Հետո կգա Նոր տարին, ու հանրահավաքներն իրենք իրենց կվերանան

Հետո կգա Նոր տարին, ու հանրահավաքներն իրենք իրենց կվերանան

«Ինչքան էլ ցավալի է խոստովանել, ամեն անգամ կրկնվում է նույն պատմությունը. կեղծվում են ընտրություններ, քվեարկություններ, հնչում են նույն մեղադրանքները, որոնք մեծամասամբ արդարացի են, բայց որեւէ բան չի փոխվում». այս կարծիքը հայտնեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի արդյունքներին։ Բաբայանը դժվարանում է ասել, թե որքանով են ներկայացված թվերը (63.35%-ը՝ «այո», 32.35%-ը՝ «ոչ») համապատասխանում ժողովրդի իրական տրամադրություններին, բայց կարծում է, որ հիմնական խախտումներն արվել են այնտեղ, որտեղ չեն կարողացել ապահովել դիտորդների, հանձնաժողովի անդամների առկայությունն ու բարեխիղճ աշխատանքը. «Սրա վրա պետք է դարձնել մեծ ուշադրություն, որովհետեւ անձամբ ես հոգնել եմ ամեն անգամ նույն պատմություններից՝ իշխանությունը հայտարարում է մի արդյունք, նրանք, ովքեր դեմ են, ասում են, որ սա բացարձակապես սուտ է, բայց չեն կարողանում վստահ, մեծ քանակությամբ համոզիչ ապացույցներ բերել եւ, որպես հանգամանք, որն արդարացնում է դա, բերում են հետեւյալ խոսքերը՝ մենք վախեցած էինք, մենք մարդ չունեինք... Ես կարծում եմ՝ եթե ուզում ես մի բանի հասնել եւ դուրս ես գալիս շատ կազմակերպված պետական ապարատի ճնշման դեմ, նախեւառաջ պետք է հաղթահարես այդ վախը կամ գոնե կարողանաս ապահովել վախը հաղթահարած գրագետ մարդկանց քանակ, որոնք կարողանան գոնե այս ամեն ինչը շատ ճիշտ արձանագրեն, հակառակ դեպքում, բացի օդը թափահարելուց, մենք ոչ մի բան չենք ստանա, 2 տարուց հետո կլինեն նոր ընտրություններ՝ նույն սցենարով։ Ինչ-որ բան պե՞տք է փոխվի այս սցենարի մեջ, դերակատարներից գոնե մեկը պե՞տք է փորձի փոխել իր դերակատարումը, այլ ոչ թե մշտապես ուրախանա իր ճնշված, ջարդված, խաբված վիճակից»։ 



Ռուբեն Բաբայանի կարծիքով, գուցե ազգային դիմագիծ է դարձել մեր ցավի մեջ ուրիշներին մեղադրելը. թեկուզ շատ հաճախ արդարացի, բայց մյուս կողմից էլ բացարձակապես չենք խոստովանում, որ գուցե մեր արածի մեջ էլ ինչ-որ բան այդքան լավ չի եղել. «Սեփական կարգավիճակն իդեալականացնելը եւ սեփական սխալները չտեսնելը միշտ բերում է նրան, որ նույն պատմությունը կրկնվում է, կարծում եմ՝ մարդիկ արդեն ձանձրանում են դրանից, ինչ-որ բան պետք է փոխել, եւ փոխել կարելի է միայն կազմակերպչական լուրջ աշխատանքով»։



Այն, որ ընդդիմությունը չունի ռեսուրսներ, ըստ նրա, գուցե նրանից է, որ չի զբաղվում կազմակերպչական աշխատանքով. «Ես չեմ կարծում, որ այստեղ միայն ֆինանսական հարցն է, այստեղ նաեւ գաղափարական հարց է, թե ընդդիմությունը ո՞ր գաղափարի շուրջ է ուզում հավաքել մարդկանց։ Եթե գաղափարները լինեն հետաքրքիր, առաջընթաց ապահովող, քաղաքակրթական, այլ ոչ թե զուտ մերժողական՝ «սրանք սրիկաներ են, մարդասպաններ» հայտարարություններով, մարդիկ կհամախմբվեն, որովհետեւ միայն այս հին գաղափարները, մոտեցումները միտինգներում արդեն չեն աշխատում։ Սա պետք է խոստովանել եւ իրականությունը տեսնել։ Այսքան քաջ հայհոյանքների փոխարեն, որ լցված է սոցցանցը, այդ քաջությունը պետք է դրսեւորել տեղամասերում։ Լուրջ քայլեր է պետք անել առաջին հերթին կազմակերպչական տեսանկյունից։ Եթե դու քաղաքական ուժ ես քեզ հռչակում, ապա պետք է հասկանաս, որ սա լուրջ աշխատանք է, եւ այդ ընտրությունը ոչ թե սկիզբն է, այլ ավարտն է քո լուրջ աշխատանքի։ Եթե մինչեւ դա լուրջ չես աշխատել՝ մարդկանց համախմբելու, քո գաղափարները քարոզելու, հավատարիմ մարդկանց շրջապատ ստեղծելու, ովքեր չեն վախենա, չեն կաշառվի եւ կփորձեն ամեն ինչ օրինականության սահմանում լուծել, եւ ամեն ինչ թողնում ես վերջին օրվա կամ վերջին շաբաթների վրա, պարզ է, որ արդյունքը սա կլինի»։



Ռուբեն Բաբայանը ցավում է, որ չի տեսնում այդ ուղղությամբ տարվող լուրջ աշխատանք, եւ այն, որ հասարակության մեծ մասն անտարբերություն է ցուցաբերում, ինչ-որ չափով արդարացված է. «Պետք չէ մեղադրել հասարակությանը, մենք չենք տալիս այն նոր հետաքրքիր գաղափարները, որոնք կառաջացնեն հետաքրքրություն։ Այն, ինչ մենք առաջարկում ենք, բազմիցս բերել է փակուղի, մարդիկ, ռեալ մտածելով, չեն ուզում հերթական անգամ մտնել փակուղի։ Նույն սցենարն է ստացվում նաեւ այս դեպքում. հանրահավաքները կտեւեն մի քանի օր, եթե իշխանությունը խելոք գտնվեց, չի ցրի այդ հանրահավաքները, հետո կգա Նոր տարին, հանրահավաքներն իրենք իրենց կվերանան... սրանով հարցը չի լուծվի։ Չի կարելի ամբողջ հույսը դնել միայն հանրահավաքների վրա, առավել եւս, որ տեսնում ենք՝ դրանք անարդյունավետ են։ Մեղադրանքները, վիրավորանքներն ամենահեշտ ճանապարհն են՝ հետո՞։ Այնպիսի տպավորություն է, որ ուրիշ նպատակ չի էլ դրվում. վերջերս իմ մոտ մի կասկած է առաջացել, որ ցանկություն էլ չկա այդ շրջապատն ստեղծելու, հույսը դրվում է, որ ինչ-որ մի հրաշքով, մի գեղեցիկ օր ասենք թե կվերցնենք իշխանությունը, տեղի կունենա հերթական առնետավազք, եւ բոլոր նրանք, ովքեր ժամանակին կոմունիստներից տեղափոխվեցին ՀՀՇ, հետո ՀՀՇ-ից՝ Հանրապետական եւ այլն..., նույն վազքով կգան, էլի կլցվեն մեր շարքերը, ու մենք կկարողանանք կառավարել այս երկիրն արդեն մեր ուզած ձեւով, բայց դա ճիշտ ձեւ չէ։ Դու պետք է ունենաս համապատասխան կադրեր, այլ ոչ թե հույսդ դնես այդ առնետավազքի վրա, որովհետեւ եթե այդ ռեսուրսը չունես, դա արդեն առնետավազքն է, ուրիշ հույս չկա»։



Գրող Ռուբեն Հովսեփյանը քվեարկել է նույն ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է Սերժ Սարգսյանը։ Ասում է՝ երբ շենքի մի քանի բնակիչների հետ կանգնած է եղել հերթի մեջ, մի ամբողջ շարք անծանոթ դեմքեր է նկատել, մինչդեռ նույն թաղամասի մարդիկ գոնե դեմքերով իրար ճանաչում են։ «Իրար հետ խոսում էինք ու ասում՝ էս ի՞նչ տարօրինակ դեմքեր են, հետո, երբ մոտեցանք սեղանին, պարզվեց, որ նրանք բոլորը Փարաքարից են, ու ամեն մեկի ձեռքին մի գրություն կար։ Մի ամբողջ բրիգադ էր դա, չգիտեմ՝ շինարարական բրիգադ էր, գործարանում էին աշխատում, ինչ էին անում... ամեն դեպքում, այդպիսի մի տարօրինակ բան կար։ Փարաքարն այդքան հեռու չէ, կարող էին եւ այնտեղ ընտրել, բայց եկել այստեղ էին ընտրում՝ չգիտես թե ինչու...,-մեզ հետ զրույցում ասաց Հովսեփյանն ու նկատեց, որ չի հավատում հրապարակված այդ թվերին։- Գուցե «այո»-ն էլի հաղթեր, բայց... ես չեմ հավատում ոչ թե արդյունքին, այլ թվերին, ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ, անպայման խախտումներ եղել են, նկարահանումներ եղել են, մի խոսքով՝ ամեն ինչ եղել է, բայց քանի որ ինքս հետաքննող չեմ եւ չեմ բռնացրել ոչ մեկի, իմ տպավորությունն եմ ասում․ մի 20-30 հոգի էին՝ սուսիկ-փուսիկ կանգնած, եւ բոլորը Փարաքարից էին»։



Ինչ վերաբերում է մարդկանց հուսահատությանը, ապա ժողովրդի մեջ դա արդեն կա՝ ելնելով բոլոր ընտրությունների փորձից։ «Մենք շատ ենք ժողովրդին քծնում, երբ պետք է լինում, ասում ենք՝ մեր ժողովուրդը... բայց մեր ժողովուրդն է, չէ՞, այս ամեն ինչն անում։ Ի վերջո, եթե իշխանությունն ուզում է «այո» լինի, եւ «այո» է անում, ժողովրդի միջոցով է անում, չէ՞։ Այդ բոլոր խախտումները, որ ցույց էին տալիս, ո՞ւմ միջոցով էին անում, հո Լուսնից չե՞ն գալիս այդ մարդիկ, Փարաքարն էլ է, չէ՞, մեր ժողովուրդը, մեր հայերը չե՞ն, այդ փողերը, որ բաժանում են, դրանք վերցնող կա, չէ՞։ Բաժանող ասենք թե կա, բայց վերցնողն է կարեւոր, որովհետեւ վերցնում է ու դրա դիմաց ինչ-որ գործ է անում։ Այդ բոլոր բաները, որ տեսնում եմ, մեր ժողովրդի վրա էլ վստահ չեմ։ Ես ոչ թե իշխանության, ընդդիմության վրա վստահ չեմ, այլ մեր ժողովրդի վրա։ Մի խոսքով, շողուլից ընկել է ժողովուրդը»,-իր խոսքը եզրափակեց Հովսեփյանը։