Վալերի՝ Մենք մահկանացու ենք

Վալերի՝ Մենք մահկանացու ենք

Մենք՝ քաղաքակրթություններս, գիտենք, հիմա արդեն գիտենք, որ մահկանացու ենք, մենք պատմություններ ենք լսել հիմնովին անհետացած աշխարհների մասին՝ ողջ իրենց մարդկանցով ու տեխնիկայով հանդերձ, խորտակված աստվածներով ու օրենքներով, ակադեմիաներով եւ բառարաններով, դասականներով, ռոմանտիկներով ու սիմվոլիստներով, իրենց քննադատներով ու քննադատների քննադատություններով դարերի անպեղելի խորքերն իջած տերությունների մասին… Մենք քաջ գիտենք, որ բովանդակ տեսանելի աշխարհն ստեղծված է մոխրից, իսկ մոխիրը նշանակում է ինչ-որ բան: Պատմության թանձր քողի միջով նշմարում էինք հարստությամբ եւ ոգով ծանրաբեռ հսկայական նավերի ուրվականներ եւ անկարող էինք դրանք հաշվել: Այդ խորտակումներն ըստ էության մեզ չէին վերաբերում. Նինվեն, Բաբելոնը հրաշալի անուններ էին, եւ այդ աշխարհների լիակատար կործանումը մեզ համար ուներ նույնքան նշանակություն, որքան դրանց գոյությունը: Այժմ տեսնում ենք, որ պատմության վիհը բավականաչափ մեծ է ամենքին ընդգրկելու համար: Զգում ենք, որ քաղաքակրթությունը կյանքի նման դյուրաբեկ է: Քիթսի եւ Բոդլերի երկերը Մենանդրոսի գործերի ճակատագրին արժանացող հանգամանքները բնավ էլ անհավանական չեն, դրանք կարելի է գտնել ամեն լրագրում:



Եվ սա ամենը չէ: Այրող դասն էլ ավելի լիակատար է, մեր սերնդին բավական չէր սեփական փորձով ճանաչել, թե դիպվածով ինչպես են կործանվում անսահման գեղեցիկ եւ ամենահին, խորապես սքանչելի ու լավագույնս կարգաբերված իրերը, նա ականատես եղավ մտքի, առողջ դատողության եւ զգացմունքի ոլորտում տեղի ունեցող արտասովոր երեւույթների, պարադոքսների հանկարծական դրսեւորումների, ակներեւության դաժան հիասթափությունների: Այսպես, հոգեւոր Պերսեպոլիսը պակաս ավերված չէ, քան իրական Սուսան: Ամեն ինչ չէ, որ մատնվել է կորստյան, բայց ամեն ինչ ապրել է կործանման զգացումը: Եվրոպայի ողնաշարով մեկ անցավ արտասովոր սարսուռ, իր մտածող բովանդակ կորիզով նա զգաց, որ այլեւս չի ճանաչում ինքն իրեն, որ դադարել է ինքն իրեն նմանվելուց եւ ուր որ է կկորցնի գիտակցությունը, գիտակցություն, որ դարերի ընթացքում ձեռք է բերել կրած տառապանքով, հազարավոր առաջնակարգ մարդկանցով, աշխարհագրական, էթնիկական, պատմական անհամար հնարավորություններով: Այնժամ, ասես ի հուսահատ պաշտպանություն իր ֆիզիոլոգիական լինելիության եւ ունեցվածքի, նրա ողջ հիշողությունն սկսեց աղոտ կերպով վերականգնվել: Նրա երեւելի մարդիկ ու նշանավոր գրքերը հառնեցին խառնիխուռն դեպի նա: Երբեք այդքան շատ, ոչ էլ այդքան կրքոտորեն չընթերցվեցին գրքեր, որքան պատերազմի ժամանակ․ հարցրեք գրավաճառներին… Երբեք այդքան սրտագին, ոչ էլ այդքան ներհունորեն չաղոթեցին. հարցրեք քահանաներին…



…Ոչ ոք ի զորու չէ ասելու, թե վաղը գրականության, փիլիսոփայության, էսթետիկայի մեջ ինչը կլինի մեռած կամ կենդանի. ոչ ոք դեռ չգիտի, թե ինչ գաղափարներ, արտահայտչակերպեր կարձանագրվեն կորուստների ցուցակում, ինչ նորույթներ կհռչակվեն: Հույսը, անշուշտ, չի մեռնում, սակայն այդ հույսը մարդ արարածի լոկ անվստահությունն է իր ոգու ճշգրիտ կանխատեսումների նկատմամբ: Այն հուշում է, որ մարդու համար աննպաստ ամեն եզրակացություն պիտի որ լինի նրա ոգու սխալը:



Փաստերը, սակայն, ակնհայտ են ու անողոք. կան հազարավոր մեռած երիտասարդ գրողներ ու արվեստագետներ. կա եվրոպական մշակույթի կորուսյալ պատրանք եւ ինչ-որ բան փրկելու անզորության ճանաչում. կա իր բարոյական նկրտումների մեջ մահացու վիրավոր եւ իր կիրառության դաժանությամբ ասես անարգված գիտություն. կա դժվարությամբ հաղթանակող, սոսկալի բզկտված, իր երազների համար պատասխանատու իդեալիզմ, հիասթափված, ծեծված, հանցանքներից ու սխալներից ընկճված ռեալիզմ. հավասարապես ծաղրված ընչաքաղցություն եւ ինքնահրաժարում. ժամանակների մեջ իրար խառնված հավատքներ, խաչ՝ ընդդեմ խաչի, մահիկ՝ ընդդեմ մահիկի, կան խիստ հանկարծական, ահավոր ուժգին եւ չափազանց թերահավատներ, որ խաղում են մեր մտքերի հետ, ինչպես կատուն՝ մկների,- իրենց կասկածները փարատող, վերագտնող ու դարձյալ փարատող եւ իրենց ոգու կենսունակությունից օգտվելու անկարող թերահավատներ:



Նավի ճոճումը եղավ այնքան ուժգին, որ խնամքով կախված լապտերներն ի վերջո շուռ եկան:



«Ոգու քաղաքականություն», թարգմանությունը ֆրանսերենից` Արուս Բոյաջյանի