Շարմազանովը «այո» է քարոզում լրագրողների մոտ

Շարմազանովը «այո» է քարոզում լրագրողների մոտ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը։ Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ նիստում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, անդրադարձել են նաև սահմանադրական փոփոխությունների քարոզշությանը, շտաբի աշխատանքներին, ինչպես նաև որոշ ստահոդ, ոչ հայաստանյան մամուլում հրապարակված լուրերին։



Շարմազանովն այնուհետև սկսեց ձեռքի հետ «այո»-ի քարոզ անել լրագրողների մոտ։ Երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք չի՞ կաշկանդի պաշտանության նախարար Սեյրան Օհանյանի քարոզչությունը զինվորներին իրենց քվեն ազատ արտահայտելու հարցում, Շարմազանվն ասաց, որ յուրաքանչյուր ոք ունի իր «այո»-ն քարոզելու իրավունք։ Ապա նա վերցրեց իր ձեռքի «այո»-ի քարոզչական գրքույկն ու ցուցադրաբար տեսախցիկների առաջ պահելով՝ սկսեց «այո»-ական տեքստեր ասել։



«Սա է մեր «այո»-ն, և ես Ձեզ հիմա նվիրում եմ, և կտեսնեք, որ Հանրապետական կուսակցությունը և «այո»-ի քարոզիչները շեշտը դնում են բացարձակապես դրական փոփոխությունների վրա, և այն բովանդակության վրա, որը դրված է այստեղ։ Սա իմ կողմից Ձեզ նվեր, որ տեսնեք»,- ասաց նա՝ իր ձեռքի «բուկլետը»-ը նվիրելով իրեն հարց տված լրագրողին։



Hraparak.am-ի հարցին, թե սա «այո»-ի քարոզ՞ է իր կողմից, Շարմազանովը չհերքեց․ «Նաև «այո»-ի քարոզ է, ի՞նչ վատ բան կա «այո»-ի քարոզի մեջ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ