Հաղթելո՛ւ ենք, ազատությունը մոտ է. Վոլոդյա Ավետիսյան

Հաղթելո՛ւ ենք, ազատությունը մոտ է. Վոլոդյա Ավետիսյան

Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը «Ընդդիմության միասնական շտաբ»-ին է ուղարկել հետևյալ բովանդակությամբ կոչը և խնդրել է այն հրապարակել իր անունից



Սիրելի՛ հայրենակիցներ,



Ազատամարտիկ ընկերնե՛ր,



Մեծ ուշադրությամբ հետևում եմ մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին:
Ուրախ եմ, որ մի խումբ ընդդիմադիր քաղաքական ուժեր միավորվել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մեջ և ձգտում են նաև համագործակցել մյուս ընդդիմադիրների հետ, որպեսզի միասնական ճակատով պայքարեն բռնապետության դեմ:



«Նոր Հայաստան» ճակատը պայքարի վճռական փուլն սկսում է դեկտեմբերի 1-ին՝ Ազատության հրապարակում նշանակված համազգային հանրահավաքով:



Պայքարի ընթացքը մեծ հույս և հավատ է տալիս բոլորիս: Եթե այսպես շարունակվի, առանց դեկտեմբերի 6-ի հանրաքվեին հասնելու կվռնդենք Սերժ Սարգսյանին ու իր ավազակախմբին: Այդպիսով կազատագրենք մեր երկիրը և թույլ չենք տա, որ նա իր նոր սահմանադրության միջոցով մեզ ճորտ դարձնի:



Ես, բանտում լինելով, տեսնում եմ արդեն հաղթանակը: Եվ տեսնում եմ, որ ամեն ինչ որոշվելու է փողոցում՝ դեկտեմբերի 1-ին և հաջորդ մի քանի օրերին: Դեկտեմբերի 1-ը վճռական օր է դարձել Հայաստանի և ամբողջ հայության համար:
Այդ պատճառով կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին և իմ զինակից ընկերներին՝ դեկտեմբերի 1-ին Հայաստանի բոլոր քաղաքներից ու գյուղերից գալ Երևանի Ազատության հրապարակ, սկսել ակտիվ պայքարը, ոչ մի դեպքում չնահանջել և գնալ մինչև վերջ՝ մինչև հաղթանակ:



Հաղթելո՛ւ ենք, ազատությունը մոտ է:



Վոլոդյա Ավետիսյան



Վարդաշեն ՔԿՀ, 20 նոյեմբերի 2015 թ.