Քաղաքագրություն. երեւանյան արտագաղթը

Քաղաքագրություն. երեւանյան արտագաղթը

Երեւան քաղաքից եւ Երեւանի խանությունից մեծ թվով գերիներ են տարվում Վրաստան Հերակլ թագավորի արշավանքների ժամանակ, որի մասին խոսվել է համապատասխան տեղերում։ Բացահայտ գերեվարությունից եւ բռնի արտագաղթից բացի, մեզ հետաքրքրող ժամանակներում Երեւանից գաղթել են նաեւ «կամովին», օտարի տիրապետության ծանր պայմանների հետեւանքով։ Այսպես, Երեւանից 32 ընտանիք գաղթել է դեպի Գանձակի (Գյանջա) կողմերը։ Դրանցից 20-ը բնակություն է հաստատել Գանձակ քաղաքում, որտեղ նրանք կառուցել են իրենց եկեղեցին՝ «Երեւանցոց եկեղեցին», մնացած 12 ընտանիքից 5-ը բնակվում է Նուզգար գյուղում, իսկ 7-ը՝ Ղազախի շրջանում: Սակայն միայն բռնի տեղահանությամբ եւ հարկադրաբար գաղթով չի սահմանափակվում Երեւանի բնակչության արտահոսքը։ Տարբեր աղբյուրների վկայություններից երեւում է, որ վաճառականական ու այլ նպատակներով, ինչպես նաեւ պարզապես այլ վայրերում բնակվելու համար Երեւանից տարբեր ժամանակներում դուրս են եկել եւ տարբեր շրջաններում ու քաղաքներում բնակություն հաստատել հարյուրավոր մարդիկ։ Դրանցից ոմանք դեգերում էին տարբեր քաղաքներում, իսկ ոմանք էլ որեւէ տեղ մշտական բնակություն էին հաստատում։ Վերջիններիս թվին էր պատկանում նաեւ երեւանցի ոմն Ղազարը, Հակոբի որդին։ Նա (գուցե եւ նրա հայրը), հավանաբար Երեւանից դուրս գնալով, բնակություն էր հաստատել Սիսիանի շրջանի Դարաբաս գյուղում, որի Սբ. Աստվածածին եկեղեցու ավերակներում ընկած մի փոքրիկ ու գեղեցիկ խաչքարի վրա Ս. Գ. Բարխուդարյանը վերծանել է 1581 թվականին վերաբերող 4 տողանոց արձանագրություն:



Զանազան եղանակներով տեղի ունեցող քաղաքի բնակչության արտահոսքի համեմատությամբ մեզ հետաքրքրող ժամանակներում ներհոսքն ավելի թույլ է եղել։ Բայցեւայնպես, մի քանի անգամ Հայաստանի ուրիշ շրջաններից ու քաղաքներից զգալի թվով բնակիչներ են եկել ու բնակվել Երեւանում։



Թուրք-պարսկական պատերազմների հետեւանքով ավերված Արարատյան դաշտն ու Երեւան քաղաքը մարդաշատ դարձնելու եւ տնտեսությունը վերականգնելու խնդրով բավական ակտիվ գործունեություն են ծավալել պարսկական երկու խաներ՝ Ամիրգունան եւ Հասան-Ալի խանը։ Արարատյան դաշտում ու Երեւան քաղաքում բնակեցնելու համար Ամիրգունա խանը երկու արշավանք է կատարում դեպի Արեւմտյան Հայաստան եւ բազմաթիվ գերիներ բերում... Նրա՝ դեպի Վանա լճի շրջակայք 1608 թվականին կատարած երկրորդ արշավանքի մասին հիշատակված է նաեւ 17-րդ դարի մի անանուն ժամանակագրի մոտ: Անանուն ժամանակագրի հիշատակության մեջ չի ասված, թե խանի զորքերի կողմից գերվածներին որտեղ բնակեցրին։ Զաքարիայի վկայություններում ուղղակի նշվում է, որ առաջին արշավանքի ժամանակ Կաբինի (Էրզրում) կողմերից բերված գերիները բնակեցվեցին «յերկիրն Երեւանայ» (Երեւանի խանությունում), իսկ Վան ու Մուշ կատարված երկրորդ արշավանքի ընթացքում գերվածները՝ Քալար, Գոկգումբեթ, Կավակերտ, Փարաքար, Սապատ եւ Երեւանի ու Էջմիածնի միջեւ գտնվող այլ գյուղերում։



Նույնպիսի քաղաքականություն էր վարում նաեւ Հասան-Ալի խանը, որը նշանակված էր Նադիր-Շահի կողմից։ Նա էլ արշավանքներ էր կատարում դեպի Արեւմտյան Հայաստանի փաշայությունները եւ, գերեվարելով բազմաթիվ բնակիչների, բերում բնակեցնում էր Արարատյան դաշտի ամայացած գյուղերում։ Չնայած մեզ հասած աղբյուրներից ոչ մեկը չի հիշատակում Ամիրգունայի եւ Հասան-Ալի խանի բերած գերիներից Երեւանում բնակեցնելու մասին, սակայն այդ ակնհայտ է եւ անխուսափելի... Սակայն գերեվարությամբ Երեւան բերված բնակիչների թվի համեմատությամբ մեծ զանգվածներ էին կազմում տարբեր ժամանակներում եւ տարբեր առիթներով Երեւան գաղթածները... Ամբողջովին եկվորներ են նորքեցիները։ Հնագույն Նորք գյուղի բնիկ բնակիչները Պարսկաստանի խորքերն էին քշվել Շահ-Աբաս I-ի հրամանով կազմակերպված ընդհանուր բռնագաղթի ժամանակ։ Սակայն ջրերով հարուստ եւ արգավանդ հողերով ու փարթամ այգիներով հայտնի Նորքը երկար ժամանակ չի մնում ավերված եւ ամայի վիճակում։ Պարսկաստանից վերադարձող Նախիջեւանի Նորս գյուղի մի քանի ընտանիքներ բնակվում են լքված Նորք գյուղում եւ շենացնում այն: Նախիջեւանից եկած այդ բնակիչները եւս եղել են բրուտներ եւ իրենց նոր բնակավայրում նույնպես գյուղատնտեսության հետ միասին զբաղվել են կավագործությամբ։



Երեւան քաղաքի պատմությունը