Մի քրեական գործի պատմություն

Մի քրեական գործի պատմություն

Երբ սեպտեմբերի 18-ին խմբագրություն այցելած տիկնոջ պատմությունը ձայնագրեցինք եւ տեղադրեցինք hraparak.am կայքում, չէինք պատկերացնում, որ այն այսքան մեծ աղմուկ է բարձրացնելու եւ այսպիսի հետեւանքներ է ունենալու։ Իհարկե, հասկանալի էր, որ ՀՀ նախագահի եղբոր անունը շոշափելը հեշտ բան չէ։ Սակայն այս տարիներին Սաշիկ Սարգսյանի անունն այնքան հաճախ է շոշափվել մամուլում, որ դրա մեջ, անկեղծ ասած, արտասովոր բան չտեսանք։ Մանավանդ՝ տիկնոջ պատմածն էլ Հայաստանի համար անսովոր չէր. Սաշիկ Սարգսյանի «բայեւիկները» Թումանյան փողոցի վրա մի երիտասարդի էին ծեծել, որը հանդգնել էր վիրավորել «շեֆին»։ Երիտասարդն ընկերուհու հետ անցնելիս է եղել փողոցով, ինչ-որ խոսակցություն է եղել նրա եւ Սաշիկ Սարգսյանի միջեւ, եւ վերջինիս թիկնապահ-ուղեկիցները երիտասարդին ծեծի են ենթարկել մարդկանց աչքի առաջ։ Պատմությունը մեզ ներկայացրած տիկինն այս միջադեպին անձամբ էր ականատես եղել, քանի որ շանը տարել էր զբոսանքի։ 



Այս հրապարակումից անմիջապես հետո մեզ սկսեցին զգուշացնել-սպառնալ, որ «չենք մարսելու», որ որոշ կաբինետներում մտմտում են մեզ «պատժելու» եղանակները։ Ընդ որում՝ զգուշացրին, որ «հենց մեր դաշտի» միջոցով են «պատժելու»։ Շատ չանցած՝ տեղեկացանք, որ Վանաձորի հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով քննության առարկա դարձնել մեր հրապարակումը։



Բնականաբար, Սաքունցն իր արարքը բացատրեց նրանով, որ պահանջել է պարզել կատարվածը եւ պատժել մեղավորներին։ Սակայն հասկանալի էր, որ գործընթացն ուղղված է «Հրապարակը» պատժելուն։ Դրանից հետո ծավալված դեպքերի սոսկ շարադրանքը բավական է համոզվելու համար, որ հենց այդ խնդիրն է դրված, թերեւս նաեւ՝ Սաշիկ Սարգսյանին «անմեղ» հանելու խնդիրը։



Սաքունցի դիմումն ստանալուն պես մեր երիտասարդ դատախազն այն, չգիտես ինչու, ուղարկել է ոստիկանության ԿՀԴՊԳՎ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղից բաժնի պետի մակարդակով այցելեցին խմբագրություն եւ հարցաքննեցին «Հրապարակի» խմբագրին։ Բնականաբար, հարցերը բացառապես խմբագրություն այցելած կնոջը հայտնաբերելուն էին ուղղված։ Պարզ է, որ մենք մեր աղբյուրը չէինք բացահայտելու։ Մոտ մեկ տարի դատական ատյաններում պայքարեցինք, որ Նադարյանի գործով աղբյուրը չբացահայտենք, հիմա՝ առավել եւս։ Սակայն այս պարագայում գուցե իրավապահներին հենց դա էլ պետք էր՝ աղբյուրը չբացահայտենք եւ մենք հայտնվենք թիրախի կարգավիճակում։



Բայց տարրական տրամաբանությունն ու իրավունքի պարզ նորմերը պահանջում էին, որ քննությունն ընթանար ոչ թե «աղբը տնից հանողին» գտնելու, այլ կատարված միջադեպը բացահայտելու եւ ծեծողներին պատժելու ուղղությամբ։ Սակայն երբ մեկ շաբաթ հետո ԿՀԴՊԳՎ ներկայացուցիչը կրկին այցելեց խմբագրություն, զավեշտալի պատկեր ներկայացավ մեզ։ Ուրեմն մեկշաբաթյա ժամկետում ոստիկանության հետաքննիչները շրջել եւ հարցաքննել էին Թումանյան փողոցի օբյեկտների, շենքերի բազում բնակիչների՝ մոտ 40 հոգու, որոնք ասել էին, որ նման միջադեպ չեն տեսել, ոչինչ չգիտեն, ոչինչ չեն լսել։ Գտել եւ հարցաքննել էին այդ տարածքում բնակվող եւ շուն պահող կանանց, այդ թվում՝ նաեւ մեր աղբյուրին։ Բնականաբար, նրանք նույնպես հերքել էին, թե նման բան տեսել են։ Ապա իբրեւ թե դիտել էին այդ տեղանքում տեղադրված բազում տեսախցիկներից մի քանիսի տեսագրությունները։ Նկատենք, որ դեպքից մեկ ամիս անց պարզել էին, որ «տեսախցիկները ոչինչ չեն արձանագրել», եւ կրկին եկել էին խմբագրություն՝ նորից հարցնելու խմբագրություն այցելած տիկնոջ մասին։ Ամենահետաքրքիրն այն է, որ գոնե ձեւականորեն չէին հարցաքննել միակ հայտնի անձին՝ Սաշիկ Սարգսյանին, նրա թիկնապահներին, վարորդին, նրանց, ովքեր կարող են մասնակից եղած լինել նշված դեպքին։ Երբ ԿՀԴՊԳՎ ներկայացուցչին հարցրի, թե ինչու չեն հարցաքննել Ս. Սարգսյանին, ասաց՝ իսկ ինչո՞ւ հարցաքննենք, չկա դեպքը։ Իսկ եթե դեպքը չկա, հարց է ծագում՝ ինչո՞ւ եք նյութեր նախապատրաստում։ Բնականաբար՝ խմբագրություն այցելած կնոջը պարզելու եւ պատժելու համար։ Որ նաեւ ի ցույց դրվի հանրությանը՝ այլեւս չհամարձակվեք անգամ մամուլին պատմել իշխանավորների արարքների մասին։



Մինչ դատախազությունն ու ոստիկանությունը ձեռք ձեռքի տված փորձում էին հայտնաբերել խմբագրություն այցելած «անհնազանդին», Սահմանադրական դատարանը մի որոշում կայացրեց՝ մամուլի տեղեկատվական աղբյուրների պաշտպանվածության վերաբերյալ, եւ սեւով սպիտակի վրա արձանագրեց այն, ինչ միջազգային իրավանորմերով ֆիքսված է վաղուց՝ մամուլի տեղեկատվական աղբյուրները կարող են բացահայտվել միայն դատական կարգով, միայն ծանր հանցագործությունները կանխելու եւ ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին արդարացնելու համար։ Ինչպես հասկանում եք, Սաշիկ Սարգսյանի մասին պատմող մեր աղբյուրին հայտնաբերելը չէր կարող մտնել այս դեպքերից ոչ մեկի մեջ։ Ուստի մենք կարծեցինք, որ իրավապահները, այսպես ասած, «ձեռ կքաշեն» մեզնից ու մեր աղբյուրից։ Սակայն 2 օր առաջ պարզվեց, որ մերոնք համառ են, տգետ են եւ ագրեսիվ։



ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոնի քննչական բաժնից ստացված ծանուցագիրը «Հրապարակի» գլխավոր խմբագրին հրավիրում էր հարցաքննության ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված թիվ 61205315 քրեական գործով։



Այսինքն, ԿՀԴՊԳՎ-ն մոտ մեկ ամիս անիմաստ գործողություններ իրականացնելուց եւ մի ծավալուն գործ կազմելուց զատ, չի բավարարվել նախապատրաստված նյութերով գործը մերժելու որոշմամբ, ավելի առաջ է գնացել եւ քրեական գործ է հարուցել։ Եվ այն էլ հարուցել է ոչ թե ծեծի դեպքով, այլ սուտ մատնության։ Այսինքն՝ էս գլխից որոշել են, որ կատարվել է սուտ մատնություն։ Ոչ թե իրենք են վատ քննություն կատարել՝ միտումնավոր թաքցնելով ու կոծկելով կատարվածը, այլ քաղաքացին է սուտ մատնություն կատարել։



Այս իրավաբան կոչվածները, փաստորեն, ամեն օր օրենքի «հերն անիծում են»՝ նման որոշումներով։ Մինչդեռ իրավաբանականի առաջին կուրսի ուսանողին անգամ հայտնի է, որ սուտ մատնությունն այն է, երբ մարդը կանխամտածված կերպով, ուշադրություն դարձրեք՝ ոչ թե մոլորության մեջ, ոչ թե սխալմամբ, այլ միտումնավոր, դիմում է իրավապահ համակարգին՝ ոստիկանություն, դատախազություն, քննչական կոմիտե։ Եվ անձին մեղադրում է քրեական հանցագործության մեջ, որը նա չի կատարել։ Ընդ որում, այդ հայտարարությունն անելիս նախապես զգուշացվում է, որ սուտ մատնության դեպքում քրեական պատասխանատվություն է հասնում։ Սա էլ դեռ ոչինչ, աբսուրդն այն է, որ քրեական գործը հարուցվել է «անհայտ անձի» նկատմամբ։ Սուտ մատնություն է արել մեկը, որը չկա, չի հայտնաբերվել, բնության մեջ գոյություն չունի։



Եվ սա անում են իրավաբանները, իրավապահ համակարգի ներկայացուցիչները, ովքեր ռիսկ չեն անում անգամ Սաշիկ Սարգսյանից մի քանի տողանոց բացատրություն վերցնել եւ կցել գործին, որով գոնե ֆորմալ կհերքի իր մասնակցությունն այս միջադեպին։ Մենք, անշուշտ, անհավանական ենք համարում, որ վերջինս այնքան ազնվություն կունենա, որ կասի՝ եղել է նման բան, բայց երբ իրավապահներն այդ նվազագույն համարձակությունը չունեն, դա շատ բանի մասին է խոսում։ Առաջին հերթին խոսում է այն բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, որը ձեւավորվել է մեր երկրում։ Խոսում է իշխանության մեջ գտնվողների անպատժելիության, անձեռնմխելիության մասին։ Եվ խոսում է այն մասին, որ օրենքը ոմանց ձեռքին ընդամենը մահակ է՝ անպաշտպան քաղաքացիների դեմ։ Այդ դեպքում պետք չէ զարմանալ, որ խմբագրություն այցելած տիկինը վախենում է իր անունն ասելուց, որ ծեծված երիտասարդը լռում է ու չի բողոքում, որ դեպքին ականատես մարդիկ սարսափահար ժխտում են իրենց աչքի տեսածը, իսկ ՀԿ ղեկավարը բարձր իշխանությունների պատվերն է կատարում։



Արմինե ՕՀԱՆՅԱՆ