Հայի հետին խելքը-2

Հայի հետին խելքը-2

Բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի պատրաստած, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի ընդունած «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մնացած օկուպացված տարածքներում բռնությունների աճը» զեկույցը լուրջ ապտակ էր մեր դիվանագիտությանը։ Մինչ զեկույցի ընդունումը հայ գործիչները հոխորտում էին, թե այն չի ընդունվի։ Եվ այնքան ինքնավստահ էին, որ ոչինչ չարեցին այդ զեկույցի ընդունումը կանխելու համար։ Ավելին՝ երբ սեպտեմբերի 22-ին Ուոլթերը դիմեց ԼՂՀ իշխանություններին՝ Արցախ մուտք գործելու խնդրանքով, նրան մերժեցին հյուրընկալել։ Հույս ունեին, որ եթե նրան չընդունեն, զեկույցը չի գրվի։ Թերեւս ենթադրում էին, որ Ղարաբաղում չլինելու հանգամանքը կասկածի տակ կդնի այդ զեկույցի օբյեկտիվությունը, եւ այն կմերժվի ԵԽԽՎ հանձնաժողովում։ Սակայն պարզվեց՝ մեր դիվանագիտական միտքը մնացել է Իսրայել Օրու ժամանակների մակարդակին․ զեկույցը ոչ միայն ընդունվեց, այլեւ մի քանի հակահայկական առաջարկներ եւս ընդգրկվեցին։ Մասնավորապես՝ դատապարտվեց այն, որ հայկական կողմը չի համագործակցել զեկուցողի հետ։ Այս դեպքերից հետո մերոնք հասկացան, որ միջազգային հանրության հետ ուլտիմատումներով խոսել չի կարելի, եւ մեր շահերից է բխում անգամ ամենահակահայկական ու կաշառված եվրոպացիների հետ հարաբերվել-բանակցելը։



Եվ երեկ ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ պատրաստ է աջակցել ԵԽԽՎ հերթական զեկուցողին՝ բոսնիացի Միլիցա Մարկովիչին, որը ԼՂՀ է ուզում այցելել։ Այս անգամ թեման Սարսանգի ջրամբարն է, եւ զեկույցը քննարկվելու է ԵԽԽՎ սոցիալական հարցերի, առողջապահության եւ կայուն զարգացման հանձնաժողովում։ Այս զեկույցն էլ պակաս հակահայկական չէ՝ վերնագիրն է․ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից», սակայն զեկուցողին ընդունել անհրաժեշտ է։