ՀԱԿ-ը երկու ավտոբուս մարդ էլ չի հավաքի, եթե ինչ-որ բան լինի

ՀԱԿ-ը երկու ավտոբուս մարդ էլ չի հավաքի, եթե ինչ-որ բան լինի

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցությանը, նշել է, որ Քոչարյանի հետ համագործակցության մասին խոսակցություններն արհեստածին են. «Ներդրված են իշխանության քարոզչամեքենայի կողմից, որպեսզի սկսվի խայթոցներ, ինչն էլ հնարավորություն կտա իշխանություններին ասել, որ «Ոչ»-ի ճակատում կռիվ է: Ռոբերտ Քոչարյանը չկա քաղաքական դաշտում, կա իշխանությունը եւ «Ոչ»-ի ճակատը. ուրիշ խաղացող չկա դաշտում».- ասել է Լևոն Զուրաբյանը:



Լևոն Զուրաբյանի մեկնաբանություները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանին «անհասկանալի» են թվում. «Ինձ համար որպես քաղաքացի այդ համագործակցությունը՝ ՀԱԿ-ի և Քոչարյանի, սկսվել է դեռևս եռյակի համագործակցությունից: Չգիտեմ ում համար ինչպես, բայց ինձ համար Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի և Վարդան Օսկանյանի, Քոչարյանի շահերը ներկայացնող քաղաքական ուժ էր այդ պահին, ուստի այժմ, երբ պարոն Զուրաբյանը խոսում է այդ համագործակցության մասին և այդ համագործակցության մասին խոսացողների մասին, թող մի պահ վերհիշի ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ հնչեցրած այն արտահայտությունը, որ իրենք շնորհակալ կլինեն Ռոբերտ Քոչարյանից, եթե ինքը նույնպես պայքարին միանա: Այդ մասով մի քիչ իմ համար անհասկանալի էր, ինչու է ինքն այդքան վրդովվել և ուզում էր իրեն տարանջատած լիներ, երբ որ իրենք ԲՀԿ-ի հետ համագործակցում էին»:



Ալեն Սիմոնյանը «Այո»-ի և «Ոչ»-ի սահմանադրական փոփոխությունների պայքարի սցենարիստին էլ համարում է Սերժ Սարգսյանին. «Դա Սերժ Սարգսյանի առաջ քաշած օրակարգն է, որտեղից ես իմ անձնական կարծիքն եմ ասում, հանրությունը հաղթած դուրս չի գալու, և հերթական անգամ հիասթափության, հուսահատության են տանելու: Իսկ ինչ վերաբերում է ճակատներին բաժանելուն, այո, այսօր կա իշխանության կողմից առաջադրված օրակարգ, և այդ օրակարգից դուրս քաղաքական ուժ, որը զբաղվում է հիմնական խնդիրը մեկընդմիշտ լուծելով և չի բռնվում անիմաստ գործողություններով և մեր հանրությանը հերթական անգամ հիասթափության չի տանում: Լևոն Զուրաբյանի այդ սև ու սպիտակի բաժանելը...  նման գործելաոճի հետևանքով է, որ այսօր ժամանակին հզոր ուժ ներկայացնող ՀԱԿ շարժումը հիմա վերածվել է ՀԱԿ կուսակցության, որը երկու ավտոբուս մարդ էլ չի հավաքի, եթե ինչ-որ բան լինի: Սուպեր-լիդերների սուպեր-հայտարարությունների, միանշանակ սուպեր-որոշումների պատճառով է, որ այդ սուպեր-լիդերներին մի օրվա մեջ տանում են գլխատում են, կամ էլ տնից դուրս չեն թողնում, և նման գործելաոճի պատճառով է, որ արդեն որերորդ անգամ է ընդդիմությունը մեր հանրությանը պարտության է տարել, և ցավոք սրտի խոսելով պատասխանատվությունից, երբևիցե նրանցից որևէ մեկը պատասխանատվություն չի կրել այն խաբված ցանկությունների, խաբված հույսերի համար, որ իրենք տվել են ժողովրդին և չեն կարողացել արդարացնել»: