Լավ, մի՛ մթագնիր, էսօրվա տոնը մի՛ մթագնիր․ Տեր-Պետրոսյանը՝ Արամ Մանուկյանին

Լավ, մի՛ մթագնիր, էսօրվա տոնը մի՛ մթագնիր․ Տեր-Պետրոսյանը՝ Արամ Մանուկյանին

Այսօր Հայ ազգային կոնգրես կուսակցությունը իր կենտրոնական գրասենայակում նշում էր Անկախության տոնը։ Ներկա էին ՀԱԿ վարչության անդամները, ՀԱԿ պատգամավորներ, կուսակցության տարբեր անդամներ։ ներկա էր նաև ՀԱԿ առաջնորդը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Շնորհավորական առաջին խոսքով հանդես եկավ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ով Հայաստանի անկախության հռչակագիրը կարդացողն էր։



«Մենք 24 տարի առաջ 2 միլիոն 46 հազար քվեարկությամբ, պատմության մեջ չկա էդպիսի մեծ ոգով հայ ժողովրդի մասնակցություն քվեարկություններին, հռչակեցինք մեր երկիրն անկախ։ Հռչակեցինք, ուրախացանք, ոգևորվեցինք, անցանք դժվարություններ, անցանք ամենածանր փուլը և եկանք, ցավոք սրտի, մի տեղ, որ կորուստներն ավելի շատ են, քան ձեռքբերումները։ Հայաստանն էսօր արագընթաց անկախությունը կորցնելու ճանապարհին է»,-ասաց Արամ Մանուկյանն ու այստեղ նրան ընդհատեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Լավ, մի՛ մթագնիր, էսօրվա տոնը մի՛ մթագնիր»,-ասաց առաջին նախագահը։



Շարունակելով իր խոսքը՝ պարոն Մանուկյանը նշեց, որ իրականությունը դա է․ «Ընդ որում՝ ձեզ ասեմ, որ ժամանակը էդ առումով չի ամրացրել։ Ինչքան ուզում է պարոն նախագահը, որ դրականով ասենք, դրականը, հուսադրողը վերջում կասեմ։ Այնուամենայնիվ անկախությունը տեր կանգնելու անհրաժեշտություն ունի։ Այսօր մնացել է մի սերունդ, որը և՛ քվեարկել է, և՛ տեր է, մի մասն էլ, իհարկե, դրսում է, և, ներող կլինեք, էդ սերունդի վրա է անկախության պահպանման առաքելությունը։ Եվ մենք, որ հռչակել ենք և տեր ենք եղել էդ անկախությանը, ամենևին չենք վերջացրել էն միսիան, որ մեր վրա կախված է։ Մենք ենք հիմա էլ տեր կանգնելու և պահպանելու անկախությունը»։



Արամ Մանուկյանի խոսքով՝ անկախությունը ոչ թե դասագիրք է, ֆիլմ է, այլ ապրելու նվազագույն պարտք է, որ մենք եկող սերունդին պետք է փոխանցենք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ