Չմեղադրեք խնդրում եմ այս գյուղին, որ հարյուր տոկոսով «Այո» է ասել

Չմեղադրեք խնդրում եմ այս գյուղին, որ հարյուր տոկոսով «Այո» է ասել


Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում սահմանադրական հանրաքվեին մասնակցած 822 ընտրողները միաբերան «այո» են ասել իշխանության նախաձեռնությանը, պաշտոնական տվյալներով դեմ քվեարկածների թիվը 0 է։



Տեսանյութն եմ նայում, լսում գյուղացիների կարծիքը, Աստված վկա, չասեք թե իմ ծննդավայր Գորիսի գյուղն է, պաշտպանում եմ: Մամուլում գյուղի հասցեին հնչող քննադատության փոխարեն մի ներքին սարսափ եմ զգում:



Սարսա՜փ:



Ոնց որ քո երեխային փոխե՜ն, ուրիշին տան:



Գուցե դուք չկարողանաք կարդալ, բայց ես այնպե՜ս եմ կարդում նրանց ծամածռված ժպիտները, երկակի աչքերի խաղը, շրթունքների միմիկան:



Հոգեբանական խեղում. Գիտե՞ք դա ինչ բան է: Երբ մարդու գլխով ուրիշ բան չի անցնում, համակերպվում է ամեն ինչի հետ: Որովհետև նրա գլխում այլևս տեղ չկա՝ նորը ընդունելու… Մտածում է, որ ընտրությունը կամ ընդհանրապես ցանկացած փոփոխություն ոչ մի լավ բան չի բերելու:



...Իսկ թե որն է դրա պատճառը, ինքներդ դատեք, իսկ թե ով կամ ովքեր են «դոմիկում ապրող մարդուն» հասցրել այդ վիճակին, էլի ձեզ եմ թողնում:



Խնձորեսկը Մխիթար Սպարապետ է տվել, միայն մեկն եմ հիշեցնում: Մխիթար Սպարապետ: Գյուղում ամփոփված նրա աճյունն անգամ ուժ տալու զորություն ունի, իսկ գյուղացիներն այնպես հուսահատ էին, անու՜ժ…



Բոլորը համարյա նույնն էին ասում.



-Վեր «Ոչ» ասացինք, հի՞նչն ա փուխվիլու:



Այսինքն՝ «Ոչ» -ի, «Այո»-ի դեպքում էլ նույն վիճակն է լինելու: Նու՜յնը: Թող ոնց կա, էդպես էլ մնա: Ի՞նչը մարդուն հասցրեց այդ մտածողությանը, ի՛նչը...



Որպես սահմանամերձ գյուղ անգամ չի ճանաչվել, ինչպես մեկն է ասում.



-Հենե՜, թորքի սահմանը,- ձեռքով ցույց է տալիս,- բայց դե հինչ անենք սահմանամերձ չենք:- թող գոնե տա անեն:



Մի կին էլ ասում է.
- Տհենց էլ «Այո» կիրեցինք, ասացինք վեր պանա Սահմանադրությունը անցնի, պան անի, էտ պանավ…



ՀԳ Գուցե դժվար է ինձ հասկանալը, բայց աշխարհից, մարդկությունից կտրված գյուղացու թշվառությունը խնդրում եմ զգացեք:



Զգացեք եմ ասում, հասկանալը դժվար է:



Հասմիկ Բաբաջանյան