Ես հեռանում եմ համակարգից. Սայաթ Շիրինյան

Ես հեռանում եմ համակարգից. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը հեռանում է ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում առաջին պրոռեկտորի պաշտոնից: Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է Սայաթ Շիրինյանը:



«Ես հեռանում եմ համակարգից, հեռանում եմ պատվով և արժանապատվորեն: Շնորհակալություն լուսանկարչին, որ անմահացրեց այն պահը, երբ համակարգից հեռանալու զեկուցագիր եմ գրում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին: Ինչպես Ոստիկանությունում, այնպես էլ այստեղ մեծ պատասխանատվությամբ, պատվով ու արժանապատվորեն կրեցի սպայական համազգեստը, անդավաճան մնացի սպայի բարձր կոչմանը: Մոտ մեկ տարի աշխատեցի ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում՝ առաջին պրոռեկտորի պաշտոնում: Կարողություններիս չափով արեցի ամեն հնարավորը, որ արատակարգ իրավիճակների մասնագետներ պատրաստող՝ տարածաշրջանում միակ այս բարձրագույն ուսումնական հաստատությունը լինի հզոր, իսկապես ակադեմիական: Այդ նպատակով վերաշինեցինք թե՛ ակադեմիան, և թե՛ նրա «Լուսակերտ» ուսումնավարժական բազան:



Ամեն ինչ արեցինք ակադեմիայի վարկանիշը բարձրացնելու համար, և դա մեզ հաջողվեց: Ակադեմիայի գործունեության մեջ առաջին անգամ ընդունելության քննություններն անցան մրցութային կարգով, և դա այն դեպքում, երբ հանրապետության մյուս բուհերում թափուր տեղեր շատ մնացին: Ակադեմիայի դիմորդների հոսքի աննախադեպ արդյունքը համարում եմ իմ աշխատանքային գործունեության ամենահաջողված իրողությունը: Մեծ հաջողություն էր նաև ակադեմիայի հրատարակությամբ նախարարության պաշտոնաթերթ «911.Արտակարգ թերթի» նոր ոճով և նոր ձևավորմամբ լույս ընծայումը:



Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր թիմով աշխատեցին ինձ հետ՝ հանուն պետության, հանուն մատաղ սերնդի ակադեմիական դաստիարակության և թողեցին անուն, հարգանք ու պատիվ: Փրկարարի առաքելությունը ծանր ու պատվաբեր գործ է: Հպարտ եմ, որ, թեև կարճ ժամանակով, ես փրկարարական մեծ ընտանիքի անդամն էի: Ինձ համար պատիվ էր ազնվագույն և յուրահատուկ հոգու տեր մարդկանց հետ աշխատելը: Ցավում եմ, որ հեռանում եմ համակարգից, շատ գործեր անավարտ մնացին: Երբեք չեմ սպասել գնահատանքի, որովհետև գործել եմ միայն պատվի և արժանապատվության բարձր մղումներով: Շնորհակալ եմ նախարար Արմեն Երիցյանից իմ հանդեպ ունեցած վստահության համար:



Ցանկությունս է, որ նրա ստեղծած հզոր ու մրցունակ նախարարության նման Ակադեմիան էլ դարձնի նույնքան հզոր, նույնքան մեծակարող, ինչպես «Արտակարգ քաղաք» համարվող նախարարությունը: Իմ կյանքում սկսվում է նոր սկիզբ, նոր իրողություններով ու սպասելիքներով… Բարին ընդ բոլորին… Հարգանքներով՝ գնդապետ Սայաթ Շիրինյան»