Ձեռքբերումների ու տապալումների ծրագիրը

Ձեռքբերումների ու տապալումների ծրագիրը

Տարին մոտենում է ավարտին, եւ շուտով բոլոր գերատեսչություններն ամփոփելու են գործունեությունը: Կառավարությունը, բնականաբար, խոսելու է ձեռքբերումների մասին՝ չմոռանալով ասել, որ, «իհարկե, կան բացթողումներ, բայց, բնականաբար, միանգամից չենք կարող մեծ հաջողություն գրանցել»: Օգնենք կառավարությանը՝ հասկանալու համար, թե քառամյա՝ 2014-17թթ. գործունեության ծրագրի կես ժամկետն անցնելուց հետո նախանշած ուղղություններին որքան է հասել: Անդրադառնանք դրույթների մի մասին՝ շրջանցելով արտաքին քաղաքական եւ պաշտպանական հարցերը:



Հայաստանը, ըստ կառավարության ծրագրի, պետք է դառնար այսպիսին. «Քաղաքացու՝ ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելու, յուրաքանչյուր հայի համար ապահով հանգրվան եւ սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում կուտակած փորձի ու գիտելիքների առավելագույնս դրսեւորման հնարավորության երկիր, արժանավայել կյանքով ապրելու…», չենք շարունակում, ճոռոմ բառերը շատ են: Իրականությունն այն է, որ ամեն անգամ այս հատվածը «copy-past» են անում մյուս ծրագրի մեջ, բայց ո՞ւր էր նման բախտ, որ «copy-past»-ով երկիր զարգանար:



Պարզվում է, որ կառավարությունը եւս Հայաստանի զարգացումը կապում է սահմանադրական փոփոխությունների հետ եւ այսքանը թվարկելուց հետո նշում է սահմանադրական բարեփոխումների կարեւորությունը:



«Հայաստանի տնտեսությունը պետք է բաց լինի թե´ հայրենական եւ թե´ օտար ներդրողների համար»,- ասում է կառավարությունն ու շեշտում տնտեսական մրցունակությունն ու ազատ դաշտը: Իրականում այս ուղղությամբ վերջին շրջանում իրոք որոշ բաներ արեցին. էկոնոմիկայի նախարարությունը, «Բիզնես Ֆրանսը» եւ Եվրամիության պատվիրակությունն ստորագրեցին Թվինինգ պայմանագիր, որը պետք է խթանի օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստան: Կառավարությունն ընդունեց ներդրումային քաղաքականության հայեցակարգ, անցավ բաց դռների քաղաքականության, ընդունեց նաեւ չինացի, պարսիկ գործարարների, Նյու Յորքի մեծ ներդրումային համաժողով նախապատրաստեց: Տրցակներով բուկլետ տպեց ու փաստաթղթեր ընդունեց: Բա ելույթներն ու հայտարարություննե՜րը …



Պարզվեց, որ բանը թղթաբանությունից այն կողմ չի անցնում: Ընդհակառակը, տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը տարվա առաջին կեսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասեց 3 անգամ՝ 180 միլիոն դոլարից հասնելով 65 միլիոնի, իսկ վերջին 5 տարիներին յուրաքանչյուր տարի պակասում է 40-60 տոկոսով: Ընդ որում, նվազել են գրեթե բոլոր երկրներից մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում կատարված ներդրումները։



Այսինքն, մենք կարող ենք միլիոն հատ համաժողով անել, զեկույցներ կարդալ, բայց դա հո չի՞ նշանակում, թե ամեն բան կարգավորվելու է: Կառավարությունը խոստանում էր ներդրումային օրենսդրության առկայություն, արել է, մշակել է հայեցակարգ, ուրեմն բավարարվենք այդքանով:



Կառավարությունը ծրագրային դրույթներում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5 տոկոս աճի միջոցով: Կարծես մեր վիճակագիրներին հաջողվում է նկարել նման թիվ՝ գյուղարտադրանքին ու հանքերի շահագործմանը հղում անելով: Առաջինը սեզոնային է, երկրորդը՝ պետության ապագայի համար անհեռանկար:
Կառավարությունը տնտեսական աճը զուգակցում էր նոր աշխատատեղերի ստեղծմանը: 4 տոկոս աճի արդյունքում որեւէ աշխատատեղի ավելացման մասին չխոսվեց, քանի որ այդ տնտեսական աճն իրականում որեւէ մեկի վրա դրական ազդեցություն չունեցավ: Կարո՞ղ եք հաշվել, թե քանի աշխատատեղ բացվեց կառավարության գործունեության արդյունքում, եւ քանիսը փակվեց սնանկացումների, ծավալների կրճատման, ներկրումների անկման, ներմուծումների ու արտահանումների պակասի արդյունքում:



Կառավարությունը շեշտում է կայուն աշխատանքի եւ արժանապատիվ վարձատրության մասին՝ ազգի բարեկեցության համար, որին, սակայն, ծիծաղելի է անգամ անդրադառնալը:
Մի բան էլ էր խոստանում կառավարությունը, ինչը եւ արեց. գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների եւ լիցենզիաների ցանկի էական կրճատում: Շուտով կառավարությունը կընդունի արտոնագրային հարկի մասին օրենքը, որը կոշկակարներին, հաշմանդամների սայլակ սարքողներին, կրկնուսույցներին, ստեղծագործողներին, պարողներին, ժամագործներին եւ այլոց բերում է հարկային դաշտ: Նրանք մինչ այս վճարում էին արտոնագրային վճար, հիմա՝ հարկ: Իրականում սա ավելի օգուտ է այդ հարկատուների համար, քանի որ քիչ է ե՛ւ հարկը, ե՛ւ թղթաբանությունը: Բայց հարցն այն է, որ սա արժանապատիվ աշխատանքի ու վարձատրության մասին չի խոսում: Առանց այն էլ այս մարդիկ ընդհանուր հաշվով 4 մլն. դրամ են ամսական մուծում ՀՀ բյուջե, ինչը չնչին գումար է, եւ ընդ որում՝ 4 մլն.-ն առաջ 10 մլն. էր, մեկ տարում փոքրացել է վճարման չափը: Ուրեմն արժեր ընդհանրապես չհարկել:



Պետությունը եթե ամսական 4 մլն. դրամի կարիք ունի, ուրեմն ողբալ կարելի է այդ պետության ապագայի վրա:



Կառավարությունը խոստացավ մասնավորի հետ կառուցել գործընկերային հարաբերություններ` նրանց համար երաշխավորելով գործունեության հավասար պայմաններ: Իրականությունն այն է, որ սա ի սկզբանե ձախողված թեզ էր: Հարկային տեռորի ու բյուրոկրատիայի արդյունքում բիզնեսը ցանկանում է որքան հնարավոր է հեռու մնալ պետությունից, շփում չունենալ կառավարության հետ, այլապես խնդիրներ կունենա:



Այսօր պետություն-մասնավոր հարաբերությունները քիչ թե շատ բարիդրացիական են հովանավորչությամբ աշխատողների մոտ միայն։



Սեւակ
ՀԱԿՈԲՅԱՆ