառնում է Հայաստան և հարևանուհուց հետ խնդրում իր բնակարանի բանալիները, հարևանուհին խնդրում է ևս մի քանի օր սպասել․ «Վերգինեն ասում է՝ հիմա չեմ կարող, իմ երեխան հիվանդ է, հիստերիայի մեջ է ընկնում, միևնույնն է՝ այս երկու օրը տուն եմ ստանալու, կտեղափոխվեմ ու քո բանալին կտամ։ Հասմիկն էլ, արդեն ասացի, գլխի վիրահատություն է տարել, ինչ-որ ուռուցքային հիվանդություն ունի, վիրահատություն է տարել «Էրեբունիում», մի այլ վիրահատություն էլ տարել է Հայաստանից դուրս։ Վերևի հարկ է բարձրանում Հասմիկը, այնտեղ վարձով է մնում, ասում է՝ լավ մի քանի օր մնամ, մինչև սա բնակարան ստանա։ Հարևանուհին՝ Վերգինեն, բնակարան է ստանում, գնում է, բանալին տալիս է Հասմիկին։ Հասմիկը գալիս մաքրում, հավաքում է սենյակը, արդեն ուզում է անցնել իր բնականոն կյանքին, գալիս է Վերգինեի տղան, որը այս պահին արդեն կարող եմ ասել, որ նախկին դատապարտյալ է։ Իսկ այդ ժամանակ արդեն կալանքից նոր է դուրս եկել, գալիս է հարվածում, քաշքշում, խփում է, դուրս է հանում՝ բա մաքրել ես, լավ ես արել, քո քեֆով գնա, ես քեզ չվնասեմ։ Հասմիկն, իհարկե, փորձում է հակադրվել, բայց տղան քաշքշում է, աստիճաններից գցում է ցած, նորից տեղափոխում են հիվանդանոց, հիվանդանոցից ոստիկանություն»։



Երկար չզբաղեցնենք, թե 43-ամյա կինը կազդուրվելուց հետո քանի անգամ է դիմում ոստիկանություն, թաղապետարան, ու ստանում այսպիսի պատասխաններ․ «Ասում են՝ գիտես ինչ կա, ինձ չի հետաքրքրում, տանդ տիրություն արա, ձեռիցդ չտանեն։ Ոստիկանությունն էլ ասում է՝ ստորագրություն վերցնենք այդ տղայից, ով զավթել է տունդ, որ քեզ չվնասի, այսինքն՝ տան տերը չպիտի մտնի բնակարան, զավթողն էլ հետևաբար չի էլ անհանգստացնի։ Տեղափոխվում է այդ շենքից այլ տեղ՝ նորից վարձով ապրելու, որովհետև այդ տղան անընդհատ ահաբեկում է, լուրեր է ուղարկում, որ այս տան մասին մոռացիր։ Ասեմ Ձեզ նաև, որ ընտրացուցակներում կա այդ աղջիկը, բոլոր փաստաթղթերը կան, նույն հասցեի տակ։ 96 թվից մինչև այսօր բոլոր կոմունալ վճարումները կատարում է, պարտաճանաչ է, այսինքն՝ մեկն ապրում է, մյուսը վճարում է»։



Հասմիկ Գևորգյանի «փրկության պիկն» էլ հանդիսացել է Երևանի քաղաքապետարանը, որտեղից այսօր դուրս է եկել և շարժվել դեպի կամուրջը։ «Առավոտ ժամը 8-ին եկավ մեր տուն, փաստաթղթերով և դիմումով, թե կներես որ այս ժամին քեզ անհանգստացնում եմ, իմ բնակարանի հարցն այսօր վերջնական պետք է բարձրացվի, ժողով կա քաղաքապետարանում, եթե ես չեմ ստանալու, ոչ երեխա ունեմ, ոչ ամուսին, ոչ սիրելի մեկն ունեմ, այս կյանքն իմ համար անհետաքրքիր է, եթե 4 պատ էլ չունեմ, ի՞նչ է, պետք է աման լվանա՞մ ուրիշի համար, որ դեղորայք հասցնեմ առնեմ ու վարձ վճարեմ, մինչդեռ ես օրդերով ունեմ տուն»։



Լրագրող Թերեզա Ասատրյանը Հասմիկին ուղեկցել է քաղաքապետարան․ «Մի խոսքով, մասնագետն էլ ասաց, որ փաստացի ով բնակվում է, մենք նրանք ենք տալիս, երևի այդպես պատասխանեց։ Ինքն էլ դուրս եկավ լացակումած։ Քանի որ ինքն ասել էր, որ գրություն եմ գրել, պետք է ինքնասպան լինեմ, մտածեցի, դե աղջիկ է, հիմա ասել է, հո ինքնասպան չի՞ լինի, հիվանդ մայր ունի․․․»։ Մնացած պատմությունն էլ արդեն վերևում կարդացիք, այս պահին և՛ Հասմիկ Գևորգյանը, և Թերեզա Ասատրյանը գտնվում են հիվանդանոցում։