Փաստաբանների խումբը ավարտել է ուսումնասիրությունը. Նրանք եւս նոր սահմանադրությանը ասում են ոչ

Փաստաբանների խումբը ավարտել է ուսումնասիրությունը. Նրանք եւս նոր սահմանադրությանը ասում են ոչ

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ուսումնասիրող փաստաբանների խումբը ավարտել է քննարկումները, ուսումնասիրությունները: Մանրադիտակով գտել են բոլոր այն կետերը, որոնք կարող ենք լուրջ վտանգ ներկայացնել հասարակության համար: Նրանք վաղը այդ մասին հրապարակային կհայտարարեն:



Փաստաբանների խմբի անդամ Գևորգ Գյոզալյանը Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց խումբը եկել է այն եզրակացության, որ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա: «Սահմանադրական բարեփոխումների նախագիծը մենք փոփոխության չենք ենթարկել: Մեր խմբի կառուցվածքաբանությունը կայանում է հետևյալում, մենք փորձում էին հասկանալ արդյոք Հայաստանի Հանրապետությանը այս պահին անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, թե ոչ»,-ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը:



Բացի հիմնավորելուց փաստաբանների խումբը ուսումնասիրել է և գտելայն կետերը, որոնց ընդունման դեպքում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ. «Բազմաթիվ կետեր կան, հոդվածները շատ են, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում Սահմանադրության մեջ, հնարավոր էր շատ բան փոխել, շատ բան նույնը թողնել: Իշխանությունները ինչ-որ խայտառակ փաստաթուղթ են հրապարակում, հետո այդ խայտառակությունը շտկում են, ու ասում՝ տեսեք հասարակությունը ուզում է: Գիտեք, եթե իշխանությունների նկատմամբ անասելի անվստահություն կա և դա փաստարկված է, երբ իշխանությունները չեն կարողանում կազմակերպել արդար և ազատ ընտրություններ, նման պայմաններում խոսել սահմանադրական բարեփոխումների մասին, հանրքավեի մասին վաղաժամ է»,-ասաց նա:



Փաստաբանների խումբը շուտով կհրապարակի համապատասխան փաստաթուղթը, որտեղ ներկայացված կլինեն իրենց դիտարկումներն ու նոր սահմանադրությունում առկա վտանգները: «Իրավական հիմնավոր կարծիք ենք տալիս հանրությանը՝ կողմնորոշվի, դրան ասի՝ «այո՞», թե՞ գնա ասի՝ «ոչ», այսինքն, մեր խնդիրն ավելի շատ օգնելն է հանրությանը, որ հասկանան, թե ինչ է առաջարկվում, ու դրա հիման վրա ինքը հասկանա՝ պետք է գնա ասի «այո՞», թե՞ «ոչ», եւ մենք ի ցույց ենք դնելու այն բոլոր թերությունները, որոնք տեղ են գտել ներկա նախագծի մեջ»,- ասում է փաստաբանը:



Ի դեպ, փաստաբանները չեն համագործակցում քաղաքական ուժերի, կուսակցությունների, սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող քաղաքացիների հետ։ Նրանք զուտ իրավական, մասնագիտական կարծիք են հայտնում՝ անկախ եւ չկուսակցականացված: