Ընդունիչ սարքերի առաջին խմբաքանակը ճանապարհին է

Ընդունիչ սարքերի առաջին խմբաքանակը ճանապարհին է

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու ժամկետը, ըստ օրենքի, թեեւ լրանում է հունվարի 1-ին, բայց շուրջ 130 հազար անապահով քաղաքացիներից եւ ոչ մեկն ապահովված չէ ընդունիչ սարքերով։ Առաջին խմբաքանակն արդեն ձեռք է բերվել, թե ոչ, եւ ինչ ընթացքի մեջ է անապահով քաղաքացիներին տրամադրելու գործընթացը, «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն մրցույթ է հայտարարվել՝ սոցիալապես անապահով քաղաքացիներին ընդունիչ սարքերով ապահովելու նպատակով։



«Մրցույթ հայտարարել ենք շատ ավելի մեծ քանակության համար, քան ՀՀ եւ ԼՂՀ անապահով խավի գրանցված քաղաքացիներն են։ Արդեն կատարվել է մեր կողմից առաջին փոխանցումը 48 հազար 733 կցորդ Հայաստան ներկրելու վրա, հիմա գործընթացի մեջ է, հաղթող կազմակերպությունն զբաղված է մատակարարման խնդիրներով։ Դեռեւս ապրանք Երեւանում չի մատակարարվել, բայց տեղյակ ենք, որ բեռները ճանապարհին են»,-իր խոսքում ընդգծեց Ամալյանն ու հավելեց, որ դժվարանում է ասել, թե երբ բեռները կհասնեն Երեւան, դա հատկապես կապված է եղանակային պայմանների հետ, բայց քանի որ մրցույթով սահմանափակված են նաեւ ժամկետները, ապա կարծում է, որ մոտակա ժամանակներում կլինի։ Ինչ վերաբերում է անապահով քաղաքացիներին ընդունիչ սարքերը տրամադրելու գործընթացին, ապա նկատեց, որ իրենց իրավասության շրջանակում միայն այդ ապրանքի ձեռքբերման կազմակերպումն է եւ այն փոխանցելը ԱԻՆ-ին. համաձայն կառավարության որոշման, բաշխումն իրականացվելու է ԱԻՆ-ի կողմից։ 



Գրիգոր Ամալյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյա՞կ է, որ Սուրենավան գյուղում (օրերս մեր խմբագրություն ահազանգել էին գյուղացիները) արդեն անհասանելի է հեռուստաեթերը, բացառությամբ 1-2 հեռուստաալիքի։ «Սուրենավան գյուղում ընկալման ենթակա են ոչ միայն 18 երեւանյան հեռուստածրագրեր թվային ֆորմատով, այլեւ հեռարձակվում են այն հեռուստածրագրերը, որոնք հեռարձակվել են։ Ամբողջ հեռուստածրագրերը չէ, որ մեր հիմնարկն է հեռարձակում, որովհետեւ մասնավոր հեռուստաընկերություններից շատերն իրենք են իրենց ծրագրերը հեռարձակում, եթե որեւէ մասնավոր հեռուստաընկերություն դադարեցրել է այնտեղ հեռարձակումը, մենք կարող ենք եւ տեղյակ չլինել եւ չենք առնչվում դրան։ Սուրենավանից մեզ որեւէ բողոք չի հասել, եւ մեր տեխնիկական կազմը Սուրենավանից որեւէ ահազանգ՝ սարքավորումների չաշխատելու կամ ծրագրերի պակասեցնելու մասին, չի ստացել»,-նշեց նա, ապա նկատեց, որ երբեմն լինում են դեպքեր, երբ անհատ քաղաքացու տանը խնդիր կա իր ալեհավաքի, մալուխի կամ հեռուստացույցի հետ։ Դրա հետ կապված՝ ստանում են նույնիսկ գրավոր բողոքներ, որտեղ քաղաքացին ասում է, որ ամբողջ գյուղում կամ տարածքում չկա ազդանշան, բայց երբ գնում են ստուգում, պարզում են, որ ամեն ինչ նորմալ է։ Վերջին դեպքը եղել է Գեղարքունիքի մարզում, երբ տեխնիկական խնդիրը տանը վերացնելով՝ հարցին լուծում են տվել։