Ալիեւը եւ Միխալկովը

Ալիեւը եւ Միխալկովը

Ի՞նչը կարող է միավորել Ադրբեջանի նախագահին եւ կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովին: Վերջինս հայտարարել է, որ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է Գրիբոյեդովի մասին բազմասերիանոց փաստավավերագրական ֆիլմ նկարահանելու մասին իր ծրագրում «համատեղ աշխատանքի հնարավորությունը»:



Հայտնի է, որ Իլհամ Ալիեւը ոչ մի կապ չունի կինեմատոգրաֆիայի հետ: Նա մասնագիտությամբ միջազգայնագետ-պատմաբան է: Այս դեպքում ի՞նչն է ստիպել, որ Միխալկովը «համատեղ աշխատանքի հնարավորություն» քննարկի նրա հետ: Կարելի է ենթադրել, որ Միխալկովը քննարկել է ֆիլմի ֆինանսավորման հետ կապված հարցեր:



Իսկ ինչո՞ւ պիտի Ադրբեջանի նախագահը ֆինանսական աջակցություն ցուցաբերի Միխալկովի ծրագրին: Խնդրի էությունը հենց դա է: Ադրբեջանի իշխող ռեժիմը գեներացնում է գաղափար, որ մինչեւ Ռուսաստանի կողմից նվաճվելը Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի ներկայիս տարածքներում «հայեր չեն ապրել, Ռուսաստանն է կազմակերպել հայերի ներգաղթ՝ համաձայն Թուրքմենչայի պայմանագրի, փոխել տեղաշրջանի դեմոգրաֆիկ պատկերը»:



Հայտնի է, որ ռուս- պարսկական հաշտության բանակցություններում մեծ դերակատարություն է ունեցել Գրիբոյեդովը: Կարելի է անվարան ենթադրել, որ Իլհամ Ալիեւը կֆինանսավորի Նիկիտա Միխալկովի նախագիծը, բայց կպահանջի, որպեսզի սցենարը համաձայնեցվի իր հետ՝ փորձելով անպայման սյուժե ներմուծել «Պարսկաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության զանգվածային ներգաղթ կազմակերպելու» թեման:



Միխալկովի բարոյականությունից է կախված՝ պատմությունը կեղծելու միջոցով ստանա՞լ ֆիլմի նկարահանման համար անհրաժեշտ գումարը, թե՞ հովանավոր որոնել ուրիշ տեղ: Միխալկովն արդեն առաջին քայլն արել է՝ թեման քննարկել է Ալիեւի հետ: Հավանական է՝ արդեն որոշ համաձայնություններ ձեռք են բերվել:



Եվ եթե որոշ ժամանակ հետո Գրիբոյեդովի մասին փաստավավերագրական ֆիլմը ցուցադրվի Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ, եւ խոսք լինի, որ ռուս-պարսկական պատերազմից հետո Պարսկաստանից հայերի «զանգվածային ներգաղթ է կազմակերպվել Լեռնային Ղարաբաղ», ապա քարոզչական սադրանքը կանխելու համար արդեն չափազանց ուշ կլինի:



Հարկ է Միխալկով-Ալիեւ նախագծի իրականացումը կանխել այստեղ եւ այժմ:



Վահրամ
ԱԹԱՆԵՍՅԱՆ