Մենք աջակիցներ էինք որոնում. Քաղաքացիական պայմանագրի «ճանապարհորդությունից»

Մենք աջակիցներ էինք որոնում. Քաղաքացիական պայմանագրի «ճանապարհորդությունից»

«Բոլորի մտքին Հայաստանն է, անկախ նրանից, թե երբ են գնացել ու ինչքան ժամանակ է այնտեղ են».- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները վերադարձել են ԱՄՆ և Ռուսաստան իրենց «ճանապարհորդությունից», կուսակցության կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ սփյուռքի մեր հայրենակիցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նոր-նոր ձևավորվող կուսակցության նկատմամբ:



«Այցելություններն անցել են միանշանակ լավ, շատ մեծ հետաքրքրություն կա «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ, Նիկոլ Փաշինյան պատգամավորի գործունեության նկատմամբ: Թե Ռուսաստանում, թե ԱՄՆ-ում մեծ աջակիցների բանակ է ձևավորվել, որից մենք ցանկանում ենք կառուց ստանալ՝ կոնկրետ միավոր: Աշխատում ենք այդ ուղղությամբ».- նշեց  Ալեն Սիմոնյանը: Վերջինիս խոսքերով արտասահմանում բնակվող հայերն իրենց մտքում հայրենիք վերադառալու գաղափարն ունեն, որը մտնում է կուսակցության նպատակների մեջ. «Մարդ հանդիպեցինք, ով 1978 թվականին լքել էր Հայաստանը, այստեղ չուներ մի որևիցե բարեկամ, որիևիցե գործ, բայց նա Սան Ֆրանցիսկո հրավիրող կազմակերպիչներից մեկն էր և ամեն առավոտ, իր պատմելով, ինքը սկսում էր Հայաստանի մասին լուրերով հետաքրքրվելով, կարդալով և ինչպես ասացի լավատեղյակ էր բոլոր գործընթացներից, որ այստեղ տեղի է ունենում: Դա նշանակում է, որ մարդն իր մտքի մեջ Հայաստան ունի, վերադառնալու գաղափարն ունի, ինչպես մենք նշել ենք՝ մեր հիմնական նպատականերից մեկն է, Հայասատանի հանրապետության բնակչությունը կրկնապատկելը, այսինքն՝ ոչ թե ֆիզիկապես մարդկանց կուտակելը Հայաստանում, այլ այնպիսի իրավիճակ, այնպիսի երկիր ստեղծելը, որ Հայաստանը դառնա ամենագրավիչ վայրը մեր հայրենակիցների համար»:



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախ ներկայացրել են կուսակցությունը, ապա հայրենադարձության իրենց ծրագիրը. «Ի սկզբանե մարդկանց մոտ տպավորություն կարող է լինել, որ երբ խոսում ենք հայրենադարձությունից և մեր այցից, որ մենք գնացել էինք այդ մարդկանց ասեինք՝ եկեք, հավաքվեք, վաղը գնում ենք Հայաստան, բայց բնականաբար ոչ: Մենք գնացել էինք այդ մարդկանց ասելու, որ մենք կառուցելու ենք, մենք աշխատում ենք, մենք ստեղծում ենք այնպիսի Հայաստան, որը գրավիչ է դառնալու իրենց և իրենց երեխաների համար, ինչպես նաև հորդորել, եթե իրենք մոտ ապագայում նախատեսում են այց Հայաստան, այդ այցը նախատեսեն այն ժամանակ, երբ Հայաստանի հանրապետությունում ընտրություններ են նշանակված: Այսինքն՝ եթե գալու են մոտակա 2 տարվա մեջ, լավ կլինի, որ գան 2017 թվականի ԱԺ ընտրությունների ընկած հատվածում»:



Ալեն Սիմոնյանի խոսքերով այդ հորդոր-կոչը մի քանի նպատակներ ունի, նախ որպեսզի մարդիկ մասնակցեն ընտրություններին, բացի այդ կուսակցության ծրագրով նախատեսում են ներգրավել արտերկրում ապրող հայերին որպես դիտորդ, որպես վստահված անձ ընտրությունների ժամանակ:



Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի մի քանի հարյուր անդամ: Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ այս այցելությունները վերջինը չեն լինելու.«Մենք այսօր, ցավոք սրտի, արտերկրում ունենք ավելի մեծ քանակությամբ հայրենակիցներ, քան Հայաստանի հանրապետությունում: Հայաստանի հանրապետության քաղաքացին կարող է լինել մեր կուսակցության անդամ, մենք աջակիցներ էինք որոնում, ներկայացնում էինք մեր ծրագրերը, ինչպես նաև ուզում էինք լսել, թե ինչ խնդիրներ կան, որոնք հուզում են մեր հայրենակիցներին»: