2016-ը կապիկի տարի է, բայց ոչ կապիկության

2016-ը կապիկի տարի է, բայց ոչ կապիկության

Ամփոփելով 2015 թվականը՝ իշխանության ներկայացուցիչները երեք հիմնական հաջողություն նշեցին՝ ԵՄ հետ բանակցությունների նոր փուլի մեկնարկ, ԵՏՄ անդամակցություն և նոր սահմանադրության ընդունում: Եթե ուրիշ խոսքերի փնտրտուքի մեջ չընկնենք, այս երեք «հաջողությունները» ընդամենը երեք փուչիկ են: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրա առանձին ուժեր նույնիսկ այդ երեք փուչիկը չունեն:



Միով բանիվ ստացվում է, որ 2015 թվականը, եթե մի բանով էլ աչքի ընկավ կամ առանձնացավ մնացած անիմաստ տարիներից, որոնք մենք անկախության տարիներ ենք անվանում, ապա դա Ցեղասպանության 100-ամյակի իրոք աննախադեպ միջոցառումներն էին, որոնք Հայաստանին առաջընթաց չբերելով հանդերձ, առնվազն քարոզչական մի յուրատեսակ հարթակ ապահովեցին Հայաստանի համար՝ հետագայում էլ հայոց պահանջատիրությունն առաջ տանելու համար:



Իսկ ինչո՞ւ ենք ասում, որ մյուս «հոջողությունները» փուչիկ են: Պատասխանը պարզ է՝ դրանք մեր ձեռքբերումները չեն: Ոչ թե մենք ենք տվել ԵՄ հետ բանակցությունների նոր փուլի մեկնարկը, այլ ԵՄ-ն, ոչ թե մենք ենք մտել ԵՏՄ, այլ մեզ մտցրել են այդ կառույցը, եվ վերջապես՝ ոչ թե մենք ենք հղացել նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը, այլ, ինչպես նախագահն ասաց, իրեն տեսանելի մարտահրավերներն են ստիպել գնալ այդ քայլին: Իսկ եթե հանրապետականները հաղթանակ են համարում այն հանրաքվեն, որ հորով-մորով արվեց, ապա դա իրենց այսպես ասած, պրոբլեմն է: Եվս մեկ այդպիսի հաղթանակ գալիք 2017թ. ընտրություններում, և նույնիսկ այն երեք փուչիկները կպայթեն, որոնք նկարել էին 2015-ը ամփոփելիս:



2016-ը, աներկբա է, կլինի քաղաքական ակտիվության տարի: Իշխանությունը կփորձի այդ ակտիվությունը հնարավորինս խորհրդարանում պահել, որովհետև խորհրդարանում նա ակնհայտ առավելություն ունի ընդդիմության նկատմամբ, ինչպես նաև մանևրելու անհամեմատ մեծ հնարավորություններ: Փողոցում հակառակ պատկերն է՝ իշխանության լեզուն կարճ է, սոցիալական խնդիրների լուծման մասին երգերն այլևս հավատ չեն ներշնչում, այստեղ կան ուժեր, որոնց հետ իշխանությունները կարողանում են հարաբերվել բացառապես ոստիկանական մահակների օգնությամբ:



Այս իրավիճակում իշխանությունը կփորձի, քաղաքական ակտիվությունը, իսկ ավելի ճիշտ քաղաքական աղմուկը վերաբեռնել խորհրդարանում՝ ընտրական օրենսգրքի և մյուս օրենքների բարեփոխումների շուրջ՝ որպես նպատակ հայտարարելով դրանց համապատասխանեցումը նոր սահմանադրությանը: Այս միջոցառումներն, անշուշտ կարևոր են, բայց ընդդիմությունը մեծագույն սխալ կգործի, եթե մտնի իշխանությունների հետ արհեստական բանավեճերի հորձանուտը և մոռանա իր բուն անելիքի՝ ուժերը համախմբելու, կազմակերպվելու, հանրության հետ անկեղծ շփումներ սկսելու մասին: ԱԺ-ում կրակոտ ելույթները, բարձրախոսները զայրացած ծռմռելը, սրամտություններ փոխանակելը արդեն այն էֆեկտը չունեն: Եթե կուզեք՝ պետք է մեծահոգաբար հենց իշխանությանը թողնել օրենքները փոխելու ծանր աշխատանքը: Կարիք չկա խորանալու ամեն ստորակետի ու վերջակետի, ամեն խուճուճ ձևակերպման, ընտրությունները վերահսկելու համար չգիտես ինչ այլմոլորակային դիտորդներ ու դիտորդական կազմակերպություններ ներգրավելու, տեխնիկա ներդնելու և նման հարցերի մեջ: Այդ ամենը կուտ է, որ իշխանությունը մեծահոգաբար մեջտեղ է բերում գզվռտոց հրահրելու համար, բայց, ինչպես ամեն անգամ համոզվում ենք՝ թե ամենասարսափելի դիտորդները, թե ամենաանկաշառ տեխնիկական միջոցները (օրինակ տեսախցիկ, թանաք, ծրար և այլն) արդյունքում ֆիքսում են իշխանությունների անվիճելի «հաղթանակները»:



Պետք է անել ընդամենը մեկ բան՝ հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակները: Սա ընտրության գաղտնիության հետ կապ չունեցող քայլ է, որ կզրկի իշխանություններին հիմնական զենքից՝ օդից ընկած քվեներից: Մնացած, արտաքուստ արտառոց թվացող խախտումները՝ գազելով տանել-բերել, ընտրակաշառք բաժանել, չգիտեմ՝ վախեցնելը, սպառնալը, ընտրատեղամասերում հանձնաժողովների կին նախագահների սարքած դեբոշներ, պարզապես ֆոն են, որոնց հետևում խնամքով թաքցվում է բուն ընտրախախտումը՝ «աշխատանքը» ընտրացուցակների հետ:



Ընտրությունների 100 տոկոսով համամասնական համակարգը միանգամայն այլ աշխատանք է ենթադրում հանրության հետ: Այս ուղղությամբ, կարելի է ասել, ընդդիմությունն արդեն իսկ առավելություն ունի: Եթե նայենք խորհրդարանում ընդդիմության և իշխանության զբաղեցրած տեղերը ցուցակներով անցած պատգամավորների գծով, կտեսնենք, որ ընդդիմությունը մի բան էլ գերազանցում է իշխանությանը: հետևաբար 2016-ին մեծ նշանակություն է ունենալու նաև նախընտրական ցուցակը, որով տվյալ քաղաքական ուժը ներկայանալու է հանրությանը: Սա վերաբերում է նաև ՀՀԿ-ին, որի նախորդ ցուցակը լիքն էր դհոլներով, գեներալներով, երգչիստներով, ժուռնալչիներով, տարատեսակ քամելեոններով, ինչու ոչ՝ ստահակներով, ժելեծ մազերով շոումեններով, պեդիկյուր անող նոր հայերով և այլ սբրոդով: Այս «հարստությամբ» այլևս անիմաստ է ընտրությունների գնալը, մանավանդ որ բերված ամեն մեկ տոկոսը հետո հսկայական նշանակություն է ունենալու իշխանություն ձևավորելու հարցում:



Ցուցակները մաքրելու խնդրի առջև է կանգնելու նաև ընդդիմությունը: Վերարտադրությունը կերել է նաև նրան, և ընդդիմության ցուցակներն էլ վաղուց պոզիտիվ դեմքերի և նոր ավյունի պակաս ունեն: Արհեստական ճակատներն ու իշխանության մի հատ «փըխկ»-ից ցիրուցան լինող միություններ կազմելը հարց չի կարող լուծել, կեղծ քաղաքագիտական վերլուծությունները սպառել են իրենց, առանձին ընդդիմադիր գործիչներ ծաղրուծանակի են վերածել հարթակները: Եվ նրանցից շատերը, եթե իսկապես շահագրգռված են իշխանափոխության հարցում, պարզապես պետք է հեռանան քաղաքականությունից՝ մնացածի ձայները չփոշիացնելու համար:



Էդիկ Անդրեասյան