Գագիկ Մինասյանը՝ ԱԺ-ում ծառայողական մեքենաների իրական թվի, բարձրացված խնդրի և իր մեքենայից հրաժարվելու մասին

Գագիկ Մինասյանը՝ ԱԺ-ում ծառայողական մեքենաների իրական թվի, բարձրացված խնդրի և իր մեքենայից հրաժարվելու մասին

Այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում քննադատության ենթարկեց եկող տարվա բյուջեով ծառայողական ավտոմեքենաների ավելացման հարցն ու հիշեցրեց Դանիայի օրինակը, որտեղ կա ընդամենը 23 ծառայողական ավտոմեքենա։ Նրանց խորհրդարանում էլ միայն խոսնակին է հատկացված մեքենա, մյուսները չունեն։ Մինչդեռ Դանիայից անհամեմատ փոքր բյուջե ունեցող Հայաստանում եկող տարի նախատեսում են ունենալ 1072 ծառայողական ավտոմեքենա։ Փաշինյանը նշեց նաև, որ ՀՀ Ազգային ժողովն էլ ունի 83 ծառայողական ավտոմեքենա, որի կեսը անհասականալի է, թե ինչ նպատակներով է օգտագործվում։ Այստեղ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ ԱԺ-ում մոտ 30-40 հատ մեքենա կա, որոնք չեն շահագործվում, «լոմի տեղ կանգնած են»։



ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով ևս ի պաշտոնե օգտվում է ծառայողական մեքենայից, Hraparak.am-ի հետ զրույցում նախ ասաց, որ Փաշինյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում։



«Ինչ վերաբերում է պարոն Սահակյանի ասածին, դա նշանակում է, որ այն թիվը, որը հնչեցվել է՝ որպես Ազգային ժողովի մեքենաների քանակ, դրանք իրականությանը չեն համապատասխանում, դրանք շատ ավելի քիչ են, որովհետև այդ մյուս մեքենաներն այն կարգավիճակում են, որ դրանք որպես մեքենա չեն կարող ծառայել, նրանք գոյություն ունեն որպես մետաղի ջարդոն»,-ասաց նա։



Ինչ վերաբերում է ընդհանրապես ծառայողական մեքենանաերի քանակին և այդ խնդրի կարգավորման մոտեցումներին արևմտյան երկրներում, ապա Մինասյանը նշեց, որ այստեղ կա երկու մոտեցում․ «Կա՛մ յուրաքանչյուր մեքենա կցվում է այն մարդուն կամ բաժնին, որը օգտվում է այդ մեքենայից, կամ երկրորդը, երբ, այսպես ասած, ծառայություն են գնում՝ որպես ավտոմեքենայի օգտագործում։ Երկուսն էլ տարբեր երկրներում կիառվում են, մասնավորապես Հայաստանում կան կառույցներ, որոնք արդեն իսկ կիրառում են այդ, այսպես կոչված, «աութսորսի» մեթոդը, երբ ծառայություն են գնում։ Օրինակ՝ ՀՀ Կենտրոնական բանկում կամ ֆինանսների նախարարությունում արդեն ներդրել են այդ մեթոդը»։
Իսկ թե որ մեթոդն է ավելի արդյունավետ, Գագիկ Մինասյանը հիշեցրեց ծրագրային բյուջետավորման մասին, որը, ըստ նրա կտա թե՛ այս, թե՛ շատ այլ հարցերի պատասխանը․ «Միայն ծրագրային բյուջետավորումը կարող է պատասխանել, թե ինչպիսի մասնաբաժին ունի մեքենան այն նպատակների իրականացման մեջ, որը դրված է այդ բաժնի, բաժանմունքի կամ կառույցի վրա»։



Ծրագրային բյուջետավորման, սակայն, մենք պատրաստվում ենք անցնել 2018 թվականին, ուստի  մինչ այդ ինչպե՞ս է պատկերացնում խնդրի լուծումը և նորմա՞լ է համարում, որ այս սուղ միջոցների դեպքում մի բան էլ նախատեսում են ավելացնել պետական մեքենաների թիվը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Երբ Դուք ասում եք մեքենաների ավելացում, Դուք պետք է ոչ թե այդ ավելացումը նայեք, այլ նայեք, թե որ բնագավառում ինչ գործառույթի համար է ավելանում։ Եթե այդ տեսակետից նայեք հարցին, պատասխանը պարզ կլինի»,։



Հարցին, թե ինքը կարո՞ղ է առանց իրեն հատկացված ծառայողական ավտոմեքենայի էլ լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հրաժարվելով պետական մեքենայից, պարոն Մինասյանն ասաց․ «Իհարկե, ուղղակի ես կդժվարանամ ասել՝ թե այդ պարագայում ինչ արդյունավետություն կառաջանա կամ ինչ արդյունավետություն կնվազի»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ