Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարարը մտքեր են փոխանակել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի շուրջ

Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարարը մտքեր են փոխանակել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի շուրջ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը hոկտեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ այցելությունը լավ առիթ է երկկողմ հանդիպում անցկացնելու համար և քննարկելու հայ-ֆրանսիական առանձաշնորհյալ հարաբերություններին ու դրանց հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Դեզիրը որպես բացառիկ է բնութագրել հայ-ֆրանսիական հարաբերությունները և նշել, որ իր համար մեծ պատիվ է Երևանում տեղի ունեցող Ֆրանկոֆոն կարևորագույն միջոցառմանը ներկայացնել Ֆրանսիան։

Էդվարդ Նալբանդյանն ու Հարլեմ Դեզիրը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, բարձր են գնահատեցին երկու երկրների միջև պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները, ապակենտրոնացված փոխգործակցությունը։

Հանդիպման օրակարգում էր Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը և դրա նոր իրավական հենքի ստեղծման աշխատանքները։ Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս Եվրոպական միության խորհուրդը կհաստատի ԵՄ բանակցային թիմի մանդատը և հնարավորություն կստեղծվի սկսել բանակցությունները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ։ Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Ադրբեջանի սադրանքների հետևանքով Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության աճի հետևանքները։

Նախարար Դեզիրն, ընդգծելով, որ Ֆրանսիան շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ ուղղված ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, կարևորել է հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը։

Նախարարներ Նալբանդյանն ու Դեզիրը անդրադարձել են միջազգային կառույցների շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը։

Բանակցությունների օրակարգում են եղել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և այդ տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղիները, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը։

Հանդիպումից հետո նախարարները ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ։