Հայոց անմահ անեծքները

Հայոց անմահ անեծքները

Վերջին շրջանում իմ ընթերցած ամենաֆանտաստիկ գիրքը 1975 թվականին Սարգիս Հարությունյանի կազմած «Անեծքի եւ օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» ժողովածուն էր: Այս գիրքն ընթերցելուց հետո սյուրռեալիզմի, սիմվոլիզմի եւ մոգական ռեալիզմի մասին պատկերացումներս լրիվ հօդս ցնդեցին: Եթե Մարկեսը, Գյունտեր Գրասսն ու Սալման Ռուշդին  ծանոթ լինեին մեր տատիկների երեւակայությանը, կամաչեին իրենց ստեղծագործություններից: Մենք նաեւ սիրում ենք հայհոյել՝ սիրում ենք, բայց միայն «դրսում», չգիտես ինչու՝ «ներսում», ի տարբերություն անգլիացիների, իսպանացիների ու այլոց, մեզ մոտ այն ոչ մի կերպ չի ընկալվում` որպես առօրյա կյանքի ու խառնվածքի պարզ դրսեւորում:



Եթե տեքստի մեջ հանդիպող հայհոյանքները բանտարկվում են բարոյական կեղծ կաղապարներով, ապա անեծքների դեպքում դրանք ընկալելի եւ ընդունելի են դառնում, թեկուզ որպես «ժողովրդի ծոցից» ծնված «ցանկության խոսքեր» (ասես հայհոյանքը չի ծնվում նույն ծոցի մեջ ու դուրս չի գալիս նրա բերանից): Ինչեւէ, չերկարացնեմ. «Անեծքի եւ օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» գիրքն ընթերցելիս ավելի շատ ինձ ապշեցրին հայոց անեծքների ֆանտասմագորիկ հնարավորությունները, դրանց երեւակայության անսահմանությունը եւ մեծ ու զիլ հումորը:



 



Ստորեւ ներկայացնում եմ իմ կողմից ընտրված լավագույն անեծքները:



 



«Ծակծակ լեշիդ նստեմ»



«Ջրի տակից սեւ խաբարդ գա»



«Կանաչ օրդ կտրի»



 «Քու հար թաղիմ, ձեր բաղը քաղիմ»



«Բալեդ առջեւդ թպռտորիկ գա»



«Սրտիդ սիրեկանը, ջանիդ դուրեկանը մեռնի»



«Լերդ ու թոքդ փորումդ տրորվի»



«Միսըդ օսկըռիդ ձեն տա»



«Կատղիս` թեւերուդ միսը կռծես»



«Միսդ շունը ծամի, արինդ ես խմեմ»



«Ծծերըմդ փիթլա (պատրույգ) բանի»



«Շատ ուտես՝ փորեդ չելնի»



«Բեղ ու միրուքդ թափի»



«Կանաչ մողեսը մտնի անկաճդ»



«Շորերդ տերտերին տամ»



«Մորու թփերի տակին շվաք անիս»



«Միսդ շունը ծամի, արինդ ես»



«Աչքդ ջիբլիբո, մատիդ` մատնաշունչ, մեճկիդ` ձիրձիդա, վուտիդ` քարխեճ»



«Հացդ ձիավոր դառնա, դու` ոտավոր»



«Տանդ կուկուն բուն դնի»



«Տարեն տասներկու ամիս աշխատես` ձեռդ կուշտ փորի չդնես»



 «Քեզ տեսնեմ` բուբուն ածի, կուկուն տանի»



«Աչքիդ լիսը հանեմ, տեղը կորեկ ցանեմ»



«Ջրի միջու ջանավարներու փայ էղնիս»



«Կանաչ  ու կարմիր օրդ թաղեմ»



«Էրկոց-էրիկ (ամուսնուց ամուսին) երթաս»



«Օխտը տեղաշոր պանաս»



«Չխերես, չբարես, չբդրես, չպտկես ու չծաղկես. թե ծաղկես, թե կանաչես էլ` իշվանք կռծեն ծիլ ու ծաղիկդ»



«Ռիշեդ (արմատ) մուխ ըլնի»



«Հոգիդ սատանեքը տանեն, լաշդ` մոլլեքը»



«Հոգուդ վրա խշխշաս» «Արեւդ լորի պոչ դառնա` փչանա»



«Բոյդ խամ թելով չափեմ` չը բարձրանա»



«Օրշնիմ, օրշնիմ` օղոճկիս, Ոդնեն չուրի գլուխ պողոճկիս, Ձետիկ-մետիկ ցավ առնիս, Ուրբաթ օր ուռիս, շաբաթ օր բդկիս, Կիրակմուտ` ժամպատարագին արժան չեղնիս»



«Արեւամե՛ռ Մերամե՛ռ Խերամե՛ռ Ախպերամե՛ռ Ազիզամե՛ռ Որդամե՛ռ Ժուռումուռամե՛ռ Սեւալաչա՛կ Հըլհըլո՛ւկ Գոթեցո՛ւկ»



«Էնքան քեզ շինեն՝ ցանց դառնաս»



«Ծծերդ լպստող չեղնի»



«Խոզը կծի՝ փորդ թափի»



 «Պատանքդ շուլուլեն սեւ-սեւ մազերով` դրան էլ արժանի չէլնես»



«Դատածդ բարձիդ տակն ուտես»



 «Բմբլահան ըլես` յախեդ ծամես»



«Օձի պես հողը լիզես»



«Դեղին դանակ ուտես»



«Մեռլի միս ծամես»