Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետների գագաթաժողովում

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետների գագաթաժողովում

Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ ստորագրվել է 2015-2020 թթ. համագործակցության ծրագիր: Լավ է: Միայն չենք հասկանում, թե ինչու է դա արվել այնպես, ասես Երևանի քաղաքապետը համագործակցության պայմանագիր է ստորագրել Ստոկհոլմի հետ:



Քաղաքապետարանից զեկուցում են... Չէ, լավ բռնվեք որ չընկնեք: Գնացի՞նք:



«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան այցելած ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Շնորհակալություն հայտնելով Երեւանի տոնը միասին նշելու հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը նկատել է, որ սա հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջեւ հաստատված ամուր բարեկամության եւս մեկ ապացույց է եւ աշխարհին միասնական ներկայանալու հրաշալի հնարավորություն»:



Ահա և տեղ ենք հասել: Վաղը Ապարանն ու Ասկերանն են բարեկամության պայմանագիր կնքելու, հնարավոր է՝ Գյումրին և Շուշին, չի բացառվում նաև՝ Վանաձորն ու Մարտակերտը, ինչու չէ, նաև Կապանն ու Գորիսը: Վերջում էլ՝ հայաստանցիներն ու ղարաբաղցիները դառնալու են ստրատեգիական գործընկերներ:



Իհարկե, աշխարհում քույր ու բարեկամ քաղաքներ կան, բայց դեռ չէինք լսել, որ Փարիզն ու Մարսելը բարեկամության պայմանագիր կնքեին, կամ՝ Լոնդոնն ու Մանչեստերը դառնան քույր քաղաքներ:



Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության պայմանագիրը վերջն ա, հարգելի քաղաքապետներ: Դուք կամ ադեկվատ չեք կամ տառապում եք գիգանտոմանիայով:



Սթափվեք, Ղարաբաղը Հայաստան է և վերջ:



Էդիկ Անդրեասյան